Կոտայքի մարզում շահագործվող Մեղրաձորի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա պարզելու նպատակով չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում է քիմիական աղտոտվածության հետազոտություն հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Մեղրաձոր բնակավայրում:
Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Չեխ մասնագետները փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մեղրաձորցիների այգիներից, մազերից և մեզից:
«Մարդիկ մտահոգ են, որ կարող են ենթարկվել բացահանքերի, լցակույտերի ազդեցությանը: Մեր խնդիրն է պարզել՝ հանքարդյունաբերական օբյեկտներն ինչ վնաս են հասցնում մոտակա բնակավայրերին, ռիսկի ինչ գոտում են ապրում մարդիկ», - ասաց «Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն:
Փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայի Ուստի-նադ-Լաբ քաղաքում գտնվող սերտիֆիկացված լաբորատորիայում: «Լաբորատորիան մեզ պաշտոնական արձանագրություն է տրամադրելու: Մենք հետազոտության արդյունքները վերադարձնելու ենք տեղի բնակիչներին, ովքեր հետագայում կարող են օգտվել մեր տվյալներից մաքուր շրջակա միջավայր ունենալու իրենց իրավունքի պաշտպանության ժամանակ», - նշեց Վալերիա Գրեչկոն:
«Մենք անում ենք այն, ինչը վաղուց պետք է աներ մեր պետությունը: Մարդիկ պետք է հասկանան՝ ինչ շրջակա միջավայրում են ապրում, ինչ ազդեցություն կա իրենց առողջության վրա: Մեղրաձորի ոսկու հանքավայրը պարունակում է ծանր մետաղներ, որոնք չեն կորզվում, գնում են որպես արդյունաբերական թափոններ: Հանքարդյունաբերական ընկերությունն ունի պարտավորություններ բնակիչների հանդեպ, և այդ պարտավորությունների մասին բնակիչները պետք է իմանան և պահանջեն իրականացնել դրանք: Մեր խնդիրն է բարձրացնել բնակիչների տեղեկացվածության մակարդակը վտանգների վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, երբ հանքարդյունաբերական համայնքներում մարդիկ տեղեկացված են լինում, նրանք անտարբեր չեն մնում և բարձրացնում են իրենց ձայնը», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մեղրաձորի կանայք բողոքում են. «Մոլորված ենք, մեր անասունները սատկում են, 10 ոչխար ունեինք, 10-ն էլ սատկեցին, շատերի կովերն ու հորթերն են սատկել: Մենք մտածում ենք, որ խոտից է, հանքի տարածքին մոտ է խոտհարքը, այդտեղից ենք բերում, հնարավոր է հանքի փոշուց է աղտոտվում, չգիտենք…Զգում ենք, որ մեր առողջության վրա կա ազդեցություն, կա փոփոխություն, բայց չգիտենք՝ ինչից է…Գյուղի կանանց մեծ մասը ուռուցքներով է տառապում, մարդիկ հիվանդ են, բայց չգիտեն՝ ինչից է…Համայնքի 60 տոկոսը հանքում է աշխատում: Հենց մի քանի օրով հանքն ուզում են փակեն, բոլորը բունտ են անում: Մարդիկ ստիպված են իրենց առողջության հաշվին իրենց եկամուտն ապահովել»:
«Այստեղ կա սոցիալական անարդարություն: Բնակիչների մյուս 40 տոկոսը կրում են իրենց վրա հանքավայրի ազդեցությունը, սակայն շահույթ չեն ստանում, - ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, - բնակիչները պետք է ունենան առողջապահական ապահովագրություն, իսկ դրա համար պետք է ապացուցել, որ տվյալ գործունեությունն ազդեցություն ունի մարդու առողջության վրա»:
Մեղրաձորի բնակիչ Սամվել Հայրապետյանը պատմեց. «Ես մտել եմ հանքի թունելի մեջ, տեսել եմ, որ այնտեղից ջուրն արտահոսում է: Դա նշանակում է, որ ընդերքային ջրերը տեղ են գտնում և դուրս են գալիս թունելախորշից, ինչի հետևանքով ջրի մակարդակն իջնում է: Աղբյուր կար, տեղը գիտեի, հիմա չկա այդ աղբյուրը, պայթեցումների հետևանքով փախել, կորել, գնացել է այլ ուղղությամբ: Այս ձորով նախկինում առու էր հոսում, այդ առվում առաջ անգամ մանր ձկներ էին բազմանում, իսկ հիմա ձորում ջուր չկա, ոչինչ չկա»: Սամվել Հայրապետյանի ընտանիքն արմատներով Մեղրաձորից է. «Այստեղ ապրել են իմ պապերը, հիմա էլ ես եմ ապրում: Հողամաս եմ մշակում, տարբեր տեսակի ծառեր և բույսեր ունենք, տնկիների աճեցմամբ ենք զբաղվում: Մենք ունենք շահերի լուրջ բախում: Գյուղացիներից շուրջ 200 հոգի հանքում է աշխատում: Նրանք չեն ցանկանում, որ բնապահպանական հարցեր բարձրացվեն, որովհետև իրենց եկամտի միակ աղբյուրը հանքում աշխատանքն է: Նրանք էլ են գիտակցում, որ վնաս է, բայց, ելնելով իրենց շահերից, դեմ են, որ բնապահպանական հարցեր բարձրացվեն»:
Ըստ Սամվել Հայրապետյանի՝ գործադիր և օրենսդիր մարմինները պետք է փորձաքննություններ անցկացնեն՝ պարզելու համար հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությունն ու վտանգավորությունը:
Մեղրաձորի բնակիչ Դերենիկ Խաչատրյանի անմիջապես տան վերևի հատվածում լցված են հանքավայրի լցակույտերը:
«1994 թ-ից ապրում եմ Մեղրաձորում, մեծ ընտանիք ունեմ, 8 հոգի ենք, 4-ը՝ երեխաներ: Երբ հողերը բաժանել են, մեզ այստեղ է բաժին հասել: Մեր հողերը հանքավայրից եկող ջրով ենք ոռոգում. հանքից դուրս է գալիս, կանալով գնում է, խողովակներով վերցնում, բերում, ոռոգում ենք անում: Պատահում է՝ պղտոր է լինում ջուրը, պատահում է՝ մաքուր է լինում: Եթե իմանանք, որ այդ ջրի մեջ վտանգավոր բաներ կան, չենք ոռոգի: Մենք ուզում ենք իմանալ՝ մարդու առողջությանը վնաս կա՞, թե՝ ոչ: Ուզում ենք մեր երեխաներն առողջ մեծանան», - ասաց Դերենիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ չեխական «Առնիկա» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները 2018-2021թթ-ին քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններ են անցկացրել Լոռու մարզի Թումանյանի շրջանում՝ քարտեզագրելով աղտոտված տարածքները:
Այդ ուսումնասիրություններն օգնել են գնահատել շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա Ալավերդու պղնձաձուլարանի, Շամլուղի պղնձի հանքավայրի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի՝ իր երեք պոչամբարներով, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի, կոմբինատի և պոչամբարի, Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի, գործարանի և պոչամբարի, Մղարթի ոսկու հանքավայրի և պոչամբարի աղտոտման ազդեցության աստիճանը: Ներկայացված վերլուծությունը հիմք է հանդիսացել տարածքների վերականգնման համար պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված կոնկրետ առաջարկների համար:
«Մենք արդեն ունենք տվյալների ապացուցողական մեծ բազա այն մասին, որ հանքարդյունաբերական տարածքներում մարդկանց օրգանիզմում իսկապես առկա են վտանգավոր տարրեր, որոնք կուտակվում են օդի, ջրի, մթերքի միջոցով: «Առնիկա»-ն ունի եվրոպական լուրջ մակարդակ, և այս հետազոտությունների արդյունքները կարող են դառնալ տեղի բնակիչների համար լավ գործիք իրենց իրավունքների պաշտպանության գործում», - նշեց Ինգա Զարաֆյանը:
«Բնակիչները, ովքեր մասնակցել են ուսումնասիրություններին և փորձանմուշներ են տրամադրել, կստանան պաշտոնական փաստաթուղթ՝ կնիքով արձանագրություն, որով նրանք կարող են դիմել համապատասխան հաստատություն իրենց իրավունքների պաշտպանության համար», - նշեց Վալերիա Գրեչկոն:
«Մենք ընդլայնում ենք մեր ուսումնասիրությունների աշխարհագրությունը՝ քարտեզագրելով նոր աղտոտված տարածքներ: Քարտեզը ցույց է տալիս տվյալ ազդակիր բնակավայրում աղտոտման կետերում իրականացված փորձաքննության արդյունքները, աղտոտող նյութերը, ինչ ռիսկեր են դրանք առաջացնում, ինչ վտանգներ կարող են ունենալ», - ասաց Օլեգ Դուլգարյանը:
Հոկտեմբեր 03, 2022 at 14:33