«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն ավարտվեց. Ի՞նչ արդյունքներ ունենք

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն ավարտվեց. Ի՞նչ արդյունքներ ունենք

Ավարտվեց շուրջ երկու տարի տևած «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որի արդյունքները, ընթացքում ստեղծված ռեսուրսները, ձեռքբերումները և ձևավորված փորձը ներկայացվեց 2022թ. օգոստոսի 18-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ծրագիրն իրականացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոն (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» (Սոսե) ՀԿ-ների հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Ծրագիրը բաղկացած է եղել հինգ կոնսորցիումից:

«Աշխատանքային իրավունքներ» ծրագրի կոնսորցիումն իրականացրել  է աշխատանքային պայմանագրերի ոլորտում հետազոտություն, հանրային իրազեկում ոչ-պայմանագրային հարաբերությունների ռիսկերի մասին: 

«Հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն քաղաքականություն» ծրագրի կոնսորցիումն իրականացրել է ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փոքր տների մոդելի ուսումնասիրություն ու ոլորտում քաղաքականության բարելավման առաջարկություններ: 

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու պետական գնումներ» ծրագրի արդյունքում կատարվել է հանրային գնումների օրենսդրության, քաղաքականությունների և իրականացման գործընթացի համապարփակ հետազոտություն, մշակվել են գնումների քաղաքականությունների բարեփոխումների 12 առաջարկների փաթեթներ: 

«Մարդու անվտանգություն Սյունիքի ՏԻՄ ռազմավարությունում» ծրագրի թիրախը Սյունիքի մարզում մարդու անվտանգության հարցերն էին, որոնց ուսումնասիրության շնորհիվ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու անվտանգային իրավիճակը պահպանելու համար։ 

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի թիրախ 6 համայնքների համար ստեղծվել են սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ, որոնցում վեր են հանվել համայնքների սոցիալ-էկոլոգիական ռիսկերն ու առաջնայնությունները: Այս ծրագրի կոնսորցիումի անդամ էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունները: Օգոստոսի 9-ի նիստում Օձունի համայնքի ավագանին միաձայն ընդունեց «Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը հաստատելու և համայնքի հնգամյա զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի ներառման մասին» N51-Ա որոշումը: Այս արդյունքի մասին առանձնահատուկ նշվեց նաև միջոցառման ժամանակ:

ԵՀՀ ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանն ասաց, որ նման արդյունքի հասնելն իրենց համար բոնուս է: Թվարկելով ավագանու կողմից ընդունված որոշման մեջ ներառված գործողությունների կետերը՝ Գայանե Մկրտչյանը նշեց. «Կոնսորցիումն այս կարողությունը պետք է դարձնի քրտանաջան աշխատանք, շարունակի աշխատել, որպեսզի այս կետերից յուրաքանչյուրը դառնան գործ, ծրագրեր ու բնակիչներն իրենց վրա զգան դրանց դրական հետևանքները»:

Անդրադառնալով ԴԱՏԱ ծրագրի արդյունքներին՝ Գայանե Մկրտչյանը նշեց. «Այստեղ կա փաստահենություն և հիմնավորվածություն, միջազգային փորձի ներդրում ունեցանք, համայնքային կազմակերպությունների առաջնորդության և հեղինակության զգալի աճ: Ծրագրի ընթացքում ստեղծել ենք հսկայածավալ թվով քաղաքականություններ»:

ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ասաց, որ ի սկզբանե նման արդյունք չէին ակնկալում. «Հսկայական քանակության աշխատանք է կատարվել, որը դժվար էր պատկերացնել կորոնավիրուսի և պատերազմի ժամանակ: Մեր գործընկեր հինգ կոնսորցիումներն օլիմպիական օղակների պես համախմբված կարողացել են այս ծրագիրն իրագործել, որովհետև մեծ խանդավառություն կար: Դրա համար մի քանի պատճառներ կային. 2018թ. ապրիլյան գործընթացները, հետո ի հայտ եկած դժվարությունները, մեր գործընկերների՝ դրանք հաղթահարելու ձգտումը: Չնայած պատերազմին՝ մեծ էր ցանկությունը փոփոխություն բերելու և բարելավելու կյանքը»: Ըստ նրա՝ ԴԱՏԱ ծրագրի հաջող իրագործման համար նախադրյալը նախկինում իրականացված ծրագրերն էին. «Հսկայական փորձ էր կուտակվել, մի շարք գործիքներ էին ստեղծվել և հաջորդ փուլն այն էր, որ քաղհասարակության կազմակերպությունները ոչ միայն պիտի իրենց գործընթացները բարելավեին, այլև՝ պիտի կարողանային ազդել պետության վրա, և գտնեին լավագույն ձևն այդ ազդեցության համար»: Անդրադառանալով ծրագրի ավարտից հետո հնարավոր գործողություններին՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանն ասաց, որ իրականացված մեծ աշխատանքն ու ստեղծված գործիքներն անկախ հետագա աջակցությունից կտրամադրվեն հասարակությանը, նրա կողմից կսկսվի օգտագործվել: «Չնայած այս ծրագիրն ավարտվեց, բայց դրա վերաբերյալ արձագանքն ու արդյունքների օգտագործումը դեռ նոր-նոր է սկսվում»,- նշեց նա: 

Ծրագրի դոնոր և համաստեղծող, ԱՄՆ ՄԶԳ-ի գործող տնօրեն Ռեբեկա Վայթը բարձր գնահատեց ԵՀՀ-ի կողմից Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը միտված ծրագրի իրագործումը:

Ելույթներին հաջորդեց պանելային քննարկումը, որի ժամանակ ծրագրի մասնակից-կազմակերպությունների ղեկավարները խոսեցին ծրագրի ձեռքբերումների և ընթացքում վերհանված խնդիրների մասին:

Այնուհետ ցուցադրվեց ծրագրի ընթացքում ստեղծված քաղաքականությունների գործընթացի արժեշղթայի մասին պատմող «Տվյալների ճանապարհով» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից հետո հինգ կոնսորցիումների լիդ-կազմակերպությունների ղեկավարները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը, «ՀԿ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը, «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ավետիք Մեջլումյանը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ներկայացրին, թե ծրագրի ընթացքում ինչ հաջողություններ են գրանցվել ու ինչ դասեր են քաղել իրենց հետագա գործունեությունը բարելավելու համար: 

Օլեգ Դուլգարյանը նշեց, որ ծրագրի խնդիրներից մեկը թիրախ համայնքներում առկա սոցիալական լարվածությունն էր բնակիչների, ՏԻՄ-երի և հանքարդյունաբերական ընկերությունների միջև, ինչպես նաև՝ երկխոսության բացակայությունը: «Բացակայում էր համայնքի սոցիալ-էկոլոգիական կառավարումը կամ քաղաքականությունը: ՏԻՄ-երը լավ չէին պատկերացնում իրենց էկոլոգիական խնդիրների խորությունը, և թե ինչպես պետք է այդ խնդիրները լուծել»,- նշեց նա: Արձանագրելով ծրագրի հիմնական արդյունքները՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունները պարունակում են տվյալներ համայնքի սոցիալ-էկոլգիական վիճակի, հիմնական ռիսկերի և զարգացման հնարավորությունների մասին: «Մշակվել են կոնկրետ սկզբունքներ՝ համայնքների համար իրենց տեսլականների հետ կապված, առաջնային ծրագրերը, քայլերը, որոնք ուղղված են համայնքում սոցիալ-էկոլոգիական մթնոլորտը բարելավելուն: Դրանք  ներկայացվել են համայնքների ավագանիներին, դիտարկման փուլում են, իսկ Օձունի ավագանին արդեն հաստատել է քաղաքականությունը: Բացի այդ, ազգային մակարդակում որոշակի գործընթացներ են ընթացել: Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունից եկած կարիքները ներկայացվել և քննարկվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի և Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում, որոշ դիտարկումներ ներառվել են կամ դեռևս քննարկման փուլում են»,- նշեց նա:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին նաև ծրագրի ընթացքում ստեղծված հսկայածավալ ռեսուրսները: Մասնավորապես, Ծրագրի շրջանակներում «Բուն» TV-ի կողմից ստեղծվել են հաղորդաշարեր ու փոդքաստներ: Մյուս ռեսուրսները տեղեկատվական ուղեցույցներն են: Առաջինը հանրային խնդրի բացահայտումից մինչև քաղաքականության մշակման, երկրորդը՝ սոցիալական հետազոտության էթիկական ուղինեշների, երրորդը՝ քաղաքականության փաստաթղթի մշակման մասին է: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը. հնարավորություններ և եղանակներ» ձեռնարկը դասընթացի մոդուլն է: Ներկայացվեցին նաև ԴԱՏԱ ծրագրի ընթացքում իրականացված երկու հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկա վիճակին, դրանց առջև ծառացած մարտահրավերներին և փոփոխվող դերին: 

Օգոստոս 22, 2022 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր