

Բնապահպանները նոր պաշտպան ունեն: 2022թ. հունիսի 23-ին Օրհուսի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա) Կողմերն արտահերթ նստաշրջանում ընտրեցին բնապահպանների հարցերով աշխարհում առաջին հատուկ զեկուցողին՝ ֆրանսիացի իրավապաշտպան Միշել Ֆորսթին:
«Առաջադրվել էր չորս թեկնածու, երեքը՝ եվրոպական երկրներից, մեկն՝ ասիական: Միշել Ֆորսթը կոնսենսուսով ընտրվեց բնապահպանների իրավունքների պաշտպան»,- ասաց Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը:
Բնության պահապանների պաշտպանի դերն անհապաղ միջոցներ ձեռնարկելն է՝ պաշտպանելու ցանկացած անձի, ով կենթարկվի պատժի, հետապնդման կամ ոտնձգության Օրհուսի կոնվենցիայով նախատեսված իր իրավունքներն իրականացնելիս, նշեց Մարի Չաքրյանը: Նրա խոսքով՝ Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կողմերը պետք է ապահովեն, որ կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքները կիրարկող անձինք ներգրավվածության համար չպատժվեն, չհետապնդվեն կամ ոտնձգությունների չենթարկվեն: «Այնուամենայնիվ, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու այլ շահագրգիռ կողմեր արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ բնապահպանները ենթարկվել են հետապնդման, ծանր տուգանքների, աշխատանքից ազատման, սպառնալիքների և ահաբեկման, քրեականացման, կալանավորման, բռնության, նույնիսկ սպանության»,- նկատեց նա:
Ըստ Մարի Չաքրյանի՝ Global Witness-ն արձանագրել է, որ 2012-2020թթ. ամբողջ աշխարհում սպանվել է 1539 բնապահպան ակտիվիստ, բայց համարում են, որ թիվը չի արտահայտում իրական պատկերը՝ տեղեկատվության սղության պատճառով:
«2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմերի 24-րդ նստաշրջանում նշվել էր, որ բնապահպանների նկատմամբ ոտնձգությունների և բռնությունների դեպքերը հազվադեպ չեն: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորի՝ 2019թ. սպանված մարդու իրավունքների հարցերով զբաղվող յուրաքանչյուր երկրորդի գործունեությունը կապված է եղել համայնքային մակարդակում հողի ու շրջակա միջավայրի վրա բիզնես գործունեության ազդեցության հետ, աղքատության ու բնիկ ժողովուրդների իրավունքների հետ»,- ասաց նա:
ԷկոԼուրի այն դիտարկմանը, թե հատուկ պաշտպանի առկայությունն ինչպես է անդրադառնալու բնապահպանների ոտնահարված իրավունքների վերականգնմանը կամ խախտումների մասին բարձրաձայնելուն՝ Մարի Չաքրյանն արձագանքեց. «Ի տարբերություն շրջակա միջավայրի պաշտպանների վերաբերյալ ներկայիս նախաձեռնությունների, որոնք փորձում են խնդիրը հանրայնացնել մամուլի հաղորդագրությունների և հայտարարությունների միջոցով, Օրհուսի կոնվենցիայի արագ արձագանքման մեխանիզմն ունի իրավական հիմք և չի պահանջում, որ նախ սպառվեն իրավունքի պաշտպանության ներպետական միջոցները: Հասարակության ցանկացած անդամ, Օրհուսի կոնվենցիայի ցանկացած Կողմ կամ քարտուղարությունը կարող է բողոք ներկայացնել Բնապահպանների իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին»:
Հարցին, թե երբվանից է հնարավոր համապատասխան բողոքները հասցեագրել նոր պաշտպանին՝ նա նշեց. «Նոյեմբերի 23-ին նախատեսվում է առցանց ձևաչափով հանդիպում, որտեղ Միշել Ֆորսթը կներկայացնի իր աշխատանքի մանրամասները, թե ինչպես դիմել իրեն, ինչպես է գործելու և այլն»:
Հուլիս 25, 2022 at 14:25