

Օրհուսի կոնվենցիայի («Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիա) Կողմերի Հայաստանի վերաբերյալ կայացված VII/8a որոշման կատարման գործողությունների պլանը 2022թ. հունիսի 30-ին ուղարկվել է Համապատասխանության կոմիտեին: Այս մասին «ԷկոԼուրին» հայտնեց Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը:
«2021թ. հոկտեմբերին Օրհուսի կոնվենցիայի կողմերի 7-րդ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ կայացված VII/8a որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է վերանայեր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերը և հանրության մասնակցության հարցերը՝ ժամկետներ, որոշումների կայացմանը հանրության ներգրավում, ինչպես նաև ՀԿ-ների դատարան դիմելու իրավունքը: Չորրորդ կետով դատավորների վերապատրաստման հարցն էր՝ օրենսդրական բարեփոխումներից տեղյակ լինելու համար: Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն պահանջել է Կողմերից, որ իրենք ներկայացնեն թերությունները շտկելու և Կոնվենցիային համապատասխանեցնելու գործողությունների պլան: Պահանջվում էր, որ պլանի մշակման գործընթացները լինեն հնարավորինս մասնակցային»,- նշեց Մարի Չաքրյանը: Նրա խոսքով՝ այդ նպատակով պլանի նախագիծը դրվել էր թե՛ Շրջակա միջավայրի նախարության կայքում, և թե՛ մասնագիտական աշխատանքային քննարկումներ էին կազմակերպվել:
Հունիսի 16-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակեպվել էր հերթական քննարկումը հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչների հետ. պլանի նախագծի կոնկրետ կետերի հետ կապված հավաքագրվել էին առաջարկություններ և դիտողություններ: Հանդիպմանը մասնակցել էին Մարի Չաքրյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Օլիմպիա Գեղամյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Սիլվա Այվազյանը, «Դալմա-Սոնա» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Այդ հանդիպմանը հաջորդել են ևս մի քանի քննարկումներ: «Ներքին շրջաբերական ենք ունեցել: Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում պլանը լրամշակվել է, համաձայնեցվել Արդարադատության նախարարության հետ: Բոլոր կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելով՝ փորձել ենք կոմպրոմիսային տարբերակ ունենալ: Մանրամասն ու հստակ պլան ենք ներկայացրել: Դեռևս Համապատասխանության կոմիտեից ոչ մի առաջարկություն կամ առարկություն չենք ստացել պլանի վերաբերյալ: Եթե դիտողություններ լինեն, մեզ կտեղեկացնեն: Հուսով ենք, որ մեր ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու մեր առաջարկած գործողություններն ընդունելի կլինեն»,- նշեց Մարի Չաքրյանը:
Նա ընդգծեց, որ մինչև 2024թ. հոկտեմբեր ամիս պլանում ներառված գործողությունները պետք է կատարված լինեն և զեկուցվեն Կոնվենցիայի քարտուղարությանը:
Հուլիս 14, 2022 at 12:07