ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մաքուր և առողջ միջավայրի հասանելիությունը հայտարարեց մարդու համընդհանուր իրավունք

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մաքուր և առողջ միջավայրի հասանելիությունը հայտարարեց մարդու համընդհանուր իրավունք

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022թ. հուլիսի 28-ին ընդունել է շրջադարձային բանաձև, որը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը հռչակում է որպես մարդու համընդհանուր իրավունք: Փաստաթղթին աջակցել է 161 երկիր։ Ութ պետությունների պատվիրակություն, այդ թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել։

Գլխավոր ասամբլեայի բանաձևը հիմնված է նախորդ տարի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված տեքստի վրա։ Այն կոչ է անում պետություններին, միջազգային կազմակերպություններին և բիզնեսին ակտիվացնել ջանքերը՝ մոլորակի բոլոր բնակիչների համար առողջ միջավայր ապահովելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է այս պատմական որոշումը։ Նրա կարծիքով, այս կարևոր իրադարձությունը ցույց է տալիս, որ անդամ պետությունները կարող են համախմբվել՝ պայքարելու կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման ճգնաժամի դեմ։

«Սա միայն սկիզբն է»

«Բանաձևը կօգնի փակել շրջակա միջավայրի պահպանության հարցում բացերը և կընդլայնի մարդկանց, այդ թվում՝ բնապահպանական իրավապաշտպանների, երեխաների, երիտասարդների, կանանց և բնիկ ժողովուրդների հնարավորությունները», - նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Անտոնիո Գուտերեշը հավելել է, որ Գլխավոր ասամբլեայի որոշումը կօգնի պետություններին արագացնել շրջակա միջավայրի պահպանության և մարդու իրավունքների ոլորտում իրենց պարտավորությունների կատարումը։ ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բանաձևի ընդունումը «միայն սկիզբն է» և կոչ է արել երկրներին մաքուր, առողջ և կայուն միջավայրի հասանելիության իրավունքը դարձնել «իրականություն բոլորի համար, ամենուր»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, ողջունելով Գլխավոր ասամբլեայի որոշումը, կրկնել է Գլխավոր քարտուղարի կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պարտավորությունների կատարման համար:

Որոշում ամբողջ մոլորակի համար

Բանաձևի տեքստում, որն ի սկզբանե ներկայացրել էին Կոստա Ռիկան, Մալդիվները, Մարոկկոն, Սլովենիան և Շվեյցարիան անցած տարվա հունիսին, ասվում է, որ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը սերտորեն կապված է գործող միջազգային օրենսդրության հետ: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը, բնական ռեսուրսների անխոհեմ օգտագործումը, օդի, հողի և ջրերի աղտոտումը և դրա հետևանքով կենսաբազմազանության կորուստը խոչընդոտում են մաքուր շրջակա միջավայրի իրավունքի իրացմանը: Բնապահպանական վնասն իր հերթին հանգեցնում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի բացասական հետևանքների՝ մարդու բոլոր իրավունքների արդյունավետ իրացման համար:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդի կարծիքով՝ Գլխավոր ասամբլեայի որոշումը կփոխի մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը։

«Կառավարությունները տասնամյակներ շարունակ խոստացել են մաքրել շրջակա միջավայրը և պայքարել կլիմայական արտակարգ իրավիճակների դեմ, սակայն առողջ շրջակա միջավայրի օրինականորեն ամրագրված իրավունք ունենալը հիմնովին փոխում է իրավիճակը: Կառավարությունից բնապահպանական օգնություն «մուրալը» կփոխարինվի պահանջներով»,- ընդգծել է հատուկ զեկուցողը:

Կեսդարյա ճանապարհ

Առաջին միջազգային ֆորումը, որը բնապահպանական խնդիրները դրեց միջազգային օրակարգում, Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի կոնֆերանսն էր, որը տեղի ունեցավ 1972թ. Ստոկհոլմում: Նրա աշխատանքը ավարտվեց հռչակագրի ստորագրմամբ, որը նշանավորեց երկխոսության սկիզբը արդյունաբերական զարգացած և զարգացող երկրների միջև տնտեսական աճի, օդի, ջրի և օվկիանոսների աղտոտվածության և ամբողջ աշխարհի մարդկանց բարեկեցության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ թեման:

Ստոկհոլմում ՄԱԿ-ի անդամ երկրներն առաջին անգամ հայտարարեցին, որ մարդիկ հիմնարար իրավունք ունեն «այնպիսի միջավայրի, որը թույլ կտա նրանց վարել արժանապատիվ և բարեկեցիկ կյանք»:

2021թ. հոկտեմբերին, կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար երկրների տասնամյակների աշխատանքից հետո, Մարդու իրավունքների խորհուրդը վերջապես ճանաչեց այս իրավունքը և կոչ արեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անել նույնը:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի այս մարմինների կողմից առողջ շրջակա միջավայրի իրավունքի ճանաչումը կծառայի որպես կատալիզատոր ամբողջ աշխարհում բնապահպանական ակտիվության համար և հնարավորություն կտա հասարակ մարդկանց պատասխանատվության կանչել իրենց կառավարություններին:

Հուլիս 29, 2022 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր