Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի բնակավայրերը թիրախավորելու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի բնակավայրերը թիրախավորելու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փաստահավաք առաքելությունն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից, որտեղ Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ «Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ: 

ՀՀ օմբուդսմեն Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացվել նաև այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։ Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաև նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու և սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր։ «Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։ Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։ Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Սեպտեմբեր 14, 2022 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր