

Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ միաձայն մերժեց «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի՝ Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերեվակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 տարով երկարաձգելու հայտը։
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում կայացած հանրային լսումների ժամանակ տեղի բնակիչները բարձրաձայնեցին գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին և իրենց առողջությանը սպառնացող վտանգները։ Բնակիչները պահանջեցին չեղյալ համարել հանրային լսումները։
Հիշեցնենք, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների համար դրական եզրակացությունը տրվել է 2022 թվականին, չնայած նրա, որ ծրագրին դեմ էին արտահայտվել Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգիս համայնքի բնակիչները։
Հիշեցնենք, որ Վարդենիսի հանքերևակման տարբեր տեղամասերում 2012 թ-ից սկսած որոնողահետախուզական աշխատանքներ է տարել «Գեոմայնինգ» ՍՊԸ-ն: Ընկերությունն առանձնացրել էր երեք հեռանկարային տեղամաս՝ Արծիվ, Արջուկ, Հազբի: 2019 թ-ին «Գեոմայնինգ»-ը ցանկանում էր շարունակել բազմամետաղների որոնումը հանքերևակման մոտ 195 կմ2 կամ 19.483.56 հեկտար տեղամասում, որը գտնվում էր Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում: Սակայն Ծովինար համայնքում նախաձեռնած հանրային քննարկման ժամանակ տեղացիները թույլ չտվեցին անցկացնել լսումներ և մերժեցին հայտը:
«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թ-ին: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ 2022 թվականին ընկերությունն ուներ երկու սեփականատեր․ ՀՀ քաղաքացի Լիլիթ Արամյանը՝ 15 տոկոս բաժնեմասով և Ավստրալիայի քաղաքացի Մուր Դեննիս Ջեյը՝ 85 տոկոս բաժնեմասով: 2023 թվականից սկսած ընկերության 99 տոկոս բաժնետոմսերը վերապահվում են ՀՀ քաղաքացի Լիլիթ Արամյանին։ Մնացած 1 տոկոսի սեփականատերը հայտնի չէ։
Հոկտեմբեր 27, 2025 at 14:43
