Բնակիչները պահանջում են չեղյալ համարել Վարդահովիտում անկացված հանրային լսումը

Բնակիչները պահանջում են չեղյալ համարել Վարդահովիտում անկացված հանրային լսումը

2025թ․ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում կայացան հանրային լսումներ՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028թ․ երկարաձգելու հետ կապված։ 

Լսումներն ընթացան լարված մթնոլորտում։ Ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Լսումների մասնակիցները տարակարծիք էին գործունեության հետագա ճակատագրի վերաբերյալ։ Դեմ արտահայտվող քաղաքացիները բարձրաձայնում էին գյուղատնտեսությանն ու իրենց առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները։ Մարզպետարանի ներկայացուցիչները հանդես եկան Վայոց ձորի մարզում զբոսաշրջության և խաղողագործության ոլորտներում իրականացվող պետական ներդրումային ծրագրերի մասին, քաղհասաարակության ներկայացուցիչները բարձրացրին նաև մարզի ջրային ռեսուրսների աղտոտման ռիսկերը։ Հանքարդյունաբերական գործունեությանը կողմ բնակիչները հիմնականում նշում էին աշխատատեղերի խնդրի մասին։ 

Լսումների ընթացքում Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրության, արդյունահանման, շահագործման դեմ աշխատանքային  նախաձեռնող խմբի և շահագրգիռ քաղաքացիների անունից նախաձեռնության անդամ Հայկ Իսախանյանը Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին փոխանցեց դիմում-նամակ, որում ներկայացված են  առարկություններ և մտահոգություններ հանքարդյունաբերական գործունեության հնարավոր հետևանքների վերաբերյալ։  

Դիմում-նամակը հասցեագրված էր նաև Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ին։

Դիմում-նամակի մեջ մասնավորապես նշված է․ 

««ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից 2025թ. սեպտեմբերի 18-ի ժամը 12։00-ին Վայոց  ձորի  մարզի Եղեգիս  խոշորացված  համայնքի Վարդահովիտի վարչական տարածքում  Վարդենիսի բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանական  ուսումնասիրության և հանքարդյունաբերության գործունեության Շրջակա միջավայրի  նախարարության 09․12.2022թ. պետական փորձաքննական եզրակացության ԲՓ № 0185-22 ժամկետը երկարացնելու վերաբերյալ ազդակիր բնակավայրերի և շահագրգիռ հանրության առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք հանրային լսման  անբաժանելի մասն են:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ և ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Վայոց ձորի մարզը ճանաչվել է գլոբալ տաքացման թիրախային մարզերից մեկը, ջրային  ռեսուրսների ռացիոնալ կառավարումը դարձել է խիստ անհրաժեշտ, օրհասական և  կենսական անհրաժեշտություն:

Վայոց ձորի մարզն ունի երեք հիմնական ջրային ավազան, որոնք ապահովում են խմելու և  ոռոգման ջրերի պահանջները, ջրամբարների բացակայության պատճառով հսկայական  ջրային ռեսուրսներ հոսում են մարզից դուրս:

Ջրային ավազաններն են՝

  1. Արփա գետի վերին հովիտ՝ Ջերմուկի տարածաշրջան
  2. Արփա գետի Եղեգիս վտակի վերին հովիտ՝ Վարդահովիտի տարածաշրջան
  3. Թեք Սար-Վայոց Սար, Արփա–Եղեգիս գետերի ջրահավաք ավազան

Վարդահովիտի վարչական տարածքում ցանկանում են իրականացնել երկրաբանական ուսումնասիրություն և հանքարդյունաբերություն։ 

Հանքարդյունաբերական ենթակառուցվածքները պետք է գտնվեն ծովի մակերևույթից 2000-2500 մ բարձրության վրա, որտեղից սկիզբ են առնում Վայոց ձորի բնակչության խմելու և  ոռոգման ջրերը:

Վայոց ձորի մարզը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, վիճակագրությունը ցույց է տալիս,  որ մշտապես եղել են հզոր երկրաշարժեր և ջրհեղեղներ:

Վարդահովիտի ուսումնասիրվող հանքավայրերի հարևանությամբ՝ 100-600 մետր խորությամբ, անցնում է Արփա-Սևան ջրատարը, ջրատարի շրջակա տարածքների, լեռների  գրունտային ջրերը լցվում են Արփա-Սևան ջրատար, թափվում են Եղեգիսի կիրճ և Սևանա  լիճ:

Հանքարդյունաբերությունը Վայոց ձորի և Սևանի ավազանի շրջակա միջավայրի և  մարդկության համար մեծ ռիսկեր են պարունակում:

ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԻԿԼՈՎ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՎՆԱՍՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ

. Տարածքների կայուն և հարատև թունավորում, որի հետևանքով դառնալու են  օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն, տարածքների առմիշտ կորուստ

. Հազարավոր տարիներ թափոնների՝ դատարկ ապարների և պոչանքի կառավարում, որը  մեծ գումարներ է պահանջում

. Ջրի ծավալների նվազում, ջրային համակարգի թունավորում, վտանգվելու է Արփա,  Եղեգիս գետերի և Սևանա լճի մաքրությունը

. Տեղանքի երկրաբանական կառուցվածքի ձևափոխում, խաթարում

. Բուսականության կորուստ

. Վայրի կենդանիների կորուստ

. Բնակչության ապրելու միջավայրի որակի անկում. երկրագործության, խաղողագործության, գինեգործության և անասնապահության արտադրանքի նվազում և  որակի անկում

. Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական իրավիճակի նվազում, արտագաղթ,  բնակավայրերի ամայացում

Խորհրդային Միության տարիներին կառավարությունը գիտեր Վայոց ձորի մետաղների  տեսակների և քանակության մասին և հանքարդյունաբերությունն ինչպիսի ազդեցություն  կունենա շրջակա միջավայրի վրա և, հաշվի առնելով ժողովրդի, պետության շահը, կանխատեսվելիք վնասները մարդկության և շրջակա միջավայրի վրա անդառնալի  կորուստների ծավալների մեծությունը, հանքերը չեն շահագործվել: Շահագործման  դեպքում նախկին Եղեգնաձորի և Վայքի շրջանների բնակիչներն ամբողջությամբ պետք  է  տեղափոխվեին այլ տարածաշրջան:

Վայոց ձորն ամբողջությամբ գտնվում է Վեդի-Վայք ուրանային հանքաշերտի վրա, ցանկացած մետաղական հանքարդյունաբերություն ուղորդվում է ռադիոակտիվության ֆոնի ակտիվացմամբ:

Այսօր ինքնիշխան պետության պայմաններում հանքարդյունաբերության ոլորտում պետության և ժողովրդի շահերը երկրորդականացված, նույնիսկ անտեսված են, այդ քաղաքականությունը նպաստում է ժողովրդի ունեցվածքը նվիրել մի քանի անհատների։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետագայում այդ ընկերությունները բաժնետոմսերը վաճառում են արտասահմանյան ընկերությունների:

1971թ. ստեղծվել է Եղեգնաձոր-Եղեգիս պետական պահպանվող բնապահպանական  արգելավայրը 4200 հեկտար տարածքով, որն ամրագրվել է ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի 1059-Ա որոշմամբ: 

Վայոց  ձորը հարուստ է 5-12-րդ դարերի պատմամշակույթային եզակի կոթողներով՝  Գլաձորի համալսարան և թանգարան, եկեղեցիներ, վանքեր, բերդեր, խաչքարեր:

Հանքերի շահագործման դեպքում կվտանգվի անասնապահությունը, այգեգործությունը, գինեգործությունը, սննդի արտադրությունը, ագրո և էկոտուրիզմը, և հյուրատնային  բիզնեսը, որում այսօր ընդգրկված է մարզի 25 հազար բնակիչ:

«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել 2025թ. սեպտեմբերի 18-ին  կայանալիք հանրային լսմանը հանքավայրի համառոտ նկարագիրը և իրադրության  սխեման:

«ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ն երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների Շրջակա միջավայրի նախարարության 09․12.2022թ. պետական փորձաքննական  եզրակացության ԲՓ № 0185-22 ավարտին չի հրապարակել կատարված  ուսումնասիրության արդյունքները՝ մետաղների տեսակների պարունակության,  հանքաքարում միացությունների ձևերի և այլ տեղեկություններ, ինչն ամրագրված  է  օրենքով:

Չունենալով այդ ուսումնասիրությունների արդյունքները՝ մենք չենք կարող հիմնավորված  համարել ուսումնասիրության ժամկետը երկարաձգելու պահանջը:

Եղեգիսի խոշորացված համայնքի կայքում հրապարակված հայտարարությունը չի համապատասխանում իր կողմից վկայակոչված օրենքներին, բացակայում է հանրային լսում բառը և սխալ է գրված անցկացվող համայնքի անվանումը:

Մենք գտնում ենք, որ Եղեգիս խոշորացված համայնքի և «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊ ընկերության՝ որպես նախաձեռնող, անցկացվելիք հանրային լսումը, թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ենթակա է չեղարկման, առաջարկում ենք տալ բացասական եզրակացություն»:

Սեպտեմբեր 19, 2025 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր