


Սեպտեմբեր ամսին Հայաստան ժամանեց չեխական «Առնիկա» կազմակերպության թիմը։ «Առնիկան» «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից։
«Առնիկա» կազմակերպությունը զբաղվում է քիմիական աղտոտվածության և անվտանգության խնդիրներով, աջակցում անցում կատարել դեպի կանաչ, մաքուր, առողջության համար անվտանգ գործունեության։ «Առնիկան» միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ է։ Ի թիվս Հայաստանի, «Առնիկան» աշխատել է Վրաստանում, Թաիլանդում, Հոլանդիայում, Ղազախստանում, Ռումինիայում, Սերբիայում, Ուկրաինայում։ Հայաստանում «Առնիկան» համայնքներին է փոխանցում արդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխման չեխական փորձը։

«Մեր ծրագիրը կենտրոնացած է Սյունիքի և Լոռու մարզերի վրա, քանի որ այդտեղ տեղացիների և ակտիվիստների կողմից կա պահանջ՝ պարզելու արդյունաբերական աղտոտվածության մակարդակը։ Արձագանքելով այդ պահանջին՝ մենք ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի և մարդու վրա արդյունաբերական աղտոտվածության ազդեցությունը, տրամադրում ենք կոնկրետ տվյալներ, որոնք կարող են լինել փաստական հիմք տեղացիների համար՝ պաշտպանելու իրենց իրավունքները», - ասաց «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի համակարգող Գրեգորի Մալյուկովը։

«Առնիկայի» փորձագետները վերցնում են փորձանմուշներ և կենսանմուշներ, որոնք հետազոտվում են սերտիֆիկացված լաբորատորիաներում Չեխիայում։ «Մեր առաքելությունն է պաշտպանել բնությունը և առողջ միջավայր ապահովել ապագա սերունդների համար: Մեր փիլիսոփայությունն է՝ աղտոտվածությունը չունի սահմաններ։ Մենք նայում ենք ապագային գլոբալ առումով», - նշեց Գրեգորի Մալյուկովը։
«Առնիկայի» համահիմնադիր, շրջակա միջավայրի փորձագետ Հինդրիխ Պետրլիկը նշեց, որ «Առնիկան» Հայաստանում աշխատում է 2010 թվականից։ «Այստեղ իրականացրել ենք ծրագիր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ՝ կապված ժամկետանց թունաքիմիկատների պահեստներում ԴԴՏ-ով աղտոտվածության ուսումնասիրության հետ։ «Առնիկայի» առաջարկություններից հետո թունաքիմիկատները սկսել են պահեստավորվել փաթեթավորված տեսքով։ Ալավերդիում ուսումնասիրել ենք մետալուրգիական գործարանի ազդեցությունը, Լոռու մարզի պոչամբարների ազդեցությունը։ Սա բխել է տեղի բնակիչների պահանջից։ Նման հետազոտություններ մենք անցկացնում նաև Չեխիայում և այլ երկրներում։ Երբ մենք գալիս ենք մեկ այլ երկիր հետազոտություն անցկացնելու, մենք միշտ համագործակցում ենք տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ Մենք ունենք հնարավորություն ուղարկել նմուշներն անկախ լաբորատորիաներ ոչ միայն Չեխիայում, այլ նաև Գերմանիայում կամ Նիդեռլանդներում։ Նման հնարավորություն բոլոր երկրներին չէ հասանելի», - նշեց Հինդրիխ Պետրլիկը։

Սյունիքի և Լոռու մարզերի հանքարդյունաբերական շրջաններում «Առնիկայի» փորձագետները հանդիպեցին տեղի բնակիչների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին, քննարկեցին արդյունաբերական շրջանների կանաչ վերափոխման միջազգային փորձը։

Մանրամասները՝ Էկոլուրի հաջորդ հրապարակումներում։
Սույն hոդվածը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակում։
Հոկտեմբեր 02, 2025 at 16:17
