

Հոկտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայացավ ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգից հանվեց «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը երկու տարով (2026–2028 թթ.) երկարաձգելու համաձայնություն տրամադրելու» հարցը։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը նշեց, որ կա որոշակի տեղեկատվության պակաս և հստակ պատկերացում կազմելու համար փաստաթղթերի համալրման կարիք կա։

«Նախ և առաջ պետք է ուսումնասիրենք բոլոր փաստաթղթերը։ Այս հանքերևակմամբ զբաղվող ընկերությունը երկար տարիներ է գործում և արդեն ունի նմուշներ։ Պետք է հստակ հասկանալ՝ մինչ այժմ ի՞նչ մետաղներ են հայտնաբերվել, ինչ ծավալներով։ Վերջիվերջո, ավագանին է պատասխանատու համայնքի գույքի նկատմամբ և պետք է կարողանա գնահատել՝ նպատակահարմար է արդյոք թույլատրել կամ չթույլատրել։ Բացի այդ, կա նաև Եվրոպական բանկի նախնական ներդրում՝ շուրջ 15 միլիոն դոլարի չափով։ Համատեղելիության հարցն էլ պետք է նորից մանրամասն քննարկվի, որպեսզի ավագանին կարողանա օբյեկտիվ որոշում կայացնել», - ասաց Մարտիրոսյանը։

Քննարկման ընթացքում հնչեց նաև կարծիք, թե արտահերթ նիստի օրակարգից հարց հանել չի կարելի, քանի որ դա հակասում է օրենքին։ Սակայն Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանի նախաձեռնությամբ հարցը դրվեց քվեարկության։ Ձայների մեծամասնությամբ որոշվեց հանել հարցը նիստի օրակարգից։
Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ բնակավայրում կայացան հանրային լսումներ՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028թ․ երկարաձգելու հետ կապված։
Լսումներն անցան լարված մթնոլորտում։ Բնակիչները բարձրաձայնեցին գյուղատնտեսությանն ու իրենց առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների մասին։
Հոկտեմբեր 14, 2025 at 19:56
