Լարված քննարկում Գինեվետում՝ Կարմիրսարի կավակրաքարերի հանքի շահագործման վերաբերյալ

Լարված քննարկում Գինեվետում՝ Կարմիրսարի կավակրաքարերի հանքի շահագործման վերաբերյալ

2025թ․ հոկտեմբերի 13-ին Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ՕՐԴ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։

Բնակիչների և ականատեսների պատմելով՝ քննարկումը սկսվելուց առաջ տարածքում նկատվել է ոստիկանական ուժերի մեծ կուտակում։ Սկզբում հայտարարվել է, թե ներս կարող են մտնել միայն Գինեվետի բնակիչները, սակայն քաղաքացիների հակազդեցությունից հետո և իրավական հիմնավորումների արդյունքում թույլատրվել է մասնակցել բոլոր ցանկացողներին։

Քննարկման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները պարբերաբար ընդհատել են խոսք ունեցող քաղաքացիներին, իսկ հնչած հարցերին ամբողջական կամ հստակ պատասխաններ չեն տրվել։ Ըստ ներկաների՝ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հիմնականում շեշտադրել են ֆինանսական ներդրումների և աշխատատեղերի ստեղծման հարցը։

Նշենք, որ ընկերությունն  «Օրդ» անվամբ նախորդ տարի նույնպես դիմել էր Կարմիրսարի հանքում հանքարդյունահանում իրականացնելու համար, սակայն նախագիծը մերժվել էր Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 

Հանրային լսումների ընթացքում հնչել են օդի, ջրի և շրջակա միջավայրի աղտոտման վտանգների վերաբերյալ հարցեր, որոնց պատասխան չի տրվել։ Քաղաքացիներին թույլ չի տրվել ելույթներ ունենալ։ Պաշտոնական պատասխանների փոխարեն, ըստ ներկաների, հնչել են խոստումներ՝ «ջուր կբերենք, աշխատատեղեր կբացվեն, ներդրումներ կան»։

Ի վերջո, քննարկումը դադարեցվել է կազմակերպիչների պնդմամբ՝ «կրկնվող հարցերի» պատճառով։ Սակայն ներկաները նշում են, որ բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան

Վերջում բնակիչները բոյկոտել են լսումները՝ հայտարարելով, որ իրենց հարցերին պատասխան չեն ստացել և հանրային քննարկումը համարում են չկայացած։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հոկտեմբեր 14, 2025 at 19:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր