ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սույն թվականի օգոստոսի 1-ին բացասական եզրակացություն է տվել «Օրդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին։
Որպես մերժման հիմնավորում եզրակացության մեջ նշված է․
«ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Արարատի մարզի Վեդիի համայնքապետարանում և Գինեվետ բնակավայրում կազմակերպվել և իրականացվել են հանրային քննարկումներ։
4-րդ հանրային քննարկումն ուղեկցվել է բազմաթիվ մտահոգիչ ելույթներով և դժգոհություններով։ Հանրային քննարկման ընթացքում բարձրացված հարցերը վերաբերել են, մասնավորապես, արդյունահանման աշխատանքների ժամանակ ճանապարհների հնարավոր ծանրաբեռնվածությանը և մեքենաների գերբեռնված լինելուն արդյունահանվող, ինչպես նաև վերամշակվող հումքի սպառման կամ տեղափոխման հետ կապված սոցիալական հնարավոր ազդեցությունների առաջացումով:
Փորձաքննական գործընթացին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի, առողջապահության, ներքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, կադաստրի կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Արարատի մարզպետարանը։ Բոլոր դիտողությունները, առաջարկությունները, կարծիքները, ներառյալ փորձաքննական գործընթացում ստացված շահագրգիռ հանրության դիմում-բողոքները հաշվի են առնվել փորձաքննական եզրակացությունը կազմելիս։
ՇՄԱԳ հաշվետվությունը բազմաթիվ առաջարկություններով, դիտողություններով և փորձաքննական գործընթացում ստացված կարծիքներով ուղարկվել է «Օրդ» ՍՊԻ-ին՝ լրամշակման, սակայն ընկերության կողմից լրամշակված ՇՄԱԳ հաշվետվությունում առկա են մի շարք թերություններ և անհամապատասխանություններ, այդ թվում՝
1․ «4․2 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ» բաժնում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված գումարը ճիշտ չի ներկայացվել, քանի որ հաշվարկն իրականացնելիս հաշվի չեն առնվել Կառավարության 2021 թ․ օգոստոսի 18-ի «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» N1352-Ն որոշման, ինպես նաև կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման ,այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը հաստատելու մասին» N1848-Ն որոշման պահանջները։
2․ Հանքի փակման ծրագրում չի ներկայացվել (նաև չի լրամշակվել) օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ինչն Ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-ր մասի 6-րդ կետ բ․ ենթակետի պահանջ է։
3. ՇՄԱԳ-ում չի ներկայացվել հայցվող տարածքի հողերի նպատակային և գործառնական նշանակությունների վերաբերյալ ճշտված տեղեկատվություն, հայցվող տարածքի հողերը պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, բնակավայրերի (այգեգործական) նպատակային նշանակության հողամասեր են՝ համաձայն փորձաքննության գործընթացում կադաստրի կոմիտեի կողմից ստացված կարծիքի։
4․Չի շտկվել անհամապատասխանությունը հայցվող տարածքում մշտադիտարկումների կետերի, դրանց տեղադիրքերի և վայրերի վերաբերյալ՝ «Մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը» աղյուսակով նախատեսված մշտադիտարկումներին համապատասխան, ինչը կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N10 որոշման հավելվածի 9-րդ կետի պահանջ է։
5. Արդյունահանվող հումքի իրացման հետ կապված ՇՄԱԳ-ում եղել է տեղեկատվության անհամապատասխանություն։ Համաձայն հաշվետվության՝ օգտակար հանածոն նախատեսվում է իրացնել տեղում, սակայն հանրային քննարկման ժամանակ պարզվել է, որ նախատեսվում է հանքավայրի հարևանությամբ կառուցել ցեմնետի գործարան և ամբողջ հանքանյութը տեղափոխել այնտեղ: Նշվածի վերաբերյալ բնակիչներից շատերը դժգոհություն հայտնեցին այն հանգամանքով պայմանավորված, որ արդյունահանված, հետագայում նաև վերամշակված հումք տեղափոխող մեքենաներն անցնելու են մի քանի բնակավայրերի տարածքով, առաջացնելով սոցիալական ազդեցություններ, իսկ ՇՄԱԳ հաշվետվությունում այլընտրանքային ճանապարհի կառուցում նախատեսված չէ։
6. ՇՄԱԳ-ում և կից ներկայացվող փաստաթղթերում առկա է եղել անճշտություն՝ հողաբուսաշերտի և բուսական ծածկույթի առկայության կամ բացակայության վերաբերյալ, ՇՄԱԳ-ի տեղեկատվության համաձայն՝ բուն հանքավայրի տարածքը գործնականում զուրկ է բուսական ծածկույթից, հողաբուսական շերտ չի ձևավորվել, սակայն փակման ծրագրի էջ 6-ում նախատեսված է միջոցառում շինարարության և բացահանքի մակաբացման ընթացքում հանված հողաբուսաշերտի պահպանման վերաբերյալ։
7․ Փորձաքննության գործընթացում ստացվել են կարծիքներ հայցվող տարածքում ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների աճելավայրի/ ապրելավայրի առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից ստացված գրության և շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ վարչության կողմից ստացված կարծիքի համաձայն՝ Արարատի մարզի Կարմիրսարի նշված տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի և կենդանիների տեսակների աճելավայր/ապրելավայր, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքերում, իսկ նրանց մի մասը՝ բնության պահպանության միջազգային միության (IUCN) գրքում (ընդհանուր առմամբ բույսերի 14, իսկ կենդանիների 16 տեսակներ): Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՇՄԱԳ փաթեթն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, որտեղից ստացվել են հակասական կարծիքներ։ 2024 թվականի հունիսի 11-ի գրությամբ նշվել է, որ հանքավայրի համար առաջարկվող տարածքում հազվագյուտ, Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների աճի վերաբերյալ տվալները բացակայում են, իսկ հունիսի 19-ի գրությամբ նշվել է, որ ինստիտուտի կողմից տարածքներում կատարվել է բուսաբանական հետազոտություն՝ 18․08․23թ․-23.08.23թ․ընկած ժամանակահատվածում, նույն գրությամբ նշվել է նաև լրացուցիչ բուսաբանական հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ՝ վաղ գարնանը /ապրիլ, մայիս ամիսներին/ ելնելով այդ տարածաշրջանի բույսերի վաղ վեգետացիայի շրջանից։ «Օրդ» ընկերության կողմից նույն ինստիտուտի 2024 թվականի հուլիսի 23-ի գրությամբ փորձաքննության է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում Արարատի մարզի Կարմիրի տարածքում հազվագյուտ՝ Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակներ չեն հայտնաբերվել, սակայն Երախ (Բոզ-Բորուն) լեռնաշղթայում աճում է 16 կարմիրգրքային բուսատեսակ, սակայն գրության մեջ չի նշվել հետազոտությունների կատարման ժամանակահատվածը։ Ինստիտուտի կարծիքը չի կարող դիտարկվել հիմնավոր և արժանահավատ, քանի որ բուսատեսակների մի մասի ծաղկումը, պտղաբերման շրջանը մայիս- հունիս ամիսներին է, հետևաբար, օգոստոս ամսին կատարված դիտարկումների ժամանակ վեգետացիոն շրջանի ավարտման հետ կապված, հողում կարող էին պահպանված լինել միայն դրանց արմատային համակարգերը կամ սերմերը։ Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի։
Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 26-ի 1-ին մասի 3)-րդ կետի՝ ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնանատեղիներ, ինչպես նաև, եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ։
8․ Փորձաքննության ընթացքում ստացվել են 16 դիմում-բողոքներ հանրագրի ձևով (շուրջ 1150 ստորագրութամբ՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի բնակիչների անունից), որոնք ևս հիմք են հանդիսացել փորձաքննական եզրակացության կազմման համար։ Հանրագրում նշվում է, որ հանքավայրի տարածքը գտնվում է գյուղատնտեսական հողերի անմիջական հարևանությամբ և բաց հանքավայրի շահագործումը կարող է վնաս հասցնել և բնապահպանական ռիսկեր պարունակել ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հարակից տարածքներում գյուղատնտեսական գործունեության համար, և բնակիչները դեմ են արտահայտվել տարածքում արդյունահանման աշխատանքների կատարմանը։ Բնակիչների և շահագրգիռ հանրության դժգոհությունն արտահայտվել է նաև 4-րդ հանրային քննարկման ընթացքում»։
Օգոստոս 06, 2024 at 16:07