Խոստումներ հանքարդյունաբերողից՝ կանաչ տնտեսություն ունենալու փոխարեն. Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շուրջ քննարկում Եղեգնաձորում

Խոստումներ հանքարդյունաբերողից՝ կանաչ տնտեսություն ունենալու փոխարեն. Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շուրջ քննարկում Եղեգնաձորում

Ս.թ. հուլիսի 26-ին տեղի ունեցավ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ քննարկումը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ նախաձեռնող խմբի անդամները, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավապաշտպան Նազելի Վարդանյանը, ազդակիր բնակավայրերի բնակիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մարզպետարանի աշխատակիցները։

Արամ Օսիկյանը, ով «Մետալ գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն է, համատեղությամբ «Վայկ մետալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և «Ասսաթ» ՍՊԸ-ի հիմնադիրը, իր ելույթում վստահեցրեց, որ հանքը շահագործվելու է մոտ 200 տարի, կլինի վերամշակման գործարան, որի արտադրողականության ծավալը տարեկան կկազմի 100 հազար տոննա:

Արամ Օսիկյանը խոստացավ աննախադեպ սոցիալական աջակցություն. «Ուսանողների ամբողջ վարձը վերցնելու է իր (խմբ․՝ ընկերության) վրա: Երկրաբանական կրթություն ունեցողներին աշխատանքով կապահովենք: Ստեղծվելու է արհմիություն, որի անդամակցության 100 դրամից 50-ը կվճարի ընկերությունը: Բժշկական ապահովագրությունը կրկին 50-50 կլինի: Ունենք ուսուցիչների օգնության բաղադրիչ: Հանքում աշխատողների աշխատավարձը այսօրվա հաշվարկով նվազագույնը 150 հազար դրամ կկազմի, միջինը՝ 400 հազար դրամ: Նվազագույնը 350 աշխատատեղ կլինի: Ամուսնությունները կավելանան: Շատերի բարեկամները դրսում են, ասում են, երբ հանքը սկսի գործել, կվերադառնան: Բնակչության թիվը կավելանա»: 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց. «Հանքի անձնագրի մեջ նշված է Գլաձորի հանքի հիման վրա շահագործման գործարան: Ակնարկ կա, որ Գլաձորում է կառուցվելու: Այսինքն՝ ձեր ծրագրով հանքի ուսումնասիրության և շահագործման թույլտվությանը հետևելու է նաև գործարանի կառուցում»:

Արամ Օսիկյանը պատասխանեց, որ Արին գյուղի տարածքում 21 հեկտար տարածք ունեն և հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման թույլտվություն․ «Բայց թույլտվությունը պետք է նորից ստանանք, քանի որ մեկ տարի է անցել և ոչինչ չի արվել»:

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ նախաձեռնող խմբի ղեկավար Հարություն Գևորգյանն ասաց. «Ձեզ հետաքրքիր է միայն ձեր աշխատանքը, բայց, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն կունենա, հետաքրքիր չէ: Ասում եք՝ կամուսնացնենք, երեխաներ կունենան։ Նոր չարիք եք բերում հասարակությունը ոչնչացնելու համար»,- ասաց նա։ Հարություն Գևորգյանը բարձրացրեց նաև հանքավայրի շահագործման դեպքում ջրային ռեսուրսներին սպառնացող ռիսկերը․ «Երբևէ հետաքրքրվե՞լ եք Թեքսարի ջրային ռեսուրսներով, թե որտեղից են սկիզբ առնում չորս գետերը: Այնտեղից սնվում են Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշեն և Եղեգիս համայնքի գետերը: Բազմաթիվ քաղցրահամ ջրերի աղբյուրներ սկիզբ են առնում Թեքսարից, սրանց ճակատագիրն ի՞նչ է լինելու։ 1960-ական թթ. Վերնաշեն գետի վրա աշխատում էր երեք ջրաղաց, ձուկը Արփա գետից բարձրանում էր մեր սարերը, մեր ժողովուրդը կարողանում էր ձկից օգտվել: Բայց հետո հանքավայրում պայթեցումների հետևանքով գետը հիմնովին ցամաքեց, դարձավ անապատ»:

«Իմ հայրն աշխատել է այն ժամանակ հանքում, 16-17 տարեկան էր։ Միշտ մեզ ասում էր, որ ղեկավարը չի թողել իրեն մտնել հանք: Իրեն ասում էին՝ հանք չմտնես, պրոբլեմ կառաջանա։ Նաև ասում էին, որ պաշարները շատ քիչ քանակությամբ էին և հասան նրան, որ այդ հանքադաշտը չաշխատի»,- ասաց Վերնաշենի բնակիչ Միքայել Բաղդասարյանը։ 

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ նախաձեռնող խմբի ղեկավարի օգնական Հայկ Իսախանյանը նշեց, որ հանքի հետագա շահագործումը մերժելուց հետո 1971թ. ստեղծվել է Եղեգնաձոր հատուկ պահպանվող տարածքը հետագա ընդլայնման հնարավորությամբ: «Թեքսարն ամբողջությամբ իր հարակից տարածքներով հատուկ պահպանվող տարածք է: 2-3 հազար բեզոարյան այծ ունենք, ոնց իրենց ասենք՝ պայթեցումներից չվախենաք հանկարծ, փոշուց, աղմուկից չվախենաք: Չնաշխարհիկ բնություն ունենք: Արջերն այնքան են շատացել, մտել են արդեն բակեր․ սա մեր բնության հարստությունն է»,- նշեց նա: Նա բարձրացրեց ընկերության կողմից հայցվող տարածքում ուրանի պարունակության ռիսկերը։ «Պետրոս Ալոյանի «Урановые руды Армении» գրքի մեջ տրված է քարտեզ, որտեղ հինգ ուրանային հանքավայրեր են, որոնցից մեկը Վեդի-Վայքի հանքավայրն է։ Երեք անուն կա, որ համապատասխանում է մեր մարզին՝ Գետիկի, Գետափի և Ագարակաձորի: Գետիկինը Ռինդի վերևի սարերն են։ Ագարակաձորի սարատեղին ձեր ներկայացրած վերջին կոորդինատներից 200 մ հեռավորության վրա է:

Մեր ժողովուրդը տուրիզմով է ապրում, մաքուր պտուղներ ուտում: Մենք ուզում ենք ջրամբար կառուցել, որի արդյունքում 800 հեկտար կդառնա ոռոգելի, հողերի ոռոգման ու մշակման արդյունքում ստացված եկամուտները մոտավորապես տասն անգամ կգերազանցեն հանքի տված եկամուտները: Այստեղ գինեգործության վրա միլիարդների ներդրումներ են կատարվել։

Ամենից մեծ վտանգը Թեքսարի կողքով անցնող Արփա-Սևան ջրատարին է սպառնում։ Ո՞վ կարող է ասել, որ «հարստացած» ջրերը չեն լցվի ջրատար։ Չի բացառվում, որ ամբողջ Սևանա լճի ավազանը աղտոտենք»,- ասաց նա։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան ասաց. «2016թ. Գլաձորում հանքարդյունահանման ծրագիրը դուք մեկ այլ ընկերությունով՝ «Վայք մետալով» ներկայացրել էիք, որտեղ ըստ Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերի՝ գրամներով ասում էիք այդ տարածքում ինչ կա, ինչ՝ չկա: Այն ժամանակ դուք մերժում ստացաք ավագանու և մյուսների կողմից: Հիմա դուք, երբ մերժում եք ստացել հանքարդյունահանման ծրագրի համար, նոր ուսումնասիրություն ենք անում։ Եթե այն ժամանակ դուք ուսումնասիրություն չէիք արել, բայց ասում էիք ինչ նյութեր են, ինչի՞ եք մոլորության մեջ գցում ժողովրդին: Այն ժամանակ էիք ճիշտ ասում, թե՞ հիմա: Եթե հիմա եք ուսումնասիրություն անելու, ուրեմն այն ժամանակ մոլորության մեջ եք գցել մարդկանց»։ 

Անդրադառնալով ծրագրի ռիսկերին՝ Նազելի Վարդանյանը նշեց․ «Այստեղ ծծումբի քանակը բարձր է, թթվային դրենաժը անկառավարելի երևույթ է: Այստեղ կա կապար, որը բազմաթիվ հիվանդություններ է առաջացնում մարդկանց մոտ։ Ըստ օրենքի՝ ընկերության հայտում պետք է նշված լինեին բոլոր ուղեկցող հարակից նյութերը, հիմնական էլեմենտերը, որը պետք է հանեն։ Ուրանի մասին կես բառ չկա գրած, այն դեպքում, երբ մեծ քանակով ուրան կա։ Սա միտումնավոր թաքցված է»:

Իրավապաշտպանը նաև նշեց. «Որևէ խոսք չասվեց կարմիրգրքյան տեսակների մասին: Գոնե բեզոարյան այծն ու մուֆլոնը ձեր աչքով եք տեսնում: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղն այս տարածքներում էկոմիջանցքներ է ստեղծում, որովհետև այստեղ կուսական բնություն է, և համայնքները բավականին մեծ գումարներ են ստանալու բնությունը պահպանելու համար»։ 

Լսելով ներկաների դիրքորոշումը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ամփոփեց․«Չենք հավաքվել, որ ինչ-որ քաղաքականություն տանենք՝ մեկին պաշտպանենք, մեկին՝ վնասենք։ Մեր նպատակն է միմյանց լսելը: Ինձ բոլոր կողմերի տեղեկատվությունն էլ պետք է հստակ դիրքորոշում ունենալու համար: Մեր կարծիքը թող հաշվի առնեն, բայց ժողովուրդն է որոշելու։ Կստեղծենք հատուկ աշխատանքային հանձնաժողով, որում պետք է ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, կիրականացվի գործընթաց համայնքներում, և ի վերջո հարցը կփակվի»:

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Օգոստոս 05, 2024 at 10:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր