Սեպտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցավ «ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում շրջակա միջավայրի որոշումների կայացման գործընթացում արդյունավետ հանրային մասնակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:
Ծրագիրն իրականացվում է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (Շվեդիա) կողմից՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի (Հայաստան) և «Կանաչ այլընտրանք/Green alternative» ՀԿ-ի (Վրաստան) հետ գործընկերությամբ:
Մեկնարկային համաժողովին ներկայացվեցին ծրագրի նպատակն ու համագործակցության հեռանկարները հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական գերատեսչությունների հետ: Նշվեց, որ թեև Շվեդիան, Հայաստանը և Վրաստանը Օրհուսի կոնվենցիայի կողմ են, որը երաշխավորում է հանրային մասնակցությունը շրջակա միջավայրին վնաս չհասցնող նախագծերի որոշումների կայացման գործընթացում, դեռևս առկա է այդ գործընթացում ազդակիր հանրության արդյունավետ մասնակցության պակաս հանքարդյունաբերության ոլորտում։ Հանքարդյունաբերական նախագծերը հաճախ ոտնահարում են ազդակիր տարածքների բնակիչների հիմնական իրավունքները՝ առաջացնելով սոցիալական և էկոլոգիական խնդիրներ: Հայաստանում և Վրաստանում հիմնական պատճառներն են իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի համակարգային բացթողումները շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացներում։
Ծրագրով նախանշվել են երեք հիմնական նպատակներ: ՀՀ համար կիրականացվի հանքարդյունաբերության ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի փոփոխությունների վերաբերյալ վերլուծություն և առաջարկությունների մշակում՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով։ Կիրականացվի նաև Վրաստանի ՇՄԱԳ օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ վերլուծություն և առաջարկությունների մշակում, որը կներկայացվի Վրաստանի կառավարություն։ Այս վերլուծությունների, ՀԿ-ների և պետական գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում վերհանված առաջարկների հիման վրա էլ նախատեսվում է մշակել մոդելային ուղեցույց՝ բարելավելու համար հանրային արդյունավետ մասնակցությունը շրջակա միջավայրին վնաս հասցնող արդյունաբերական նախագծերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։
Ռաուլ Վալլենբերգի մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հաննա Ջոնսոնը ողջույնի խոսքում կարևորեց համայնքներին որոշում կայացնելու գործընթացներում ներգրավելը: «Կարևոր է կիսվել լավագույն փորձով՝ գործընթացները բարելավելու, սիներգիաներ բացահայտելու ու համագործակցության եզրեր գտնելու համար»,- նշեց նա:
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը նշեց, որ համագործակցային գործընթացը բախվում է հակամարտային իրավիճակների՝ համայնքի և ընկերության, ընկերության և պետության միջև, որոնց պատճառը օրենսդրական համակարգն է: «Ծրագրի նպատակն է ստեղծել մոդելային ուղեցույց, որտեղ ամրագրված են լինելու միջազգային լավագույն փորձի կանոնակարգումները, ստեղծել մոդել, որն ինտեգրված ձևով ցույց կտա, թե ինչպես ՀՀ օրենսդրությունն ու քաղաքականությունները մոտեցնել Եվրամիության ստանդարտներին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում գնահատվելու են Եվրամիության՝ ՇՄԱԳ գործընթացներին հանրության մասնակցությանը վերաբերող դիրեկտիվները: «Աջակցելու ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի Հայաստանը համաձայնի փոփոխել օրենսդրությունը, այն ավելի մոտեցվի միջազգային չափանիշներին: Օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որպեսզի օրենքը չխոչընդոտի հանրության մասնակցությանը, բարելավվեն կանոնակարգումները, որոնք հնարավորություն կտան արդյունավետորեն մասնակցել որոշումների կայացմանը»,- նշեց նա:
«Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի քաղաքականության փորձագետ Կետի Գուջարայձեն խոսեց Վրաստանում հանքարդյունաբերական գործունեության մասին, քաղաքացիների՝ անպատասխանատու հանքարդյունաբերության դեմ պայքարելու փորձի մասին: Նա նշեց, որ ծրագիրը մեծ ազդեցություն կունենա Վրաստանի հանքարդյունաբերական ոլորտի վրա, ընդգծեց, թե ոլորտային ինչ բացեր կան և թե ինչպես կարող են ազդակիր համայնքների բնակիչներն աջակցել այդ գործընթացներում:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով թեմատիկ ղեկավար Կլաուդիա Իտուարտե-Լիման կարևորեց հանրային մասնակցությունը կանաչ էներգետիկայի անցման համատեքստում: «Անցումը պետք է իրականացվի այնպես, որ համապատասխանի չափորոշիչներին, կարևորվեն մարդկանց իրավունքները»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունը պետք է որոշի, թե զարգացման ինչ ուղղություն է ցանկանում է ունենալ և ինչպես դա կապել միջազգային օրենսդրության հետ: «Պետք է ունենալ գիտահեն ու փաստահեն հետազոտություններ, և մեր միջոցառումները պետք է համապատասխանեն միջազգային օրենսդրությանը: Եթե ուզում ենք մոտարկել, ուրեմն պետք է համագործակցենք»,- ընդգծեց նա:
Հոկտեմբեր 03, 2024 at 16:57