Քիմիական անվտանգության կոալիցիա. նոր հայեցակարգ համայնքների իրավունքների պաշտպանության հարցում

Քիմիական անվտանգության կոալիցիա. նոր հայեցակարգ համայնքների իրավունքների պաշտպանության հարցում

Հայաստանյան թվով 17 կազմակերպություններ, նախաձեռնություններ ու անհատներ համախմբվել են՝ ստեղծելով Քիմիական անվտանգության կոալիցիա, որպեսզի համատեղ պայքարեն հանքարդյունաբերական խնդիրների դեմ և նվազեցնեն ոլորտին ազդակիր համայնքներում քիմիական անվտանգության ռիսկերը:

Սույն թվականի սեպտեմբերի 14 և 15-ին Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում տեղի է ունեցել կոալիցիայի առաջին մեծ հավաքը, որի ընթացքում նախանշվել են նոր հարթակի կազմավորման առաջիկա գործողությունները, քննարկվել է համայնքների սոցիալ-էկոլոգիական և կանաչ, կայուն զարգացման տեսլականը, սահմանվել համայնքներում մաքուր և առողջ շրջակա միջավայրի ապահովման, մարդկանց առողջության, տնտեսական զարգացման, արտաքին հարաբերությունների և ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությունը։ 

Հավաք-քննարկման կարևոր քայլերից էր Կոալիցիայի հռչակագրի ընդունումը, որը սահմանում է հանքարդյունաբերության ազդակիր  համայնքներում ծառացած մարտահրավերները ու դրանց մեղմմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը:

Կոալիցիան հիմնադրվել է 2023թ. վերջին, ինչին նախորդել են Հայաստանի տարբեր համայնքներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նախաձեռնությունների կոնսուլտացիաները՝ առողջ շրջական միջավայրի ապահովման, հանքարդյունաբերական համայնքներում քիմիական աղտոտվածության խնդիրների լուծման շուրջ: Կոալիցիան միավորում է Հայաստանի Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզերը: Անդամներն այն համայնքներից են, որտեղ կա քիմիական աղտոտվածության խնդիր, այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ բարձրաձայնել են ու պայքարել իրենց էկոլոգիական իրավունքների համար, ովքեր մտահոգված են իրենց համայնքների կայուն զարգացմամբ:

Կոալիցիայի համահիմնադիր, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց կոալիցիայի հռչակած կարևոր սկզբունքները. «Թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում, թափոնների պատասխանատու կառավարում, համայնքների սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանություն: Այս նպատակների շուրջ է ստեղծվել կոալիցիան: Նպատակ ունենք լուծումներ գտնել Հայաստանի հասարակության և բնապահպանական համայնքի առջև ծառացած մարտահրավերներին: Հայաստանում շարունակվում է թափոնների վատ կառավարումը, ինչը հանգեցնում է գյուղատնտեսական հողերի ու ջրերի աղտոտմանը: Այն տարածքներում, որտեղ կա քիմիական աղտոտվածություն, վնասում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Մասնավորապես՝ գյուղատնտեսական մթերքները կարող են չիրացվել շուկաներում»,- ասաց նա:

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ կոալիցիան մտադիր է աշխատանքն իրականացնել թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակում: Հայաստանի տարբեր համայնքներում նախատեսվում են հանդիպումներ կոալիցիայի անդամների հետ, որպեսզի կիսվեն սեփական փորձով, իրականացնեն կարիքների գնահատում՝ համայնքներին կայուն զարգացման գործընթացների շուրջ համախմբելու նպատակով: «Կոալիցիան համակարգված աշխատանքի դեպքում կարող է հասնել մեծ հաջողությունների: Անդամները համայնքների կայուն զարգացման տարբեր մեխանիզմներ են առաջարկում: Կարծում եմ՝ կոալիցիան մեծ փորձ և մոտիվացիա ունի իր կարողությունները տարածելու ՀՀ այն համայնքներում, որոնք ունեն դրա կարիքը: Այդ փորձը կոալիցիայի անդամների փորձի վրա է հիմնված»,- ընդգծեց նա:

Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը, ով կոալիցիաների հետ աշխատանքի ամենատարբեր փորձառություն ունի, երկօրյա հավաքի ընթացքում անդամների հետ կիսվել է սեփական փորձով, աջակցել՝ կոալիցիայի ճիշտ մեկնարկի կայացման սկզբնակետում: «Կարևոր է, որ ամենասկզբից կոալիցիայի անդամները բոլոր ռիսկերը հաշվի առնեն, բարդություններին պատրաստ լինեն: Կոալիցիան սկզբից այնպիսի ընթացակարգերով ու մոտեցումներով պետք է ձևավորել, որ իր արդյունավետությունը հնարավորինս բարձր պահի: Դիտարկել ենք կոալիցիաների աշխատանքների կազմակերպման տարբեր մոդելներ: Քննարկել, թե դրանք ինչպես են անդրադառնում կոալիցիաների անդամակցության, որոշումների կայացման, կառավարման կարգի, ներքին հաղորդակցության, ռեսուրսների բաշխման վրա: Վերլուծել ենք այդ մոդելների ուժեղ և թույլ կողմերը»,- նշեց նա:

Ըստ Հայկ Աբրահամյանի՝ քիմիական անվտանգության կոալիցիայի առավելությունն այն է, որ այն ունի հստակ ուղղվածություն, առաքելություն և լավ ձևակերպված նպատակներ: «Կոալիցիան ձևավորվել է ավելի մեծ օրակարգով ու հստակ նպատակներով: Դա լավ մեկնարկ է»,- նշեց նա:

Կոալիցիայի համահիմնադիր, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց. «Աղտոտված տարածքների բնակչությունը պետք է լիովին գիտակցի այն ռիսկերը, որոնք պարունակում են թունավոր նյութերը, որոնք ներթափանցում են օրգանիզմ խմելու ջրի միջոցով, որն էլ խմում են իրենք և իրենց երեխաները, այն մթերքների միջոցով, որոնք նրանք աճեցնում են իրենց այգիներում, և այն օդի միջոցով, որը պարունակում է գործարանների արտանետումները։

Մենք պետք է զինվենք գիտելիքներով և միավորվենք, որպեսզի անպատասխանատու բիզնեսը դառնա պատասխանատու, իսկ պետությունը խելամիտ կերպով կառավարի բնական ռեսուրսները և հոգ տանի ոչ միայն միջազգային և ազգային ներդրողների, այլև` իր քաղաքացիների առողջության և բարեկեցության մասին»։

«Կանաչ փոփոխություն» Բնապահպանական ՀԿ-ից Հենրիկ Մխիթարյանը նշեց, որ կոալիցիային անդամակցելու հիմնական պատճառը ՀՀ տարածքում հանքարդյունաբերության պատճառած վնասների մեղմման, նոր հանքերի բացման կանխարգելմանն ուղղված աշխատանքներում ներգրավվելու ցանկությունն է: «Հանրապետության այն բնակավայրերը, որտեղ կան անգամ փոքր քանակով պաշարներ, փորձում են վերածել հանքի, իսկ արդեն գործող հանքերը շահագործվում են մեծ խախտումներով, որոնք իրենց հերթին առաջացնում են մեծ ռիսկեր: Վիճակի բարելավման համար անհրաժեշտ է  կանխարգելել նոր հանքերի շահագործումը, իսկ գործողների մասով լինել հետևողական»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ կոալիցիայի անդամների երկարամյա փորձը նոր հարթակի ուժեղ կողմերից է: «Անդամները ՀՀ տարբեր տարածքներից են, և յուրաքանչյուրն իր մարզում, քաղաքում կարող է դառնալ կամ արդեն կա որպես առաջամարտիկ»,- նշեց նա:

«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը նշեց Արարատի մարզում առկա քիմիական աղտոտվածության խնդրի մասին: «Քիմիական թափոնների տարածմամբ` քամու, ջրի միջոցով, մեզ մոտ հիմնականում թունավորվում է շրջակա միջավայրը, վնաս հասցվում կենդանական աշխարհին ու մարդկանց առողջությանը։ Անհրաժեշտ է կամ նվազեցնել թունավոր թափոնների արտանետումը, կամ դադարեցնել գործունեությունը։ Հետո աշխատանքներ տանել շրջակա միջավայրը մաքրելու վնասակար թափոններից»,- ասաց նա:

Կոալիցիայի առաջիկա գործողություններից խոսելիս՝ ընդգծեց, որ այն պետք է ճանաչում ձեռք բերի թե՛ պետական, և՛ միջազգային մակարդակով:  

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը կոալիցայի առաջիկա գործընթացներում կարևորեց համագործակցությունը: «Խնդիրները Կոտայքի մարզում շատ են: Ակնկալում ենք, որ կոալիցիայի բոլոր անդամները միասին ներգրավված կլինեն Հայաստանի ողջ տարածքում առկա խնդիրների լուծման գործում»,- ասաց նա:     

Գեղարքունիքի մարզում տեղակայված «Բայազետ կենտրոն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանն Էկոլուրի հետ զրույցում ներկայացրեց իրենց առջև ծառացած խնդիրներն ու կոալիցիային անդամակցելու արդյունքում այդ խնդիրների լուծման տեսլականը:

«Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է Սևանա լիճը, առաջնային խնդիրներից մեկն արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեությունից առաջացած աղտոտվածությունն է։ Այս աղտոտվածությունը ոչ միայն սպառնում է լճի էկոլոգիական վիճակին, այլև՝ բացասաբար անդրադառնում մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա՝ ազդելով բնակչության առողջության, գյուղատնտեսական արտադրության, զբոսաշրջության վրա»,- նշեց նա։

Ըստ նրա՝ «Բայազետ» կենտրոնը, որպես վերլուծական-հետազոտական կառույց, կարևորում է այս նախաձեռնության միջոցով ստեղծել տվյալների վրա հիմնված, փաստարկված լուծումներ, մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն քիմիական աղտոտման հարցերի լուծմանը և կնպաստեն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ոչ միայն իրենց մարզում, այլև՛ ՀՀ ողջ տարածքում։ «Մենք ակնկալում ենք վերլուծել քիմիական աղտոտվածության պատճառները և դրա հետևանքները համայնքի բնակչության կյանքի որակի վրա՝ առաջարկելով քաղաքականությունների բարելավման նպատակային ուղղություններ։ «Քիմիական անվտանգության կոալիցիա»-ն հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների հասարակական կազմակերպությունների: Այս բազմաշերտ մոտեցումը հնարավորություն է տալիս խորանալ ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և իրավական պատճառների մեջ՝ առկա բնապահպանական խնդիրներին տրամաբանական ու հիմնավոր լուծումներ տալու համար»,- նշեց նա։

Վահրամ Հովեյանը նույնպես ընդգծեց, որ կոալիցիայի ուժեղ կողմը նրա հավաքական փորձառությունն ու մասնագիտական բազմազանությունն է: «Դա կարող է օգտագործվել տեղական մակարդակներում քիմիական աղտոտվածության սոցիալական հետևանքների ուսումնասիրության համար։ Այս ուսումնասիրությունների հիման վրա կարող են մշակվել տվյալահեն առաջարկներ, որոնք կնպաստեն տեղական և պետական կառավարման մարմինների հետ համագործակցությանը՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Այս գործընթացը հնարավորություն կտա բնակչությանը ապահովել անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով՝ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց նա։

«Քիմիական անվտանգության Կոալիցիա»-ի հանդիպումը կազմակերպվել է չեխական «Առնիկա», հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների կողմից իրականացվող «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական վերափոխումը» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Հոկտեմբեր 01, 2024 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր