Սույն թվականի հուլիսի 10-ին «Փրկենք Արարատյան դաշտը», «Փոշոտ գյուղում ապագա չկա», «Դիմացի՛ր սար», «Ձեր ցեմենտը փող է, մեր բերքը՝ չէ՞» գրություններով Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում բնակիչները դիմավորեցին «ՕՐԴ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը գյուղ էր եկել՝ անցկացնելու Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխաանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումները։
Կարմիրսարի հանքավայրից հայցվող տեղամասը գտնվում է Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրի սահմաններում: Մոտակա բնակավայրերն են նաև Վեդի խոշորացված համայնքի Նոր Ուղի (մոտ 2.8կմ) և Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ (մոտ 4.3 կմ) ու Քաղցրաշեն (մոտ 4.3 կմ) գյուղերը:
Այս ազդակիր գյուղերի բնակիչներն ու տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեմ են «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող գործունեությանը: Դեմ բնակչության մեծամասնությանը չհաջողվեց մտնել քննարկումների դահլիճ՝ ոստիկանների կողմից ստեղծված պատի պատճառով՝ այդկերպ զրկվելով դիրքորոշումն արտահայտելու իրավունքից: Ոստիկաններն, ուժ կիրառելով, թույլ չեն տվել կոնկրետ քաղաքացիների մուտքը, այդ թվում՝ Արփինե Խաչատրյանի, ով ազդակիր Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգողն է: Ազդակիր գյուղերի բնակիչները հանքի շահագործման դեմ կոչեր էին հնչեցնում շենքի բակում:
ԷկոԼուրի հետ զրույցում Արփինե Խաչատրյանը նշեց, որ այս լսումների մասին ընդամենը մի քանի օր առաջ են տեղեկացել: «Այս լսումները մանրակրկիտ պլանավորած էին անել այնպես, որպեսզի հնարավորինս ընտրողաբար թողնեին մասնակիցների մուտքը հանրային լսումների դահլիճ: Սկզբից կարծում էինք, որ միայն այգեզարդցիներին չեն թողնում մտնել՝ պատճառաբանելով, որ սա Վեդի համայնքին է վերաբերում: Չնայած դա Օրհուսի կոնվենցիայի խախտում է, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել հանրային լսումների»,- նշեց նա՝ հավելելով, որ Արտաշատի համայնքապետին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նամակով ցուցում էր տրվել իրազեկել Այգեզարդ ու Քաղցրաշեն գյուղերի բնակիչներին լսումներին մասնակցելու և դիրքորոշում հայտնելու մասին:
Արփինե Խաչատրյանի խոսքով՝ հանրային լսումների դահլիճ մուտք գործած մի քանի գինեվետցիներ նշել են, որ իրենցից բացի ներսում են եղել ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներ, իսկ մնացածը՝ Վեդիի համայնքապետարանի աշխատակցիներն էին: «Նախապես բերել էին Վեդիի համայնքապետարանի աշխատակցիներին որպես մարդաքանակ: Տեսանյութերից հասկացանք, որ առաջին շարքերում էին հանքին կողմ խոսողները: Նրանք կողմ արտահայտվեցին ամբողջ գյուղի անունից այն դեպքում, երբ գյուղը պատշաճ իրազեկված չի եղել այս լսումների մասին: Մարդիկ կան, որ լսումների ավարտից հետո են իմացել դրա մասին: Օրենքի ամենից կոպիտ խախտումներով են կազմակերպել»,- նշեց նա:
Արփինե Խաչատրյանը բարձրացրեց հանքի շահագործման դեպքում գյուղերին սպառնացող ռիսկերը: «Այս փոքր տարածաշրջանում ունենալու ենք երկու ցեմենտի գործարան, այն էլ՝ գյուղատնտեսական գոտու հարևանությամբ, ինչն անհամատեղելի է գյուղատնտեսության հետ: Մեր խնդիրն այն է, որ սարին չկպնեն: Մեր սարը պաշտպանում է մեր այգիները քամուց։ Եթե սկսեցին քանդել, քամիներն ամբողջ փոշին բերելու են մեր գյուղ, հարյուրավոր հեկտարներ դառնալու են անապատ։ Այգիները տալիս են ամենից համով, ամենից քաղցր բերքը: Բացի այդ, մեր սարը ճանաչված է առաջին սեյսմիկ գոտի»,- նշեց նա:
Արարատի մարզից «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գինեվետի հանրային լսումները պետք է անվավեր ճանաչվեն: Գինեվետում կայացած լսումները որևէ կերպ հանրային լսումներ համարել չի կարելի: Տեղական ինքնակառավարման մարմինները չեն ապահովել բավարար պայմաններ, բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար»:
«ՕՐԴ» ՍՊԸ-ի ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ հայցվող տարածքում բացահանքի մակերեսը կազմում է 62.13 հա, լցակույտի մակերեսը ստորին մասում՝ 2 հա, արտադրական հրապարակը 200 քմ, ընդամենը խախտված հողերի մակերեսը՝ 64.15 հա։ Հանքավայրի նախագծվող սահմաններում օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարները կազմում են 45 միլիոն 883 հազար 458 խմ: Հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով, տարեկան՝ 2 միլիոն 294 հազար 173 խմ արտադրողականությամբ: Արդյունահանվող պաշարների քանակը կազմում է 39 միլիոն 425 հազար 480 խմ: Նախատեսվում է տարեկան արդյունահանել 1 միլիոն 971 հազար 274 խմ ծավալով կրային մերգել: Հանքավայրի ծառայման ժամկետը նախատեսվում է 20 տարի:
Ըստ հաշվետվության՝ նախագիծը չունի այլընտրանք: «Չունենալով էական ազդեցություն շրջակա միջավայրի վրա, այն նկատելի դրական ազդեցություն կունենա ազդակիր համայնքի սոցիալական կյանքում: Բացահանքի աշխատանքներին մասնակցություն կունենա 14 մարդ, ինչը հնարավորություն կտա բարելավել նրանց սոցիալական վիճակը»,- նշված է փաստաթղթում:
Հողային ռեսուրսների վրա գործունեության հետևանքով հասցված տնտեսական վնասի չափը գնահատված է 305258,8 հազար դրամ և շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասը հաշվարկվել է 326393,2 հազար դրամ:
«ՕՐԴ» ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ. Երևանում։ Ընկերության իրական շահառուն Տիգրան Օրդուխանյանն է 100 տոկոս բաժնեմասով։
Լուսանկարներն ու փաստաթղթերը՝ Արփինե Խաչատրյանի
Հուլիս 11, 2024 at 18:30