Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության տվյալների համակարգված բացահայտումների հարթակ

Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության տվյալների համակարգված բացահայտումների հարթակ

Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության տվյալների համակարգված բացահայտումների (ՏՀԲ) հարթակ։ Այն կստեղծվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Ստանդարտին համապատասխան։ ՏՀԲ-ն կստեղծվի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Սույն թվականի մայիսի 2-ի նիստում գործադիրը որոշեց դիմել Համաշխարհային բանկին ծրագրի ավարտման ժամկետը 2024թ․ մարտի 31-ից մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու առաջարկով։ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման մեջ ՀՀ Վարչապետին առընթեր ԱՃԹՆ քարտուղարությունը որպես ծրագրի ժամկետի երկարաձգման հիմնավորումներ նշել է․  

«1․ Այժմ ընթանում է հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման և Համաշխարհային բանկի կողմից հավանություն ստացած «Տվյալների համակարգված բացահայտումների ծրագրային փաթեթի» գնման հայտով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման ավարտական փուլը: Նախնական գնահատականով մրցույթի հաղթող մասնագիտական ընկերությունը կընտրվի և նրա հետ համապատասխան պայմանագիր կկնքվի 2024թ. հունիսին, իսկ աշխատանքները կընթանան մինչև դեկտեմբերի 15-ը, որի արդյունքում Հայաստանը կունենա պորտալ, որի միջոցով հանքարդյունաբերության ոլորտի համապատասխան առաջնային տեղեկատվության տիրապետող լիազոր մարմիններում ՏՏ նոր լուծումների միջոցով բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով:

2․ Պլանավորված իրավական ակտերի մշակումը իրագործելու համար, քանի որ դա նույնպես հետաձգվել էր 2024 թվական՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանց բովանդակությունը բխելու է «Տվյալների համակարգված բացահայտումների ծրագրային փաթեթի» կողմից առաջարկվելիք լուծումներից, որոնք դեռ նոր պիտի մշակվեն (տես 1-ին կետը):

3․ Հայաստանի ԱՃԹՆ-ի 5-րդ ազգային զեկույցը պատրաստելու և հրապարակելու համար: Հայաստանի միջազգային 2-րդ վավերացման գործընթացը, որը սկսվել էր 2023թ. հուլիսի 1-ին՝  ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության կողմից երկարաձգվել էր և դրա նախնական գնահատականը Հայաստանի բազմաշահառու խմբին՝ ԲՇԽ-ին էր տրամադրվել միայն 2024թ. Հունվարին։ Հաշվի առնելով վավերացման նպատակները՝ ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ին առաջարկել էր հետաձգել ԱՃԹՆ հերթական՝ 5-րդ զեկույցի կազմման աշխատանքները այնպես, որ դրա տեխնիկական առաջադրանքում ներառվեն (առկայության դեպքում) ԱՃԹՆ-ի վավերացման արդյունքում արձանագրվելիք հնարավոր բացերի շտկման առաջադրանքները (ուղղիչ գործողությունները), ինչպես նաև ԱՃԹՆ-ի 2023թ. ստանդարտի նոր պահանջներին վերաբերող առաջադրանքները: Հիմք ընդունելով ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության առաջարկությունը՝ ԱՃԹՆ-ի ազգային 5-րդ զեկույցի աշխատանքները մեկնարկել են միայն 2024թ. հունվարից՝ կազմվել է վավերացման արդյունքները արտացոլող զեկույցի տեխնիկական առաջադրանքը, որը ս.թ. մարտի 28-ին կայացած բազմաշահառու խմբի նիստում հաստատվելուց հետո դրվել է մրցույթի՝ զեկույցը կազմող անկախ խորհրդատվական ընկերություն ընտրելու և զեկույցը պատրաստելու համար: Նախնական գնահատականով զեկույցի աշխատանքները կընթանան 2-րդ-3-րդ եռամսյակներում, դրա ներկայացման համաժողովը կկազմակերպվի 3-րդ եռամսյակում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում ԱՃԹՆ միջազգային Խորհուրդը ընդունել է որոշում Հայաստանին շնորհել բարձր գնահատական՝ 2019 թվականի ԱՃԹՆ Ստանդարտը իրականացնելու համար (89,5 միավոր):

ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում է 57 երկիր (2023թ. մայիսի դրությամբ):

ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը:

ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը: Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով:

Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթացը սկսել է դեռ 2015 թվականին։

Մայիս 03, 2024 at 10:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր