Դեբեդ գետի վարարման հետևանքով Լոռու մարզում բազմաթիվ փլուզումներ կան՝ ճանապարհների, կամուրջների, տների, շենք-շինությունների առաջին հարկերն ու նկուղային տարածքները ջրալցվել են, որոշ բնակավայրեր մնացել են շրջափակված: Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
ԷկոԼուրը զրուցել է Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ, ով այս պահին գտնվում է Փոքր Այրում գյուղում: «Արգելափակված են Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարակոփ, Շնող և Թեղուտ բնակավայրերը։ Ախթալայի կամուրջը ջրածածկված է: Եթե անգամ ջուրը հետ քաշվի, այն անանցանելի կլինի, հնարավոր է անգամ արդեն այն չկա էլ: Մ6 մայրուղին տեղ-տեղ փլուզված է: Դեպի այն որևէ ելք չկա: Տնտեսական և բիզնես շենքեր մնացել են գետի տակ»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:
Նրա խոսքով՝ Ալավերդիում ճանապարհներին ինչ կար, Դեբեդ գետը լրիվ քշել, տարել է, ջրի տակին է մնացել: «Ախթալա-Շնող հատվածն ընդհանրապես բլոկադայի մեջ է, տարբերակ չկա կապվելու Ալավերդիի հետ, կամուրջներ չկան, ճանապարհները քանդված են, չգիտենք` երբ դա կվերականգնվի: Խանութների մոտ մեծ հերթեր են գոյացել, մարդիկ գնումներ են կատարում, չգիտեն` երբ դուրս կգան արգելափակումից: Մեր գյուղում փոքրիկ խանութներ են, մարդիկ ամեն ինչ վերցրին, տարան, եթե 2-3 օր այսպիսի բլոկադա եղավ, հումանիտար ճգնաժամ է սպառնում»,- նշեց նա:
ԷկոԼուրի հարցին, թե ստեղծված իրավիճակում ռիսկեր կա՞ն պոչամբարների անվտանգության տեսանկյունից, Օլեգ Դուլգարյանն արձագանքեց. «Ընդհանրապես այս իրավիճակը վտանգավոր է: Կարող են լինել տարբեր տեսակի փլուզումներ, սողանքներ: Չի բացառվում, որ տարբեր տեղերում հիմա սողանքներ առաջանան և, բնականաբար, ծանրաբեռնված օբյեկտները՝ պոչամբարները, ռիսկի տակ են գտնվում: Հատկապես, նրանք, որոնք պետք է ռեկուլտիվացված լինեին, բայց մինչ օրս ռեկուլտիվացված չեն և շարունակում են լցվել»:
Մայիս 26, 2024 at 14:17