Բողոքի ակցիա «ՕՐԴ» ՍՊԸ-ի՝ Երևանում նախաձեռնած մամուլի ասուլիսի ընթացքում

Բողոքի ակցիա «ՕՐԴ» ՍՊԸ-ի՝ Երևանում նախաձեռնած մամուլի ասուլիսի ընթացքում

Կարմիրսարի կրային մերգելների հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող մի խումբ քաղաքացիներ 2024թ. հուլիսի 18-ին բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում «ՕՐԴ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Նշենք, որ ընկերությունը հուլիսի 10-ին Արարատի մարզի Գինեվետ բնակավայրում նախաձեռնել էր Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումները, որոնք անցել էին լարված մթնոլորտում, ազդակիր բնակավայրերի մի շարք բնակիչներին թույլ չէին տվել ներկա գտնվել լսումներին՝ զրկելով դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից։

Երևանում նախատեսվող ասուլիսին ընդառաջ լրագրողների հետ զրույցում «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագյոզյանը նշեց․ «Հետամուտ ենք լինելու, որ հանրային լսումները ճանաչվեն անօրինական, հետամուտ ենք լինելու, որ հանքը չբացվի։ Արարատի ցեմենտի գործարանը բազմիցս աշխատել է մի շարք խախտումներով, ունենք ահավոր մեծ քանակի արտանետումներ, ինչն ունի ուղիղ ազդեցություն մարդու առողջ ապրելու իրավունքի վրա։ Մենք ունենք դառը փորձ։ Եթե պետությունը չի կարողանում վերահսկել Արարատի ցեմենտի գործարանին, ու կան այսքան արտանետումներ, մենք չունենք երաշխիքներ, որ նոր բացվող հանքը կամ գործարանը պատշաճ կերպով կվերահսկվի պետության կողմից»։ 

Ընկերության ծրագրին ազդակիր գոտու Այգեզարդ գյուղում շուրջ 1 միլիոն դոլարի ներդրում արած ընտանիքից Անի Ավագյանը նշեց․ «Ծնողներս 10 տարի առաջ գործ են դրել՝ այգիներ են տնկել։ Մենք դեմ ենք հանքին, որովհետև վնասելու է բնությանը, այգիներին»։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին, թե Գինեվետում կայացած լսումներին քաղաքացիներին ներս չթողնելու ու ոստիկանական պատ կիրառելու մեթոդն իրավաչափ էր, «ՕՐԴ գրուպ ՍՊԸ»-ի ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը նշեց, թե հանրային լսման կազմակերպման ու բնակիչներին ներս թողնելու հետ կապված իրենք որևէ իրավասություն չեն ունեցել․ «Հանրային լսման անցկացման վայրը որոշում է Շրջակա միջավայրի նախարարությունը»։

Էկոլուրի լրագրող Քրիստինե Տեր-Մաթևոսյանը նշեց, որ Արարատի մարզում արդեն իսկ գործում է ցեմենտի գործարան, և ազդակիր բնակավայրերի բնակիչները բազմիցս բարձրաձայնում են օդում փոշու մեծ քանակի, իրենց հողատարածքների աղտոտման, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին։ Վերջինս հետաքրքրվեց, թե ասուլիսի բանախոսները ընկերության ծրագիրն անվնաս համարելով՝ պատրա՞ստ են տեղափոխվել և հանքի հարևանությամբ բնակվել։ Ի պատասխան Արսեն Միրզոյանն արձագանքեց․ «Մեր ծրագրում մենք կիրառելու ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, և բացի այդ, մեր արտադրական ծավալներն ավելի փոքր են լինելու, քան Արարատի ցեմենտի գործարանում է»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։



Հուլիս 19, 2024 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր