Հորդառատ անձրևներից վարարող Աղստև գետը շարունակում է վնասներ պատճառել Տավուշի բնակավայրերին։ Հուլիսի 28-ին վարարած գետը վնասել է Խաշթառակ գյուղ տանող կամուրջը, որը վերջերս էր կառուցվել։ Խաշթառակ գյուղի մոտակայքում գտնվող «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացու տարհանել են փրկարարները։
Մինչ այդ մայիսյան հեղեղից տուժած Դիլիջան քաղաքը և Հաղարծին գյուղը ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել են աղետի գոտի։
Հաղարծինի վարչական ղեկավարի օգնական Շավարշ Գրիգորյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, թե ինչ վնասներ է կրել գյուղը հեղեղի պատճառով: «Գետը երեք հատ բնակարան է քշել-տարել հողով հանդերձ, ճանապարհից է պոկել 3-4 հատվածից, ցանքսեր է վնասել, անասուններին է քշել, տարել»,- ասաց նա: Ըստ նրա՝ 25 ընտանիք դիմել է իրենց, որ վնաս են կրել:
Մ-4 միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում` Հաղարծին գյուղի տարածքում ճանապարհի փլուզված հատվածում, ըստ Շավարշ Գրիգորյանի, որպես ժամանակավոր լուծում քարերով ամրացումներ են կատարել: «Ճանշինից քարեր ենք բերել, լցրել, որ ավելի շատ չքանդվի ճանապարհը»,- նշեց նա:
Աղստևը քշել, տարել է հողի մեծ շերտեր։ Գետը հունը փոխել է, և հիմա, ըստ հաղարծինցիների, հոսում է իրենց տնամերձ հողամասերով:
Բնակիչների խոսքով՝ 2006թ. տեղի ունեցած մեծ սողանքի հետևանքով գետն արդեն մեկ անգամ իր հունը փոխել էր, սա արդեն երկրորդ դեպքն է: Նրանք սողանքների առաջացման մի քանի պատճառ նշեցին. «Նախկինում խիտ անտառ է եղել. երկաթգիծ են գցել, միջպետական ճանապարհ, ծառեր են հատվել: Ծառերի նոսրացումը, նոր ճանապարհն ու երկաթգիծը նպաստել են սողանքի առաջացմանն ու ակտիվացմանը»: Արդյունքում սողանքը երկաթգիծը դարձրել է չշահագործվող։
Բնակիչների կարծիքով հետագայում աղետներից խուսափելու համար պետք է գետի հունը պարբերաբար մաքրել:
Դիլիջան քաղաքում թե՛ մայիսյան, թե՛ դրան հաջորդող հորդառատ անձրևները վնասել են բնակիչների գույքը, ջուրը լցվել է նկուղներ, խանութներ: «Մի քանի օր առաջ տեղացած անձրևը մեծ վնաս է հասցրել իմ ծաղկի սրահին, ջուրը լցվել է նկուղը, հետո հոսելով հասել հիմնական սրահ: Մի կերպ հասցրել ենք ֆուրշետի սպասքը բարձրացնել վերին դարակների վրա: Իրերի մի մասը նկուղից բերեցինք առաջ, բայց ջուրը շատ արագ առաջ էր գալիս: Դիմում ենք գրել վնասի հետ կապված»,- Էկոլուրին ասաց տուժած բնակիչը:
Հուլիսին տեղացած հորդառատ անձրևը կոյուղաջրերը բերել, լցրել էր բնակիչների բակերը: Ըստ բնակիչների՝ քաղաքում ստեղծված վիճակը նաև խցանված, չգործող ջրահեռացման համակարգի հետևանքն է:
«Ջրահեռացման համակարգը փոփոխելու կարիք կա, դրա պատճառով իմ տունը տոննաներով ջուր է լցվում... Մի քանի օր առաջ ուժեղ հեղեղ էր, սելավը քարեր, ավազ ու տիղմ է բերել լցրել իմ գառաժը»,- Էկոլուրի հետ զրույցում պատմեցին բնակիչները: Վերջինները սեփական ուժերով մաքրել են հավաքված ավազը, այն լցրել իրենց բակերի ճանապարհներին, սակայն միայնակ հեղեղի հասցրած վնասները չեն կարող վերականգնել, ֆինանսական խնդիրներ ունեն: Դիլիջանցի մի բնակիչ էլ ցույց է տալիս, թե ինչպես է ջուրը մուտքի դռան տակով լցվել իր բնակարան, մի քանի օր անց դեռ բետոնե հատակը խոնավ է: «Ջրահեռացման խողովակները եթե աշխատեին, այսքան ջուրը չէր գնա, դրանք խցանված են վաղուց: Երբեք չեն մաքրվել: Սետկաները դեռ կարող են մաքրել, բայց հողի տակով խողովակ է գնում, դրանք են փակ, պետք է մաքրվի, որ հեղեղների ժամանակ չգա լցվի մարդկանց տները: Պիտի բոլոր խողովակները քանդեն, փոխեն»,- նշում է Կալինինի առաջին նրբանցքի բնակիչը:
Տեղի բնակիչները եղանակային այս անոմալիաները կլիմայի փոփոխության հետ են կապում: «Միշտ էլ Դիլիջանը համարվել է խոնավ քաղաքներից, բայց հիմա բնության հետ փոփոխություններ են կատարվում: Նախկինում ձմեռներն ավելի խիստ էին, ձյունառատ, հիմա ձյունը շատ քիչ է, հիմնականում՝ փետրվար ամսին: Շատ է տարբերությունը: Ամռանն էլ ավելի շոգ է, կամ եթե կան անձրևներ՝ հորդառատ են և վնասներ են տալիս»,- նշեցին բնակիչները:
«Անվտանգ և զարգացած համայնքի «Էկոքաղաքականություն» բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց. «Շատ ժամանակ չեն պահպանվում էկոտոն կոչվող գծերը, որտեղ գետն իր լայնությամբ և երկարությամբ պետք է որոշակի սահմանազատում ունենա, և տնտեսական գործունեություն չթույլատրվի, որովհետև ժամանակ առ ժամանակ գետերը հնարավոր է իրենց հուներից դուրս գան: Միգուցե եթե ժամանակին այդ ամենը պահպանվեր, բացասական հետևանքներն ավելի մեղմ լինեին»:
Ալբերտ Հարոյանի խոսքով՝ Խորհրդային Միությունից ժառանգության ստացած սելավատարարերն ու ջրահեռացման համակարգը պետք է վերանայվի և այլ չափորոշիչների համապատասխան նախագծվի ու կառուցվի: «Հատկապես սարերից և անտառներից եկող ջրերի հոսքերը պետք է կառավարելի դարձնել, որ դրանք գան, լցվեն գետը, ոչ թե բնակելի հատվածներով իջնեն և հեղեղումներ լինեն: Պետք է ամբողջությամբ փոխվի համակարգը՝ սելավատարերը, ջրահեռացման համակարգերն ու կոյուղագծերը պետք է որոշակի հեռավորության վրա տեղադրվեն, որ կոյուղին չխառնվի ջրի հետ: Մեծ ֆինանսական հոսքեր են պետք ամբողջ ենթակառուցվածքը վերազինելու, վերականգնելու համար»,- ասաց նա:
Հուլիս 29, 2024 at 15:33