

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը դարձավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության «Կլիմայական խնդիրների և լուծումների լուսաբանում» անվանակարգի հաղթող։
Նա մրցույթում ներկայացնում էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագիրը։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 26-ին։ Կազմակերպիչներն էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Մրցանակաբաշխությունը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:
«Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Կարինե Գրքիկյանը:
«Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Էյ–Թի–Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող-տնоրեն Ռուզաննա Առուստամյանը:
«Կլիմայական համայնքային գործողություններ և քաղաքականություն» անվանակարգում առաջատար ճանաչվեցին Ալավերդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Կարինե Սիմոնյանն ու Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը։
«Կլիմայական կրթությունը բոլորի համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սյուզաննա Նազարյանը:
«Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ» անվանակարգում հաղթեց «Լիմիտլեսս» ՍՊԸ-ի hիմնադիր-տնօրեն Տաթևիկ Մարգարյանը:
«Երիտասարդները կլիմայական գործողություններում» անվանակարգում առաջատար ճանաչվեց կենսաբանության ուսուցիչ Տաթևիկ Դովմալյանը:
Պարգևատրվեց նաև գաղափարների մրցույթի առաջատար գաղափարակիր «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ի նախագահ Մանուշ Հովնանյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում նշեց. «Կլիմայի փոփոխությունը անհամաչափ ազդեցություն ունի կանանց վրա, հատկապես զարգացող երկրներում: Կանայք ոչ միայն կրում են կլիմայի փոփոխության հետևանքները, այլև առանցքային դեր են խաղում դրանց դեմ պայքարում: Կանայք հաճախ ավանդական գիտելիքների և գործելակերպի պահապաններն են, որոնք կարող են օգնել մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը: Կարևոր է, որ կանայք լիովին ներգրավված լինեն կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման և քաղաքականության մշակման մեջ: Նրանց ձայնը, փորձը և գիտելիքները պետք է լինեն լսելի և հաշվի առնվեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ռազմավարությունները կազմելիս»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ կլիմայի փոփոխության հետ կապված հիմնախնդիրները, պետության կողմից դրանց արձագանքելու ռազմավարական մոտեցումներն առաջին անգամ են արտացոլվել ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարական ծրագրում։ «Կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության քաղաքականությունների մշակման կարևոր պահանաջներից է կանանց և տղամարդկանց ներուժի համաչափ կիրառումը, ինչպես նաև գենդերակենտրոն կարողությունների ձևավորումը։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործողություններ ձեռնարկելիս անհրաժեշտ է խթանել և հաշվի առնել գենդերային հավասարության, կանանց հնարավորությունների ընդլայնման և մասնակցության, միջսերնդային արդարության սկզբունքները»,- ասաց նա։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին նշեց. «Հայաստանը մեծապես խոցելի է կլիմայի փոփոխության հանդեպ՝ հաշվի առնելով ջերմաստիճանի բարձրացումը և եղանակային ծայրահեղ մարտահարվերները: Այնուամենայնիվ, կանայք ներակայացված են կարևորագույն որոշումների կայացման գործընթացներում: Մեր առաջնահերթությունն է լինելու աշխատելու կառավարության տարբեր ճյուղերի և գերատեսչությունների հետ, որպեսզի մեծացնենք կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Այլևս ոչ մի անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ կանայք մեծապես դրական ազղդեցություն են ունենում կարևորագույն հարցերի լուծման գործում»:
Մրցանակաբաշխության ընթացքում իրականացված ծրագրերի անվանակարգերում ստացվել էր շուրջ 115 հայտ:
Հուլիս 30, 2024 at 18:44