Կոյուղաջրերը շարունակում են ոռոգել Արտաշար բնակավայրի հողերը

Կոյուղաջրերը շարունակում են ոռոգել Արտաշար բնակավայրի հողերը

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Արտաշար բնակավայրի հողատարածքները տարիներ շարունակ ոռոգվում են Մեծամոր, Արմավիր քաղաքների կոյուղաջրերով, որոնք առանց մաքրման խառնվում են Ախուրյան-Արաքս ջրատարին։ Նախկինում դրանք մաքրվել են։ Հիմա Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանը չի աշխատում։ Հատկապես ամռան ամիսներին Արտաշարում տարածվում է գարշահոտություն, ստեղծվում է հակասանիտարական վիճակ:

Արտաշարի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 443․88 հա, որից 354 հեկարը՝ վարելահողեր։ Դեռ 2019թ-ի դրությամբ, շուրջ 70 հեկտարը չէր ոռոգվում ջրի սակավության կամ բացակայության պատճառով: Համայնքի 46 հա հողերն աղակալված են և շուրջ 70 հեկտարն էլ` ճահճացած և ենթակա չեն մշակման:

«Մեր ոռոգման ջուրը կոյուղաջրերն են, որոնք գալիս, թափվում են մեր տարածությունները։ Անտանելի հոտ է, շոգ եղանակին այդ կողմերով անցնել չի լինում։ Որ մտնում ես դաշտ, հոտը գալիս է։ Բայց ստիպված օգտագործում ենք, լոլիկ, ձմերուկ, կաղամբ ենք ցանում։ Ով գալիս է մեր գյուղ, բա չի՞ ասում՝ այս գյուղը ո՞նց է ապրում այս հոտի տակ», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Արտաշարի բնակչուհին։

Ջրի խնդիրն Արտաշարում առաջացավ Արարատյան արտեզյան ավազանի ջրային բալանսի խախտման հետևանքով։ Խորքային հորերում իջավ ջրի մակարդակը, Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվեցին մոտ 6 անգամ: «Նախկինում ջրի խնդիր չունեինք, հիմա ջուր չկա։ Արազի ջուրը քիչ-քիչ գալիս է, հավաքվում է մի տեղ, պոմպը միացնում են, լցնում առուները, մարդիկ ջրում են իրենց հողերը, բայց չի հերիքում։ Կոյուղաջրերն են հավաքում։ Մեզ մոտ 6 հատ նոր խորքային հոր են խփել։ 120 մետր խորությամբ են փորել այդ հորերը, պարզ, մաքուր, զուլալ ջրեր են։ Նրանցով ջրվում են խորքային հորերին մոտ գտնվող հողերը։ Այն տարածքները, որտեղ չկա խորքային հոր, անջուր են մնում։ 1․5 հեկտար հող ունեմ, 1․5 տարի անջուր է։ Հիմա այդ հորերի ջուրը քիչ-քիչ կիջնի, և ջուր չի լինի, վերևից էլ ջուր չկա, չենք կարող ջրել, մեր բակում 12 մետր իջել է», - ասաց մեկ այլ բնակչուհի։

«Եթե Զարթոնքում մեր ջանքերի շնորհիվ հորատվեցին 4 խորքային հորեր, որոնց միջոցով գյուղացիները կարողանում են ոռոգում կատարել և ավելի քիչ քանակությամբ են օգտագործում կոյուղաջուրը, ապա Արտաշարում հողատարածքները ոռոգվում են կոյուղաջրերով։ Մեր ամբողջ նպատակն է, որ Արտաշարում ևս խորքային հորեր շահագործվեն։ Արմավիրի մարզում մենք 1998 թվականին ունեցել ենք խոլերայի համաճարակ, և վերջին տարիներին տարբեր բնակավայրերում ունեցել ենք փոքրիկ համաճարակային իրավիճակներ», - իր մտահոգությունը հայտնեց Արմավիրի մարզի «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը։

Ըստ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի՝ համայնքում կոյուղու հարցը դեռ լուծված չէ։ «Համայնքն այն բյուջեն չունի, որ մաքրման կայան կառուցի։ Դա թանկ հաճույք է», - ասաց Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 81 միլիոն եվրո արժողությամբ «Համայնքային ենթակառուցվածք Ծրագիր II, փուլ 3» ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել նաև Արամավիրի (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը։ Ծրագիրը ֆինանսավորել են․

  • KfW բանկի վարկ – 30 մլն եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 6 մլն եվրո;
  • Եվրոպական ներդրումային բանկի վարկ – 25.5 մլն. եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 5.1 մլն. Եվրո
  • ԵՄ ՀՆԳ դրամաշնորհ – 12 մլն եվրո և ՀՀ համաֆինանսավորում՝ 2.4 մլն եվրո։

Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3-ի շրջանակում նախատեսվել է․

  • Վերանորոգել/կառուցել ՀՀ 6 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի) 11 քաղաքների և 41 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը՝ մոտ 650.0 կմ նոր ջրագծերի կառուցում և 25000 հատ անհատական տների ջրաչափական հորերի տեղադրում, 25.0 կմ կոյուղագծերի կառուցում:
  • Կառուցել կոյուղու մաքրման կայաններ Մեծամոր և Սևան քաղաքներում:

Ծրագրով նախատեսված Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանը չի կառուցվել։ Պատճառների մասին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը 2022թ․ հունիսի 16-ի նամակով հայտնել է․  ««ԷկոԼուր» ՀԿ կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ՝ կապված «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրի շրջանակներում Արմավիրի (Մեծամոր) կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման հետ, հայտնում ենք, որ շահագործող մասնագիտացված կազմակերպության բացակայության պատճառով, Ջրային կոմիտեի կողմից առաջարկվել է Ծրագրով նախատեսված ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներն իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլով նախատեսել կոյուղու կոլեկտորների և դրանց վրա նախատեսված այլ ենթակառուցվածքներրի շինարարությունը, 2-րդ փուլով իրականացնել ԿՄԿ-ների կառուցման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշվածը՝ Արմավիրի ԿՄԿ-ն Ծրագրից դուրս է բերվել, ներառվել է միայն 10.7 կմ երկարությամբ գոյություն ունեցող կոյուղու գլխավոր կոլեկտորի վթարային վիճակում գտնվող 1.5 կմ հատվածի վերանորոգումը»։

Էկոլուրը հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․

  • Ինչո՞ւ է Արմավիրի մաքրման կայանի կառուցումը հանվել «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր» (ՀԵԾ) II Փուլ 3» ծրագրից։
  • Ի՞նչ միջոցառումների վրա են ծախսվել սույն Ծրագրով Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման համար նախատեսված գումարները։
  • Ե՞րբ և ի՞նչ միջոցներով է կառուցվելու Արմավիրի կեղտաջրերի մաքրման կայանը։
  • «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3»-ի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները հանրայնացնելու նպատակով խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե Ծրագրի շրջանակներում ինչ միջոցառումներ են իրականացվել և ինչ միջոցառումներ են փոփոխվել, որքանով են Ծրագրով սահմանված նպատակները իրականացվել և երբ է ավարտվել ծրագիրը։

Ջրային կոմիտեից պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հուլիս 19, 2024 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր