Ինչ պարտավորություններ և գործողություններ է ստանձնել, ինչ առաջընթաց է գրանցել Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ/CEPA) միանալու շրջանակում: CEPA-ն ստորագրվել է 2017թ. ՀՀ, ԵՄ և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև: Այս հարցերին սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԷկոԼուրի կողմից կազմակերպված «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ անդրադարձավ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը կարևորում է CEPA-ի կիրարկմանը միտված նախաձեռնությունները: «Դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալ հանրային ընկալումներին և այլընտրանքային մոտեցումներին՝ հետագա աշխատանքներում հաշվի առնելու նպատակով»,- ընդգծեց նա:
Ըստ Աստղիկ Հայրապետյանի՝ CEPA-ի կիրարկմանը միտված միջգերատեսչական համակարգման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակաբար ուսումնասիրվում են Եվրամիության գործընկերների, Հայաստանի քաղհասարակության և գործադիր ու օրենսդիր մարմինների կողմից ներկայացված դիտարկումները և կարծիքները: «Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ծավալուն աշխատանք է իրականացվել, որի արդյունքում արձանագրվել է առաջընթաց՝ արդարադատության, ոստիկանության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, շրջակա միջավայրի և հանրային ծառայությունների ոլորտներում իրականացված բարեփոխումների շնորհիվ»,- ասաց նա։
Նրա խոսքով, CEPA-ն արդյունավետ գործիք է Հայաստանում բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու համար, և Համաձայնագրի կիրարկումը չի սահմանափակվում միայն ՀՀ օրենսդրության ԵՄ իրավական ակտերին մոտարկմամբ։ «Գործընթացը ներառում է ոչ միայն համապատասխան ՀՀ իրավական ակտերի ընդունում կամ դրանցում փոփոխություններ, այլև դրանց գործարկման մշտադիտարկումը՝ երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և տնտեսության արդիականացման նպատակներին հասնելու ու հանրային կյանքում տեղի ունեցող բարեփոխումները ՀՀ քաղաքացիների համար տեսանելի և շոշափելի դարձնելու համար»,- ասաց նա:
Աստղիկ Հայրապետյանը նշեց նաև, որ CEPA-ի կիրարկման գործընթացի ժամանակ հայկական կողմը բախվում է մի շարք մարտահրավերների, սակայն գրասենյակը շարունակում է ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք համաժամանակյա են դարձնում CEPA-ի կիրարկման և հանրային կառավարման ռազմավարական պլանավորման բարեփոխումների գործընթացները։ «ՀՀ նոր ոլորտային ռազմավարությունները ներդաշնակեցվում են CEPA-ի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների հետ: Համաձայնագրի մոտարկման գործընթացին նոր թափ հաղորդելու համար պետք է լայնորեն կիրառվեն ԵՄ տեխնիկական աջակցության գործիքակազմերը», – հավելեց նա։
Խոսելով CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացման մասին՝ Աստղիկ Հայրապետյանը նշեց, որ ներկայում ստեղծվում է հատուկ ուսումնական ծրագիր՝ ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացներին նպաստելու նպատակով։ Նա ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարությանը կից իրավական ակտերի փորձաքննության գործակալության կարողությունների հզորացման կարևորությունը։ «Ընթացքի մեջ է մշտադիտարկման համատեղ մեխանիզմի ստեղծումը: Ճանապարհային քարտեզի կիրարկման և առհասարակ CEPA-ի բարեփոխումների ընթացքի իրազեկման նպատակով ՀՀ կառավարությունում ներդրվում է ռազմավարական հաղորդակցության նոր մոդել, որի նպատակն է իրազեկել քաղհասարակությանը և փորձագիտական շրջանակներին CEPA-ի կիրարկման ընթացքի և բարեփոխումների մասին, մասնավորապես՝ փոփոխության ենթարկված ՀՀ օրենսդրական դաշտի ու դրա գործարկման ուղղությամբ ջանքերի մասին, և մյուս կողմից՝ ներքին հաղորդակցության միջոցով ՀՀ շահագրգիռ մարմիններին տեղեկացնել Համաձայնագրի կիրարկման գործընթացի մասին՝ ավելացնելով նրանց տեղեկացվածությունը և ներգրավվածությունը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով համակարգումը»,- նշեց նա:
Աստղիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ CEPA-ի ճանապարհային քարտեզի թարմացման գործընթացը ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների քննարկում և մոտեցումների ներդաշնակեցում։ «Թվարկված ուղղություններով մեր գրասենյակը շարունակում է աշխատանքը և մինչև տարվա վերջ, հուսանք, որ արդեն ներդրված կլինեն արդյունավետ մեխանիզմները Համաձայնագրի կիրարկումն առավել սահուն և արդյունավետ դարձնելու համար: Հաշվի առնելով, որ CEPA-ի ճանապարհային քարտեզի կիրարկումը դինամիկ և շարունակական գործընթաց է, չենք բացառում, որ ընթացքում կարող են ի հայտ գալ նոր մոտեցումներ, ներդրվել նոր գործիքակազմեր, այդ թվում՝ հաշվի առնելով եվրոպական և միջազգային լավագույն փորձը մեր երկրում տեղայնացնելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները», – ասաց նա:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:
Սեպտեմբեր 23, 2024 at 12:17