


2025թ․ սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին համաձայնություն տվեց «Զով-գուժ» ՍՊԸ-ի հայտին Քարաբերդի բնակավայրի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարել։ Որոշումն ընդունվեց ձայների 12 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 19-ին, հարցը կրկին Փամբակի ավագանու օրակարգում էր։
Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանն Էկոլուրին տեղեկացրեց, որ ավագանին այդ ժամանակ չի տվել համաձայնություն։ «Տվյալ հարցը քննարկվել էր օգոստոսի 19-ին, 12 ավագանու անդամներից 6-ը կողմ է եղել, 3-ը դեմ, 3-ը ձեռնպահ։ 6 կողմը դեռևս մեծամասնություն չէ, որոշում չի ընդունվել։ Դրա համար էլ հարցը ներառվել էր սեպտեմբերի 11-ին կայացած նիստի օրակարգում։ Դա օրենսդրության պահանջն է եղել, որ պետք է կրկին քվեարկություն լինի։ Սեպտեմբերի 11-ին արդեն ներկա են եղել ավագանու 14 անդամներ։ Քվեարկության արդյունքում 12 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն արդեն ընդունվել է»,- ասաց նա։
Սեպտեմբերի 11-ի ավագանու նիստի ընթացքում նշվեց, որ օգոստոսի 28-ին Փամբակի համայնքապետին էին դիմել Քարաբերդի բնակիչներ։ «Նրանք հայտնել են, որ կողմ են երկրաբանական ուսումնասիրությանը։ Նրանք խնդրել են որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել իրենց կարծիքը, որովհետև իրենք են ապրում այնտեղ և իրենք գիտեն իրենց կարիքները»,- նշեց Ռաիսա Մինասյանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ավագանու նիստի ընթացքում նշեց, որ իրենք տվյալ հարցի շուրջ ելույթներ էին նախապատրաստել։ «Որոշման ընդունումից հետո մեր ելույթներն արդեն անիմաստ են դառնում։ Ավագանու անդամները քվեարկություն կատարելուց առաջ պետք է լսեին Քարաբերդի հանքավայրի մասին մեր գործընկեր չեխական «Առնիկա» կազմակերպության ներկայացուցչի պատրաստած տեղեկությունները»,- ընդգծեց նա։
Օլեգ Դուլգարյանը նաև կասկածելի որակեց այն, որ Քարաբերդում երկարաբանական ուսումնասիրություններ անցկացնելուն ի սկզբանե դեմ բնակիչներն այժմ կողմ են արտահայտվում։ Վերջինս ավագանու նիստը հակաժողովրդական որակեց։
Ավագանու նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերի քննարկումից հետո Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանն ի վերջո ելույթի հնարավորություն տվեց չեխական «Առնիկա» կազմակերպության համահիմնադիր Ինդրիխ Պետրիկին։ Չեխ փորձագետը ներկայացրեց 2023թ․ Քարաբերդում իրականացված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ Քարաբերդ բնակավայրում շրջակա միջավայրում և բնակիչների օրգանիզմում հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն։
«Եթե նոր հանքի թույլտվություն եք տալիս, այն ինչ հայտնաբերվել է, կրկնապատկվելու է, ինչը ոտնահարում է մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,- ասաց նա։ Ինդրիխ Պետրիկը ներկայացրեց նաև, թե հայտնաբերված որ ծանր մետաղը ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա։
Լուսանկարը՝ www.cvmedia.am
Սեպտեմբեր 12, 2025 at 16:34
