ՀԱՆՔԱՅԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԹԵ՞ ԻՆՏՐԻԳԻ ՀԱՆՔԵՐ

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԹԵ՞ ԻՆՏՐԻԳԻ ՀԱՆՔԵՐ

Lragir.am

Հայաստանի Վերահսկիչ պալատը հերթական աղմկոտ բացահայտումն է ներկայացրել հանրությանը, որը կապված է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի հետ: Տվյալ դեպքում խոսքը ԳեոՊրոՄայնինգ ընկերության մասին է, որն ըստ Վերահսկիչ պալատի արձանագրության, մի քանի տարի աշխատել է առանց համապատասխան արտոնագրի, չի վճարել պետական որոշ վճարներ: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն էլ արդեն հայտարարել է, որ համաձայն չէ Վերահսկիչի հետ, դրա կատարած ուսումնասիրությունը համարում է ոչ կոմպետենտ եւ պատրաստվում է դիմել դատարան, համարելով որ ՎՊ հայտարարությունը վնասել է ընկերության վարկին:
 
Թե ինչպես կլուծեն իրենց հարցերը Վերահսկիչ պալատն ու ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը, թերեւս ժամանակի ընթացքում կերեւա: Հարցն այն է, թե ինչու չի երեւում համապատասխան պետական գերատեսչությունը, որը պետք է որ զբաղված լինի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի կարգավորմամբ եւ վերահսկողության իրականացմամբ:
 
Ո՞վ է այդ մարմինը կամ կառույցը, որ պետք է հետեւի համապատասխան վճարների գանձմանը կամ արտոնագրերի տրամադրմանը: Ինչո՞ւ այդ կառույցից որեւէ մեկը մինչեւ հիմա հրապարակային պարզաբանում չի տվել Վերահսկիչ պալատի բացահայտման կապակցությամբ: Ի վերջո, Վերահսկիչ պալատի ուսումնասիրության հիմնական թիրախը պետք է որ լինի պետական կառույցը, պետական գերատեսչության գործունեությունը: Ուրեմն հարցի, ուշադրության կենտրոն պետք է բերել այդ խնդիրը, ոչ թե առաջ մղել ԳեոՊրոՄայնինգի հարցը:
 
Եթե ընկերությունն անօրինականություն է թույլ տվել, ապա այսպես թե այնպես, դա թույլ է տրվել պետական մարմինների անգործության հետեւանքով: Ուրեմն, Վերահսկիչ պալատը պետք է առաջնային թիրախ դարձնի այդ մարմնի աշխատանքը, այն ներկայացնի հանրությանը, թե ինչու են վատ աշխատել, ով է եղել պատասխանատու, ինչու չի իրացրել պատասխանատվությունը: Իսկ այդ պետական կառույցով էլ պետք է զբաղվի դատախազությունը, պարզելու համար, թե ինչու տարիներ շարունակ կարող է մի ընկերություն աշխատել` չկատարելով պետական վճարներն ու չունենալով արտոնագիր:
 
Թվում է, թե ինչպես ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը, այդպես էլ պետական համապատասխան կառույցը պետք է օպերատիվ կերպով արձագանքեր Վերահսկիչ պալատի արձանագրությանը եւ հայտարարություններին, եւ փորձեր պարզաբանել իրավիճակը: Սակայն այդօրինակ որեւէ կառույցից կարծես թե ձայն չկա: Հավանաբար պետական կառույցում փորձում են հասկանալ, թե Վերահսկիչի բացահայտումը կարո՞ղ է արդյոք որեւէ քաղաքական հակադրության, ներիշխանական հակասության կամ համանման ինտրիգածին այլ շարժառիք ունենալ, որպեսզի ըստ այդմ էլ որոշեն իրենց անելիքը:

Նոյեմբեր 08, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր