Լարված հանրային լսումներ Ստեփանավանում՝ Արմանիսի հանքային դաշտի ուսումնասիրությունների վերաբերյալ  

Լարված հանրային լսումներ Ստեփանավանում՝ Արմանիսի հանքային դաշտի ուսումնասիրությունների վերաբերյալ  

2026թ. հուլիսի 17-ին Լոռու մարզում անցկացվեցին «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերի տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։

Հանրային քննարկումները նախատեսված էին երեք բնակավայրերում՝ ժամը 12։00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14։00-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, իսկ ժամը 15։30-ին՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Լսումներն անցան լարված և թեժ մթնոլորտում։ Քննարկումներին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ և տեղի բնակիչներ, որոնք դեմ են Ստեփանավան համայնքն ու հարակից բնակավայրերը որպես հանքարդյունաբերական գոտի դիտարկելուն։ Մասնակիցները նշում էին, որ իրենց ապագան կապում են զբոսաշրջության և կայուն գյուղատնտեսության զարգացման հետ։ Լսումներին ներկա էին նաև բնակիչներ, ովքեր նշում էին, որ կողմ էին հանքարդյունաբերությանը։ Լսումների ընթացքում առանձին պահերի լարվածություն էր առաջանում հանքային ծրագրին դեմ և կողմ դիրքորոշում ունեցող մարդկանց միջև, և իրավիճակի սրումը վերահսկում էին ոստիկանները։

«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին երեք բնակավայրերում էլ դիմավորեցին բողոքի ակցիաներով, պաստառներով և վանկարկումներով։ Մասնակիցները հանդես էին գալիս «Դեմ ենք մետաղական հանքերին», «Ես ընտրում եմ էկո Ստեփանավանը» ուղերձներով։

Քննարկումների ընթացքում բնակիչները բարձրաձայնում էին իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները ծրագրի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը լսումներից մեկի ժամանակ նշել էր, որ բնակիչների առաջարկություններն ու դիրքորոշումները կներառվեն հանրային լսումների արձանագրության մեջ, նաև բոլոր շահագրգիռ անձինք կարող են իրենց դիտարկումներն ուղարկել նաև Շրջակա միջավայրի նախարարություն։

Լուսանկարները և տեսանյութերը՝ cvmedia.am



Հուլիս 17, 2026 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր