Ջերմուկը՝ COP17-ին ընդառաջ

Ջերմուկը՝ COP17-ին ընդառաջ

Հանքային ջրերը, լեռնային լանդշաֆտները, անտառները, գետերը, հարուստ կենսաբազմազանությունն ու առողջարանային ներուժը ձևավորել են Ջերմուկի ինքնությունն ու զբոսաշրջային գրավչությունը։ Այս բնական ժառանգության պահպանությունն ու կայուն օգտագործումը համայնքի ապագայի կարևոր նախապայմաններից են։

Այս տարի հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Ջերմուկ համայնքում։ Հանդիպման նպատակն էր քննարկել Ջերմուկի կենսաբազմազանության պահպանությունը, բնապահպանական առաջնահերթություններն ու համայնքի մասնակցությունը COP17-ին։

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի գնահատմամբ՝ COP17-ը համայնքների համար նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային օրակարգում ներկայացնելու իրենց խնդիրներն ու առաջնահերթությունները։

Նրա խոսքով՝ մարզում առաջնահերթ խնդիրներից է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Մարզի տարածքով անցնում են Արփա և Եղեգիս գետերի ջրահավաք ավազանները, սակայն առկա ջրային պաշարների օգտագործման մակարդակը ցածր է, իսկ ջուրը կուտակելու և արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բավարար չեն։

«Կլիմայի փոփոխությունը բերում է նրան, որ ջրային ռեսուրսներն ապագայում խիստ սահմանափակ են լինելու, և մենք արդեն այսօր պետք է խնամքով վերաբերվենք մեր ունեցածին, օգտագործենք ու պահպանենք խնայողաբար»,- ասաց նա։

Գեղամ Մարգարյան

Մարզի տնտեսական զարգացման հեռանկարները, ըստ Գեղամ Մարգարյանի, սերտորեն կապված են գյուղատնտեսության և զբոսաշրջության հետ։ Զբոսաշրջային ներուժը կապված է բնական միջավայրի պահպանության հետ։

Մարզի զբոսաշրջային կենտրոնն է Ջերմուկը։ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը նշեց՝ Ջերմուկի զբոսաշրջային գրավչության հիմքում են բուժիչ հանքային ջրերը, բացառիկ բնությունը և կենսաբազմազանությունը։ Եվ բնության պահպանությանն ուղղված ցանկացած քայլ միաժամանակ ներդրում է կայուն զբոսաշրջության զարգացման գործում։

«Ջերմուկը Հայաստանի ամենաճանաչված առողջարանային և զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որի գլխավոր արժեքը ոչ միայն բուժիչ հանքային ջրերն ու բնական ռեսուրսներն են, այլև բացառիկ կենսաբազմազանությունն ու անաղարտ բնությունը։ Մեր քաղաքի զբոսաշրջային գրավչությունն անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի պահպանության հետ, և հենց այդ պատճառով բնության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն նաև ներդրում է կայուն զբոսաշրջության զարգացման գործում։

COP17-ին ընդառաջ կազմակերպվող այս հանդիպումը կարևոր հարթակ է՝ քննարկելու, թե ինչպես կարող են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և համայնքի բնակիչները համատեղ նպաստել Ջերմուկի բնական ժառանգության պահպանմանը և դրա արժևորմանը», - ասաց Նարեկ Միրզոյանը։

Նա նշեց, որ շուտով նախատեսվում է «Վիզիթ Ջերմուկ» հարթակի եռալեզու կայքի գործարկումը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ մարզի տեսարժան ու հետաքրքիր վայրերի մասին և ընտրել իրենց այցելության ուղղությունները։

Մակեդոն Ալեքսանյանը և Նարեկ Միրզոյանը

Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը քաղաքի մասին իր հիշողություններն ամփոփել է գրքում։ Ըստ նրա՝ տարիների ընթացքում քաղաքի բնապատկերը զգալիորեն փոխվել է․ «Այսօր մանկությանս պատկերները չկան։ Գնում եմ, չեմ ճանաչում՝ որտեղ ինչ էր։ Շատ բան է փոխվել»։

Նրա հիշողություններում Ջերմուկը գորտերի կռկռոցով, ծիծեռնակների բներով և գիշերային լուսատիտիկներով լի բնություն ուներ։ Այսօր այդ պատկերներից շատերը, նրա խոսքով, այլևս չկան․ «Դրանք հիմա չկան։ Այս սերնդի համար դրանք կարող են դինոզավրերի նման լինել՝ միայն պատմությունից իմանան, որ եղել են»։

Մակեդոն Ալեքսանյանը նշեց, որ Ջերմուկի բնության պահպանության համար դեռ վաղուց պետք էր ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, քանի որ Ջերմուկի բնական հարստությունը՝ ջրերը, անտառները, կիրճերը, ջրվեժներն ու մյուս բնական արժեքները պահանջում են առավել համակարգված պահպանություն։

Մակեդոն Ալեքսանյանը Ջերմուկի համար կարևոր բնապահպանական ռիսկերից մեկը համարեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը․  «Ամուլսարը շատ մեծ վտանգ է Ջերմուկի համար։ Այնտեղ Կարմիր գրքում ընդգրկված բուսականություն կա։ Չգիտեմ՝ ինչպես են նախատեսում դրանք տեղափոխել, բայց վտանգն իրական է»։

Նրա խոսքով՝ այսօր առաջնային է ոչ միայն նոր պահպանվող տարածքներ ստեղծելը, այլև արդեն գոյություն ունեցող բնական արժեքները չկորցնելը․ «Ջերմուկը կարող է ներկայանալ COP17-ին իր օրակարգով։ Հիմա պետք է գոնե եղածը պահպանենք»։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ Ջերմուկի համար COP17-ը հնարավորություն է միջազգային հարթակում ներկայացնելու ոչ միայն իր բնության հարստությունը, այլև այն, թե ինչպիսի զարգացման մոդել է ցանկանում ընտրել համայնքը՝ պահպանելով իր բնական կապիտալը նաև հաջորդ սերունդների համար։

Հանդիպումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Օգոստոս 28, 2026 at 19:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր