​«Լիդիան Արմենիան» ութ ամիս անց փոփոխեց Նազելի Վարդանյանի դեմ հայցի հիմքը․ միջազգային կառույցները դատական գործընթացում SLAPP-ի հատկանիշներ են տեսնում

​«Լիդիան Արմենիան» ութ ամիս անց փոփոխեց Նազելի Վարդանյանի դեմ հայցի հիմքը․ միջազգային կառույցները դատական գործընթացում SLAPP-ի հատկանիշներ են տեսնում

Շարունակվում է «Լիդիան Արմենիա» ընկերության հարուցած դատական գործն ընդդեմ բնապահպան Նազելի Վարդանյանի։ Ընկերությունը պահանջում է 6 մլն ՀՀ դրամ փոխհատուցում և վիճարկվող հայտարարությունների հրապարակային հերքում՝ պնդելով, որ դրանք զրպարտություն են։ Այս գործընթացը միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արդեն իսկ գնահատվել է որպես հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայց (SLAPP), որի նպատակը քննադատական խոսքը լռեցնելն է։

Հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում կայացած նիստի ընթացքում «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ հայցի հիմքի և առարկայի լրացում ու փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Հայցվոր կողմն իր այս քայլը հիմնավորեց հայցի առարկան ավելի մանրամասն դարձնելու և հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Փոփոխությունը վերաբերում է հայցում մեկ կետի վերախմբագրմանը։ Սույն լրացումով հայցվորը պահանջում է պատասխանող Նազելի Վարդանյանից՝ բառ առ բառ հերքել panorama.am կայքում 2026թ․ հունվարի 20-ին հրապարակված հոդվածի մաս կազմող ձայնագրությունում յուրաքանչյուր արտահայտած միտք, որն, ըստ «Լիդիան Արմենիա»-ի, զրպարտություն և վիրավորանք է պարունակում ընկերության վերաբերյալ։

Պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, որ փոփոխված պահանջում ներառված տեղեկություններն ընկերությանը հայտնի էին դեռևս ութ ամիս առաջ՝ նախնական հայցի ժամանակ, և հայցվորը չի ավելացրել որևէ նոր փաստական հանգամանք։

Այնուամենայնիվ, Դատարանն ընդունեց «Լիդիան Արմենիա»-ի միջնորդությունը։ Դատավորը հայտարարեց, որ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունն ուժի մեջ է մտնում որոշման կայացման և հրապարակման պահից։

Պատասխանող Նազելի Վարդանյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը պարզաբանող հարցեր ուղղեց հայցվոր կողմին։ Հարցին՝ արդյոք վիճարկվող ձայնագրությունում որևէ տեղ հիշատակվել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունը, հայցվորը նշեց, որ ցանկացած ողջամիտ մարդ ձայնագրությունում հնչած արտահայտությունները կվերագրեր «Լիդիան Արմենիա»-ին, ինչն էլ արատավորում է ընկերության համբավը։

Նազելի Վարդանյանը հավելեց, որ ինքը խոսել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության, ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերությունների, ՀՀ կառավարության, պետության, պայթեցումներ իրականացնող կապալառու ընկերության մասին, սակայն այդ ամբողջը  «Լիդիան Արմենիա»-ն վերագրել է իրեն և զրպարտություն որակել։

Դատարանը ժամանակ տրամադրեց պատասխանող կողմին և որպես երրորդ անձ ներգրավված «ՊԱՆՈՐԱՄԱ ԷՅԷՄ»-ին՝ փոփոխված հայցին ծանոթանալու և հաջորդ նիստին իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։ Դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք․ 2026թ․ փետրվարի 17-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի (երրորդ անձ՝ «ՊԱՆՈՐԱՄԱ ԷՅԷՄ» ՍՊԸ)՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու և զրպարտության հետևանքով գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար 6 մլն ՀՀ դրամ փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջներով:

Միջազգային իրավապաշտպան կառույցներն այս գործը դիտարկում են հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերի համատեքստում։

Միջազգային կառույցները՝ SLAPP-ի վտանգի մասին

2026 թվականի հոկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (CSI) ՀԿ-ի հետ համատեղ հրապարակել են հայտարարություն՝ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նոր դատական վարույթների վերաբերյալ։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ այս դատական գործընթացները, նախկին վարույթների համատեքստում դիտարկվելիս, ունեն հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերին (Strategic Lawsuits Against Public Participation - SLAPP) բնորոշ հատկանիշներ և կարող են զսպող ազդեցություն ունենալ Հայաստանում բնապահպանական իրավապաշտպան գործունեության ու հանրային շահին վերաբերող քննարկումների վրա։

SLAPP հայցերը դատական գործընթացներ են, որոնք կարող են օգտագործվել հանրային կարևորության հարցերի վերաբերյալ քննադատական խոսքը սահմանափակելու կամ հանրային վերահսկողություն իրականացնող անձանց ֆինանսական ու դատական ճնշման ենթարկելու նպատակով։

Կազմակերպությունները մասնավորապես մտահոգություն են հայտնել «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ֆինանսական պահանջի և հրապարակային հերքում պարտադրելու պահանջի համակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ նման միջոցները կարող են ո՛չ միայն ազդել կոնկրետ իրավապաշտպանի գործունեության վրա, այլև մյուսներին հետ պահել բնապահպանական և մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց։

Կազմակերպությունները կոչ են արել «Լիդիան Արմենիա»-ին՝ հետ վերցնել երկու բնապահպան իրավապաշտպանների դեմ հարուցված հայցերը և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննադատությանը պատասխանել թափանցիկության, տեղեկատվության հասանելիության, գիտական ապացույցների և հանրային բովանդակալից երկխոսության ճանապարհով։

Նրանք նաև կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ ապահովել իրավապաշտպանների՝ արտահայտվելու, բնապահպանական որոշումների կայացմանը մասնակցելու և մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորությունը՝ առանց ահաբեկման, հաշվեհարդարի կամ հետապնդման։

«Միանշանակ SLAPP դատավարական գործընթաց է»․ փաստաբանի գնահատականը

Դատական նիստից հետո «ԷկոԼուրի» հետ հարցազրույցում փաստաբան Գուրգեն Թորոսյանը վերահաստատեց իր գնահատականը՝ դատական գործընթացը որակելով որպես դասական SLAPP։ Փաստաբանը նշեց, որ իր գնահատմամբ՝ այն ուղղված է հանրային մասնակցությունը սահմանափակելուն և մարդկանց լռեցնելուն։ Փաստաբանի խոսքով՝ դատական նիստում քննարկված հանգամանքները, այդ թվում՝ վիճարկվող արտահայտությունների հասցեատիրոջ հարցը, հիմք են տալիս պաշտպանական կողմին՝ կասկածի տակ դնելու հայցի հիմնավորվածությունը։

Միևնույն ժամանակ, ըստ Թորոսյանի, գործի վերջնական ելքը կանխատեսելն այս փուլում վաղաժամ է․ Դատարանը դեռ պետք է քննի հայցի բովանդակությունն ու կողմերի ներկայացրած փաստարկները։ Սակայն, քանի որ գործը զուրկ է իրավական իրական հիմքերից և ծառայում է որպես ակտիվիստին ճնշելու և հյուծելու գործիք, այն երկարաժամկետ կտրվածքով հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունի։

​Նիստի սկզբում ԷկոԼուրի լրագրողը Դատարանին խնդրեց՝ թույլատրել նիստի տեսանկարահանումը։ Դատավոր Արման Օհանյանը Կողմերի հետ քննարկեց դատական գործընթացը տեսանկարահանելու հարցը։ Սակայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեմ արտահայտվեց այդ առաջարկին՝ մերժելով նաև դատավորի երկրորդ առաջարկը՝ տեսանյութում չցուցադրել կողմերի դեմքերը։

Արդյունքում տեսանկարահանումն արգելվեց, սակայն լրագրողին թույլատրվեց արձանագրել դատական նիստի ընթացքը և շարունակել մասնագիտական աշխատանքը։

Հոկտեմբեր 30, 2026 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր