

«Ոսկին՝ ձեզ, իսկ ջուրը՝ ո՞ւմ…»․ այս կարգախոսով նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկեց Ամուլսարի պաշտպանությանն ու Հայաստանի ջրային պաշարների պահպանմանն ուղղված հանրային ակցիան։
Ակցիայի նախաձեռնողները խորհրդանշական ցուցադրություն էին կազմակերպել Կարապի լճի մոտ։ Նրանք բերել էին թեմատիկ մի կոլաժ, որի վերևի հատվածում Ամուլսարի պատկերն էր, իսկ ներքևում՝ ցիանիդով աղտոտված ջուր խորհրդանշող սափոր։ Մասնակիցները բեմադրեցին «Ամուլսարի հանքի բացումը»՝ կտրելով կոլաժին ամրացված կարմիր ժապավենը։ Այնուհետև մասնակիցներից յուրաքանչյուրը բարձրաձայնեց ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերն ու մտահոգությունները։ Բացասական հետևանքները նշելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները մաքուր աղբյուրի ջուրը խորհրդանշող շշերը լցնում էին սափորի «ցիանիդային թունավոր հեղուկով»։
Ներկաների կարծիքներից ձևակերպելով միասնական հանրային պահանջ՝ ակցիայի մասնակիցները «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։ Նրանք իրենց հետ տարած «ցիանիդային ջրով» շշերը, որպես Հայաստանի բնության դեմ իրականացվող էկոցիդի վկայություն, թողեցին գործադիրի շենքի դիմաց:
Ակցիայի ընթացքը, քաղաքացիների ելույթներն ու պահանջները կարող եք դիտել «ԷկոԼուրի» ֆեյսբուքյան էջի՝ տեղից արված ուղիղ եթերի տեսագրության մեջ՝ ստորև.
Նոյեմբեր 06, 2026 at 15:07
