ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ի ՀԵՏԵՎՈՒՄ

ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ի ՀԵՏԵՎՈՒՄ

Մարինե Խառատյան, Հրապարակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ասուլիսում ուրբաթ օրը ուշագրավ բացահայտումներ եղան ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման հետ կապված: Ըստ այդմ պարզվել է, որ ոսկու հանքերը գնելու օրվանից՝ 2007թ.-ից, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը հարկ չի վճարել ՀՀ-ին՝ պատճառաբանելով, թե վնասով է աշխատում: Ընդ որում՝ շարունակել է շահագործել հանքավայրերը:

«Ընկերությունը 01.01.2008-01.04.2010 թթ. ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի, կորզումը կազմել է 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել»,- գրված է ՎՊ-ի ընթացիկ հաշվետվության մեջ:

Ընդ որում՝ ընկերությունում չեն պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները, ինչը նախատեսված է օրենքով: Ընկերությունը պետական բյուջե չի վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չի վճարել նաեւ 2009թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ: ՎՊ-ն նաեւ պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը շուրջ երկու տարի շահագործել է առանց բնապահպանության նախարարության լիցենզիայի:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում նման կարգի ապօրինություն կատարել հնարավոր չէ առանց առաջին դեմքերի «տանիքի» կամ մասնակցության: Ուշագրավ է, որ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Իսկ թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: Հարցին, թե ովքեր են  «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող հանքի իրական տնօրինողները, Իշխան Զաքարյանը չցանկացավ պատասխանել՝ խնդրելով ՎՊ նախագահին «սուբյեկտիվ դաշտ» չտանել։

«Դուք պատկերացրեք՝ ես սկսեմ անուններով խոսել։ Իհարկե, շատ միամիտ կլինի, որ կարծեք, որ մենք որոշակի անուններ չգիտենք կամ գիտենք։ Եթե սկսեմ խոսել անուններով, ազգանուններով, հայրանուններով, վաղը-մյուս օրը գիտե՞ք ինչ կստացվի, ցանկացած մեր հրապարակում, ցանկացած իմ հանդիպումը ձեր հետ կգնա դեպի սուբյեկտիվ դաշտ, եւ ինչ գնահատական ասես կտաք»,- հայտարարեց Զաքարյանը։ Ակնհայտ է մի բան՝ ընկերությունը հանքի տեր է դարձել 2007թ.-ին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ու այդ թվականից էլ զարմանահրաշ կերպով հարկ չի մուծել:

Այն դեպքում, երբ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հետեւողականորեն բացահայտում է բոլոր տնայնագործ բուլկի թխողներին ու մեծ խանդավառությամբ լուրը տարածում բոլոր հեռուստաալիքներով: Հայտնի է նաեւ Ռ. Քոչարյանի սերը Հայաստանի բնական բոլոր տիպի պաշարների նկատմամբ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով, ինչպես հայտնի է, գերադասել է բենզինի ու դիզվառելիքի ոլորտը։ Ի դեպ, հարցին, թե նախկինում հանքի շահագործման ստուգումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ, ՎՊ նախագահը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ չեն եղել, բայց մենք այս երեք տարվա մեջ որեւէ ստուգող այլ կազմակերպության նյութերի վրա չենք հենվել»։ Իշխան Զաքարյանը խոստացավ, որ ուսումնասիրություններ կլինեն նաեւ այլ հանքերում: Այսինքն չի բացառվում, որ ուսումնասիրվի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենայինը:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը գրավադրվել է ռուսական բանկերից մեկում՝ 250 մլն դոլարով, սակայն այս գումարը ներդրում չի արվել: Այս տարվա հուլիսի 22-ին, համաձայն բաժնեմասի գրավի պայմանագրի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության սեփականատեր «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա լիմիթեդ» ընկերությունը ռուսական «ՎՏԲ Կապիտալ Փի Էլ Սի» գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը` ի շահ «Կառլոու Բի Վի» ընկերության: Վերջինս «ՎՏԲ Կապիտալ Փի Էլ Սի» բանկին 2010 թ. հունիսի 22-ին տրամադրել է 250 մլն դոլար վարկ:

Բաժնեմասի գրավի պայմանագրի 9-րդ կետի դրույթներով նախատեսված են մի շարք հանգամանքներ, որոնց ի հայտ գալուն պես վարկառուի պարտավորությունները համարվում են չկատարված, եւ այդ դեպքում «ՎՏԲ Կապիտալ» բանկը ձեռք է բերում բացարձակ իրավունք` գրավի տակ գտնվող ակտիվները փոխանցելու երրորդ անձանց, առանց գրավատուի համաձայնությունը ստանալու: «Կառլոու Բի Վի» ընկերության ստացած 250 մլն դոլար վարկի գումարներից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հաշվին միջոցներ չեն փոխանցվել: Իսկ  ընկերությունը չի կատարել ներդրումային պարտավորությունները: Ի՞նչ է եղել 250 մլն դոլարը, անհայտ է: Ընդ որում՝ բանկում ընկերության համար երաշխավորել են մի շարք օֆշորային կազմակերպություններ, որոնք պատկանում են նույն մարդուն: Պետական եկամուտների կոմիտե ներկայացրած հաշվետվությունների համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի վնասը 2007թ. կազմել է 16.3 մլրդ, 2008-ին` 17.2 2009-ին` 11.6 մլրդ դրամ:

Իր եզրակացությամբ Վերահսկիչ պալատը կառավարությանն առաջարկում է քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը: «Կարծում եմ, տվյալ դեպքում ՎՊ խորհուրդը շատ ճիշտ է վարվել, որ առայժմ դնում է լիցենզիոն պայմանագրի շարունակելու խնդիրը, հանքավայրի հետագա շահագործման հետ կապված խնդրի վավեր կամ անվավեր լինելու հարցը»,- հայտարարեց Իշխան Զաքարյանը։

Նոյեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր