ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՓՈԹՈՐԿԻՆ. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ» ԱՇԽԱՐՀԻՑ

ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՓՈԹՈՐԿԻՆ. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է, ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ» ԱՇԽԱՐՀԻՑ

Գայանե Աբրահամյան, «ԱրմենիաՆաու»

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը գնաց Կապանի իր հարավային գործընկերոջ հետքերով. աշխատանքը դադարեցվեց ինչպես «Դինո Գոլդ Մայնինգ», այնպես էլ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատներում:

Ներքաղաքական լուրջ ճգնաժամի կողքին Հայաստանի իշխանություններն այսօր կանգնած են թափ հավաքող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ու գործազրկության աճը կանգնեցնելու դժվար խնդրի առաջ:

Ճգնաժամն առաջին հերթին հարվածեց հանքարդյունաբերությանը, քանի որ վերջին ամիսներին գների կտրուկ անկում ապրած համաշխարհային շուկա Հայաստանից արտահանվող ապրանքներն են պղինձը, ոսկին, մոլիբդենը, ցինկն ու կապարը:

Երկրի հարավում նոյեմբերից արդեն 2000 մարդ կորցրել է աշխատանքը: Կառավարական աղբյուրներից մեկի հավաստմամբ (որը ցանկացավ անանուն մնալ)` ընդհանուր առմամբ հանրապետությունում հոկտեմբերից սկսած գործազուրկ է դարձել մոտ 5000 մարդ: Այդ կրճատումները հատկապես բացասաբար են անդրադառնում ոչ ճկուն աշխատանքի շուկայի պարագայում: Հայաստանում 2008 թ. պաշտոնական թվյալներով գործազրկության մակարդակը 6,3 տոկոս է, սակայն այդ ցուցանիշը չի կարելի հիմք ընդունել, քանի որ այն ներկայացնում է միայն աշխատանքի գործակալություններ դիմած գործազուրկներին: Որոշ ՀԿ-ների տվյալներով` գործազրկության իրական թիվը Հայաստանում հասնում է 27 տոկոս:

Երևանից 350 կմ հարավ գտնվող մոտ 40.000 բնակիչ ունեցող Կապան քաղաքում ամենաշատ աշխատատեղ ապահովող կանադական «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» հանքարդյունաբերող ընկերությունը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների անկման պատճառով արդեն երեք ամիս չի գործում:

Գործարանում և հարակից արտադրություններում աշխատում էր 1526 մարդ, որոնց 60 տոկոսը նոյեմբերի 1-ից հարկադիր պարապուրդի է մատնված, 280-ը ազատվել է աշխատանքից հանքերի հետախուզական ծրագրի փակման պատճառով:

«Վիճակը բավական ծանր է, եթե հաշվի առնենք, որ հարկադիր պարապուրդի անցած 725 աշխատողները հոգ էին տանում միջինը հինգ հոգուց բաղկացած ընտանիքի համար: Սա նշանակում է, որ քաղաքում սոցիալական ծանր վիճակում է հայտնվել առնվազն 3600 մարդ»,- ասում է Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը:

Դեռ նոյեմբերի սկզբին, երբ ընկերության տնօրինությունը հայտարարեց կրճատումների մասին, աշխատակիցները մի քանի օր շարունակ գործադուլ արեցին:

Գործադուլը դադարեցվեց միայն կառավարության անդամների հետ բանակցություններից հետո, երբ Կապան և հարակից այլ հանքարդյունաբերական քաղաքներ` Ագարակ ու Քաջարան, մեկնեցին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարները և ընկերությունների հետ համաձայնագիր կնքեցին մինչև փետրվարի 18-ը կրճատումներ չանել, այլ ուղարկել հարկադիր պարապուրդի`վճարելով աշխատավարձի 2/3-րդը:

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի փետրվարի 18-ից հետո: Դա կախված է տնտեսության վիճակից ամբողջ աշխարհում,- ասաց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան: - Կարող են լինել կրճատումներ, գործարանը կարող է նույնիսկ փակվել»:

Նոյեմբերի 13-ի կառավարության նիստում վարչապետը Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ «խնդիրը լուրջ է, քանի որ Սյունիքի մարզն ապրում է այս գործարանների հույսով»:

«Երեք խոշորագույն կոմբինատներում աշխատողների թիվը մոտ 6.000 է, «արբանյակ» ձեռնարկությունների հետ` շուրջ 10.000: Մարզում լուրջ խնդիր ենք ունենալու, քանի որ պաշտոնապես 25.000 գրանցված աշխատողներից շուրջ 10.000-ի աշխատանքը պայմանավորված է այս 3 խոշոր ձեռնարկությունների աշխատանքով»,- ասաց վարչապետը` խոստանալով խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:

Սակայն հանքափորների փոքր քաղաքում տրամադրությունները հուսադրող չեն: Լեռներով շրջապատված քաղաքի մոտ 40 տոկոսն ավերվել էր 90-ականների սկզբին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

«Էս տնտեսական ճգնաժամը մեր մեջքը նորից կոտրեց: Էն ժամանակ ահով սպասում էինք, որ, հեսա, մի «գրադ» կընգնի շենքի վրա, հիմա էլ սպասում ենք կրճատումների մասին որոշմանը,- ասում է հինգ երեխաների մայր Սիրանուշ Գրիգորյանը, ում ամուսինն արդեն 3 ամիս է չի աշխատում: - Գումար գրեթե չկա, երեխաների համար հազիվ հաց ենք գնում, մի տարի առաջ վարկ էինք վերցրել հեռուստացույց ու լվացքի մեքենա գնելու համար, հիմա էլ գումարը չենք կարում վճարել, բանկն ասում ա` դատի կտա»:

Գրիգորյանների ընտանիքը միակը չէ Կապանում, գործարանի փակման հետևանքով տուժել են ոչ միայն գործարանում աշխատողները, այլև փոքր և միջին բիզնեսով զբաղվողները:

Սյունիքի մարզպետարանի ֆինանսական բաժնի տվյալներով` գործարանի շնորհիվ Կապան տարեկան մտնում էր մոտ 500.000 դոլար, և խանութների հիմնական սպառողները գործարանի աշխատողներն են:

Կենցաղային տեխնիկայի վաճառասրահներից մեկի մենեջերը հայտնեց, որ 3 ամսվա ընթացքում վաճառքը նվազել է մոտ 50 տոկոսով:

«Գործարանը չկա,սպառողներն էլ չկան: Հոկտեմբերից էս կողմ, ինչ մարդիկ ուղարկվեցին հարկադիր պարապուրդի, խանութ գրեթե մարդ չի մտել, իսկ ովքեր էլ վարկով են ապրանք վերցրել, չեն կարողանում փակել պարտքերը»,- ասաց խանութի մենեջերը`հավելելով, որ իրենք էլ բիզնեսը սկսել են վարկով, ու եթե չկա առևտուր, իրենք էլ են տուժում ու կանգնած են փակման եզրին:

Դեկտեմբերին կրճատումներ եղան նաև Երևանից մոտ 400 կմ հարավ գտնվող Ագարակ քաղաքի (4900 բնակիչ) պղնձամոլիբդենային կոմբինատում` աշխատանքից զրկվեց 450 մարդ:

«Ագարակում աշխատող բնակչության կեսից ավելին այսօր անգործ է, սրա մասին պետք է լրջորեն մտահոգվի կառավարությունը,- ասում է Ագարակի կոմբինատի արհմիության նախագահ Արկադի Սարգսյանը` շեշտելով, որ հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ: - Կառավարության հետ բանակցություններ են ընթանում, գուցե որևէ աջակցություն ստանանք, դեռ ամեն ինչ անորոշ է»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հավաստիացնում է, որ բանակցությունները բավարար արդյունքի կբերեն:

«Մենք հաղթահարել ենք ճգնաժամի առաջին ալիքը, կառավարությունն աշխատում է օպերատիվ ռեժիմով, ամեն օր անցկացնում ենք համաշխարհային շուկաների վերլուծություն։ Դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ իրավիճակը կշտկվի»,- ասաց նախարարը:

Մինչ կառավարությունը փորձում է ուղիներ գտնել երկրի հարավային` Սյունիքի մարզում իրավիճակը շտկելու համար, կրճատումների ալիք բարձրացավ հյուսիսում: Դեկտեմբերին երկու գործարան փակվեց նաև երկրի երկրորդ քաղաք Գյումրում, իսկ մեծությամբ երրորդ քաղաքում` Վանաձորում, ամենամեծ` քիմիական գործարանի 800 աշխատողները ևս հարկադիր պարապուրդի մեջ են: Քաղաքի եռակցման սարքավորումներ արտադրող գործարանը նույնպես փակեց դռները`ազատելով բոլոր 350 աշխատողներին:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը զբաղվում է Երևանից մոտ 190 կմ հյուսիս գտնվող Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործմամբ, վերջին 5 տարիներին քաղաքում ապահովում էր աշխատատեղերի մոտ 70 տոկոսը:

Ըստ ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանի` գործարանի 1044 աշխատողներից ներկայումս մնացել է 640-ը, որոնց հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նախատեսված էր փետրվար ամսին, սակայն հետաձգվել է մինչև ապրիլի 1-ը:

«Սա խնդիր է, որ կախված չէ ոչ պետությունից, ոչ էլ ընկերության ղեկավարությունից, բայց կարող եմ ասել մի բան. առանց գործարանի Ալավերդին չի գոյատևի, մենք ոչ հող ունենք, որ զբաղվենք գյուղատնտեսությամբ, ոչ էլ այլ հնարավորություն»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:

Փետրվար 12, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր