ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ 2009» ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՂՎՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ 2009» ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄՂՎՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻՆ

WWF-Armenia

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) և ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ կազմակերպում են  «Մոլորակի ժամը» վերտառությամբ ակցիա, որը  հանդիսանում է կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային գործողություն: Ակցիայի նպատակն է, որ մեր երկիրը նույնպես իր փոքր ներդրումն ունենա համաշխարհային գործողությանը և կոչ է անում հայ հասարակությանը, բիզնես աշխարհին, խոշոր արտադրողներին, հասարակ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս միջոցառմանը, մարտի 28-ին՝ ժ. 20:30-ին, մեկ ժամով անջատել լույսերը` ցույց տալու իրենց աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:
 
Միջոցառումն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: 2008թ. ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել է այս միջոցառմանը: Այս տարի «Մոլորակի ժամը» նպատակ ունի ներգրավել 1 մլրդ բնակչություն շուրջ 1000 քաղաքներում:

2007թ. սկսած՝ վերը նշված ակցիան տեղի է ունենում ամեն տարի և մասնակից քաղաքների ու երկրների քանակը գնալով աճում է: Այս տարի՝ 2009թ. փետրվարի 3-ի դրությամբ, մասնակից քաղաքների թիվը հասել է 375-ի, իսկ մասնակից երկների թիվը` 74-ի: Ս.թ. մարտի 28-ին՝ ժամը 20:30-ին, մեկ ժամով իրենց լույսերն են անջատելու մեր մոլորակի 37 մայրաքաղաքներ, որոնց թվում են՝ Լոնդոնը, Պեկինը, Լոս Աջելոսը, Ռիո դե Ժանեյրոն, Հոնկոնգը, Դուբայը, Աթենքը, Սան-Ֆրանսիսկոն, Բուէնոս-Այրեսը, Հռոմը, Օսլոն, Լաս Վեգասը, Մոսկվան, Սիդնեյը, Կոպենհագենը, Բրյուսելը, Հելսինկին և շատ այլ մայրաքաղաքներ:

Հանրաճանաչ քաղաքների հետ մեկտեղ «Մոլորակի ժամը» ակցիայի ընթացքում մեկ ժամով խավարի մեջ կմտնեն համաշխարհային համբավ ունեցող այնպիսի շինություններ և օբյեկտներ, ինչպիսիք են Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հսկայական արձանը, Սիդնեի օպերայի շենքը, Տորոնտոյի Սի-Էն Թաուէր հեռուստաշտարակը, «Ֆեդերացիա» աշտարակը Մոսկվայում և այլն:

Սույն նախաձեռնությանն այս տարի որոշել են սատարել մի շարք հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, ինչպիսիք են Օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշետը, Նոբելյան մրցանակի արժանացած Դեսմոնդ Թութուն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի գլխավոր դիզայներ Շեպարդ Ֆերին և այլոք:

Միջոցառման բոլոր մանրամասները և դրան մասնակցելու ու գրանցվելու ընթացակարգը զետեղված են «Մոլորակի ժամը» պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.earthhour.org/global:

Մարտ 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր