«GeoProMining» ընկերության գործունեությունը շարունակում է էկոլոգների շրջանում դժգոհություն առաջացնել

«GeoProMining» ընկերության գործունեությունը շարունակում է էկոլոգների շրջանում դժգոհություն առաջացնել

ԱրմԻնֆո

Էկոլոգները մտադիր են շարունակել պայքարն ընդդեմ Սոտքի հանքավայրում «GeoProMining» ընկերության ջարդիչ տեսակավորող համալիրի կառուցման:

Ինչպես նշեց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը, ընկերության ծրագրերը ուղղակիորեն խախտում են «Սեւանա լճի մասին» օրենքի դրույթները: «Օրենքի համաձայն` Սեւանի ավազանում արգելվում է արտադրության տեղադրում, որի գործունեության արդյունքում գոյանում են թափոններ»,- ասաց նա մայիսի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով`  ջարդիչ տեսակավորող համալիրի աշխատանքը կազդի Սեւանի քաղցրահամ ջրի որակի վրա:

«Գիտնականների գնահատականներով` աշխարհում խմելու ջրի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 տարի: Իսկ Սեւանը ոչ միայն Հայաստանի խմելու ջրի խոշորագույն աղբյուրն է, այլ նաեւ ողջ Կովկասի: Սեւանի ավազանում վերամշակման գործունեությունը թույլատրելով` մենք վտանգի տակ ենք դնում մեր երկրի ապագան»,- ընդգծեց Վարդանյանը:

Իր հերթին «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ջարդիչ տեսակավորող համալիրի կառուցումը Սոտքում իրականացվում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության: Բացի այդ, ջարդիչ տեսակավորող համալիր կառուցման վերաբերյալ իր համաձայնությունը չի տվել նաեւ Սոտք համայնքը, որի վարձակալված տարածքում է կառուցվում համալիը: Զարաֆյանը հիշեցրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում տիրող ծանր իրավիճակի առնչությամբ էկոլոգները բաց նամակ են ուղղել ՀՀ բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին:

Սևանն աղտոտվում է առաջին կարգի թունավոր նյութերով
Կարինե Իոնեսյան, www.hra.am

Սևանում «Գեոպրոմայնինգ»  ընկերության կողմից նոր անօրինական արտադրամասի շահագործման արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներով մտահոգված բնապահպանները պահանջում են ապամոնտաժել այն:

Մայիսի 10-ին, բնապահպանները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անօրինական ձևով հանքաքարի մանրացման արտադրամաս է տեղադրել Սևանա լճի մոտ Սոտքի ոսկու գործարանում, որը ջարդում է ապարը, մաղում այն՝ կորզելով հանքաքարի ոսկու և արծաթի պարունակությունը, իսկ մնացած հանքաքարը թափոնների տեսքով մնում է Սևանում:

«Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի՝ Սոտքի հանքի շահագործման արդյունքում մենք կունենանք մոտ 300 մլն տոննա թափոն' սուլֆիդային ագրեսիվ շատ էլեմենտներ' մկնդեղ, քրոմ, կադմիում եւ այլն, որոնք թունավորության առաջին աստիճանի նյութեր են: Սոտք գյուղը, երբ վերջանում է՝ մինչև Քելբաջարի սահմանը 6 կմ տարածքով երկու կողմից էլ ճանապարհին արդեն կան թափոններ, որոնք կես տարին մեկ կիլոմետրով են ավելանում ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում»,- www.hra.am -ին հայտնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության տնօրեն Ինգա Զարաֆյանը:

Այժմ և հետագայում սպասվող տեղումներն ավելի են արագացնում նման թունավոր նյութերի հոսքը Սևան:

Արդյունքում նախ խախտվում է ՀՀ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածը, ըստ որի  կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն,անմիջական ազդեցության գոտում արգելվում են'

ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.

գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:

Խախտվում է նաև  ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին  օրենքը, քանի որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանի՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը չունի  արտադրամասի փորձաքննության դրական եզրակացություն:

«Շատ ցավալի է, որ բնապահպանության նախարարությունն արագ չի արձագանքում նման երևույթներին ու արտադրամաս կառուցելուց հետո են միայն տեղեկանում այդ մասին»,- ասում է «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:

Մեկ այլ բնապահպան՝ ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, քանի որ նման արտադրամասի կառուցումը սկիզբ կարող է դնել ոսկու վերամշակման ամբողջական գործընթացի տեղափոխմանը Արարատ քաղաքից դեպի Սոտք։ «Սոս» բնապահպանական շարժումը նախորդ երկու տարիների պայքարի արդյունքում կարողացավ կանխել այն և ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով:

Խնդիրը լուծելու համար բնապահպանները դիմել են ինչպես վերոնշյալ հանձնաժողով, այնպես էլ՝ ՀՀ Բնապահպանության  և Էկոնոմիկայի  նախարարություններ, որտեղից պաշտոնական գրավոր պատասխան չեն ստացել:

«Մենք հրամայել ենք դադարեցնել արտադրամասի շահագործումը, մինչև «Գեոպրոմայնինգը» չներկայացնի փորձաքննության արդյունքները»,-  www.hra.am-ին հայտնեց  ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Մայիս 12, 2011 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր