

ԷկոԼուր
Մայիսի 20-ին Կապանում տեղի կունենա «Deno Gоld Mining Company»-ի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրում աշխատանքների ընդլայնման նախագծի քննարկում: «ԷկոԼուր»-ը շարունակում է ահազանգեր ստանալ Կապանի հասարակությունից, ովքեր անհանգստացած են այդ նախագծից` մասնավորապես այդ հանքավայրի շահագործման մեթոդից: Ինչպես հայտնի է` Կապանի բնակիչները դեմ են հանքի բաց եղանակով շահագործմանը, ինչի մասին «Deno Gоld Mining Company»-ն հայտարարեց դեռ մեկ տարի առաջ:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ընկերության տրամադրած փաստաթղթերում արդեն հանդիպում է բաց եղանակով շահագործման հասկացությունը: «Ընկերության ստորաբաժանումների ցանկում կա բաց հանք, որն իբրեւ թե հիմա փակ է: Բայց մենք գիտենք, որ բաց հանք Շահումյանի հանքավայրում չկա: Ապա ինչո՞ւ է ընկերությունը մտցնում այս հասկացությունը որպես արդեն գոյություն ունեցող»,- հարց է տալիս Մարտիրոսյանը:
«Մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերը եւ չենք տեսնում, թե որտեղ, որ էջում է նշված Շահումյանի հանքավայրի շահագործման կոնկրետ եղանակը: Փաստաթղթերից պարզ չէ, թե ինչի հաշվին է ընկերությունը մտադիր մի քանի անգամ ավելացնել իր արդյունահանությունը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը: Իսկ Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ «ԷկոԼուր»-ի` Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործել պատրաստվելու մասին նյութի հրապարակումից հետո «Deno Gоld Mining Company»-ի էկոլոգ Հասմիկ Մկրտումյանը ասել է, որ այդ նախագիծը վերաբերվում է փակ, այլ ոչ բաց շահագործմանը: Սակայն, պաշտոնական պատասխան «ԷկոԼուր»-ը ընկերությունից չի ստաց:
Այս կապակցությամբ «ԷկոԼուր»-ը դիմում է «Deno Gоld Mining Company»-ին խնդրանքով` պարզաբանելու իրավիճակը եւ մինչեւ մայիսի 20-ը պատասխանել հարցին. «Ընկերությունը Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման եւ աշխատանքների ընդլայնման համար ի՞նչ եղանակ է մտադիր կիրառել` բաց, թե փակ»:
Մայիս 13, 2011 at 10:18
