

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գրավոր պատասխանել է Գավառի Օրհուս կենտրոնին, որը նախարար Արմեն Մովսիսյանի անունով նամակ էր ուղարկել` պահանջելով ապամոնտաժել Սոտքի ոսկու հանքավայրում «Geopromining Gold» ընկերության անօրինական արտադրությունը, որը խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Պահանջի տակ ստորագրել էին ս.թ. ապրիլի 19-ին Սոտք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների մասնակիցները:
Նախարարությունը պատասխանել է, որ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում և որպես հիմնավորում ներկայացրել է 80-ական թվականների նախագիծ, որը երբեք կյանքի չի կոչվել:
Կ. Ղահրամանյանի ստորագրությամբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 10.05.2011թ. թիվ 07/16/1764-11 պատասխանում մասնավորապես նշված է, որ «Geopromining Gold» ՓԲԸ-ն Սոտքի ոսկու հանքավայրում իր գործունեությունն իրականացնում է 1980-1982թթ. նախագծերի հիման վրա, որոնք ժամանակին կազմվել և ճշգրտվել են «ՀԱՅԳՈՒՆՄԵՏՆԱԽԱԳԻԾ» և «ВНИПИГОРЦВЕТМЕТ» ինստիտուտների կողմից:
Մեր կողմից նշենք, որ այդ նախագծերում նույնիսկ «Սոտքի հանքավայր» անվանումն է բացակայում, բայց կա հին անվանումը` «Զոդի հանքավայր»:
Պատասխանում նաեւ Սոտքի Կենտրոնական տեղամասի պաշարների մասին է նշված. «Նախկին ԽՍՀՄ ՊՊՀ-ի 1980 թ-ի նոյեմբերի 21-ի N 8635 արձանագրությամբ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքավայրի Կենտրոնական տեղամասի գաբրոզանգվածում հաստատվել են ոսկու պաշարներ, իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ՕՀՊԳ-ի 2010 թ-ի դեկտեմբերի 28-ի N 266 որոշմամբ` վերահաստատվել են դրանք և կազմել 5075,2 հազ. տ հանքաքար` 14198,5 կգ ոսկի, 51,1 տ արծաթ:
Հանքավայրի գաբրոզանգվածի շահագործման նպատակով 1981թ-ին «ВНИПИГОРЦВЕТМЕТ»-ի (тема29-81-38), իսկ 1988թ-ին «ՀԱՅԳՈՒՆՄԵՏՆԱԽԱԳԻԾ» գիտահետազոտական ինստիտուտի («АРМНИПРОЦВЕТМЕТ»), инв. N 38344) կողմից կազմվել են անթափոն արտադրության նախագծեր, որոնցով նախատեսվել են գաբրոզանգվածի տեղամասի հարևանությամբ տեղադրել ջարդող-տեսակավորող կայանք` գաբրոյի արտահաշվեկշռային պաշարներից շինարարական լցանյութի և խճի արտադրության, իսկ մանրացված հանքաքարը` Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա տեղափոխելու համար:
Ապարների անջատումը զանգվածից, համաձայն հանքավայրի շահագործման նախագծի, կատարվում է պայթեցման աշխատանքների միջոցով, որը ևս մեխանիկական ջարդման, փշրեցման եղանակ է և առանձնապես չի տարբերվում ջարդող-տեսակավորող սարքավորման տեխնոլոգիական պրոցեսից, հատկապես որ երկու դեպքում էլ քիմիական նյութեր և ռեագենտներ չեն օգտագործվում: «Geopromining Gold» ՓԲԸ-ի 2011-2012 թվականների լեռնային աշխատանքների ծրագրով նախատեսվել է հանքավայրի գաբրոզանգվածից արդյունահանել 3160,0 հազ. տ հանքաքար` 3862,0 կգ ոսկի»:
Հետո Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գրում է, որ ««Geopromining Gold» ՓԲԸ-ն Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերահսկողությունը ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթն է»:
Այսպիսով, 80-ական թվականների նախագիծը, որը կյանքի չէր կոչվել նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, հանկարծ նոր շունչ ստացավ հատուկ «Geopromining Gold» ՓԲԸ-ի համար:
Հիշեցնենք, որ ավելի շուտ ՀՀ բնապահպանության նախարարությունը Գավառի Օրհուս կենտրոնին պատասխանել էր, որ ընկերությունից պահանջել է բնապահպանական փորձաքննությանը ներկայացնել նախագիծը: Նշենք նաեւ, որ խորհրդային ժամանակահատվածում «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը գոյություն չուներ, բայց, հավանաբար, պետական այրերը դեռ այդ ժամանակ մտածում էին Սևանի մասին և որոշեցին չոչնչացնել լիճը:
Ի դեպ, գրավոր պատասխանը վկայում է այն մասին, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջակետ դրեց ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումների վրա, որը հայտարարեց «Geopromining Gold» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների մասին և նույնիսկ պահանջեց ընկերությանը զրկել լիցենզիայից և գործը փոխանցել ՀՀ դատախազություն:
Մայիս 19, 2011 at 13:56
