Մասրիկ եւ Սոտք գետերի աղտոտման պրոֆիլները միանգամայն նույնական են Սոտքի հանքանյութի պրոֆիլներին

Մասրիկ եւ Սոտք գետերի աղտոտման պրոֆիլները միանգամայն նույնական են Սոտքի հանքանյութի պրոֆիլներին

ԷկոԼուր

Մասրիկ եւ Սոտք գետերը ձեւավորվում են Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքում: Այդ գետերը Մասրիկ, Սոտք, Ազատ գյուղերի հիմնական ջրի աղբյուրն են: Բնակիչները ջրում են իրենց հողամասերը: Ջուրը խմում են կենդանիները: Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական գյուղերում: Սակայն մի բան սովորական չէ:

Այդ գետերի ջրի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանցում ծանր մետաղներ կան: ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի 2010թ. տվյալներով`  Մասրիկ, Սոտք, Արգիճի, Գավառագետ գետերում նկատվում է վանադիումի, քրոմի, եւ որոշ դեպքերում նիկելի ՍԹԿ-ի գերազանցում: Այս տարրերը պարունակում են  ասֆալտի արտադրությունների, լցակայանների, լվացման եւ այլ կայանների արտանետումները:

Բայց կան նաեւ այլ, հասարակությունից գաղտնի պահվող տվյալներ: Մասրիկ եւ Սոտք գետերում ծանր մետաղներով աղտոտումը դրսեւորվում է ոչ այնքան ջրում, որքան գետերի նստվածքում: Եւ այստեղ պարզ է դառնում, որ Մասրիկ եւ Սոտք գետերի հատակի նստվածքը պարունակում է ծանր մետաղների մի ամբողջ փունջ, որի պրոֆիլն ամբողջովին արտացոլում է Սոտքի ոսկու հանքավայրում այդ մետաղների պարունակման  պրոֆիլը: Պրոֆիլները կազմված են ավելի քան 40 տարրերի վերլուծության արդյունքների համաձայն, ընդ որում վերցված են միմյանց փոխհարաբերակցությամբ: Բնորոշ հատկանիշները նույնն են տվյալ նստվածքների, ինչպես նաեւ ձյան եւ փոշու համար, որը նստել է Սոտքի հանքավայրի կողքի ձյան վրա: Նրանք ճշգրտորեն կրկնում են հանքում պարունակվող ծանր մետաղների պրոֆիլը:

Իրականանում են երկրաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի կանխատեսումները, ով նախազգուշացնում էր, որ հանքի լցակույտերը կվարակեն տարածքը, գետերի ջուրը, իսկ նրանց միջոցով` Սեւանը:

Խորհրդային ժամանակաշրջանում Սոտքի հանքավայրը շահագործվում էր եւ բաց, եւ փակ եղանակով, ընդ որում, բաց շահագործման ծավալները սահմանափակ էին: Այժմ Սոտքի հանքավայրը շահագործվում է բաց եղանակով: «GeoProMining Gold» ընկերության ղեկավարները պնդում են, որ այդ եղանակը հարկադրաբար է կիրառվում, քանի որ հանքում ոսկու պարունակությունը քիչ է: Տեղի բնակիչներն այլ կարծիքի են: «Ժամանակին Սոտքն ուղղակի ջրում էին, եւ այդպես լվանում էին ոսկին: Դա շատ հարուստ հանքավայր է, բոլորն այդ մասին գիտեն, բայց ավելի ձեռնտու է տեսք ընդունել, որ ոսկին քիչ է»,- ասաց մեզ նրանցից մեկը: Սոտքի հանքավայրում բացի ոսկուց եւ արծաթից կա մկնդեղ, ծարիր, վանադիում, կադմիում եւ շատ ուրիշ այլ տարրեր` ներառյալ ուրան, տելլուր եւ ռադոն: Այդ բոլորը կամ տարվում է ոսկու կոնցենտրատի մեջ, կամ լցակույտերի տեսքով թափվում է շրջակա միջավայրում: Այնպես որ, եթե լցակույտերը լավ լվացվեն, հենց տեղում եւս մեկ ֆաբրիկա սարքեն, ապա կարելի է շատ հետաքրքիր, թանկարժեք, թեկուզ եւ  թունավոր տարրեր կորզել:  Իսկ եթե օգտագործվեն Սոտք եւ Մասրիկ գետերը որպես լվացման գծեր, ապա կարելի է զբաղվել միջազգային բիրժաներ հազվադեպ մետաղների արտահանմամբ: Իսկ ի՞նչ կլինեն Սեւանը, ջուրը, գետերը: Թանկարժեք ջրային ռեսուրսները աղտոտվում են հենց հիմա մեր աչքի առաջ: Հաշվի առնելով այն, որ «GeoProMining Gold» ընկերությունը գործին լուրջ է կպել, արդեն Սոտքում տեղադրել է մանրացման-տեսակավորման արտադրություն եւ մտադիր է մի քանի անգամ ավելացնել արտադրության ծավալները, ապա կարելի է ասել, որ այդ գետերին երկար չի մնացել ապրելու, մինչեւ նրանք ամբողջությամբ չվերածվեն պոչերի:

Հուլիս 22, 2011 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր