

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզում հանքարդյունաբերական գործունեության համար տրվել է 20 արտոնագիր, եւս 27 արտոնագիր տրվել է օգտակար հանածոների հետախուզման համար: Առկա լեռնարդյունաբերություններից են Սոտքի ոսկու հանքավայրը եւ ոչ մետաղական հանքավայրերը, որտեղ տուֆ, բազալտ, տորֆ, պեռլիտ եւ ավազ են արդյունահանում: Այդ արդյունաբերություններից շատերն ուղղակիորեն ազդում են Սեւանա լճի էկոհամակարգի եւ լճի քաղցրահամ ջրի որակի վրա: Առաջին հերթին դրանք տոքսիկ տարրեր են եւ ծանր մետաղներ, օրինակ` քրոմ, նիկել, կադմիում, մկնդեղ, անտիմոն եւ այլն: Այս տարրերը ոսկու հետ միասին կան Սոտքի հանքավայրում, իսկ քրոմ կա նաեւ ոչ մետաղական հանքավայրերում, ինչպես օրինակ Շորժայի եւ Ջիլիզայի քրոմ պարունակող դունիտ-պերիդոտիտային հանքավայրում: Ավազն էլ արդյունահանվում է հիմնականում Սեւանի ափերի մոտակայքում` Շորժայի մոտ, Արդանիշի թերակղզում: Ավազի տարհանմանը զուգահեռ փոխվում է լճի էկոհամակարգը, վերանում է կենսաբազմազանությունը, որը պետք է պահպանի Բնապահպանության նախարարությունը` ի դեմս «Սեւան» ազգային պարկի:
Գեղարքունիքի մարզում ամենից շատ ոսկի են փնտրում: Օգտակար հանածոների հետախուզման համար տրամադրված 27 արտոնգրերից 6-ը ոսկու հետախուզման համար է: Բացի ոսկուց փնտրում են կապար, պղինձ եւ մոլիբդեն, այսինքն` մեր ընդերքին բնորոշ մետաղներ: Եթե նշենք հետախուզման տարածքները, ապա կարելի է եզրակացնել, որ արժեքավոր մետաղներն ընդգրկում են Սեւանա լճի ավազանի տարածքը:
Նշենք որ ընդերօգտագործման քաղաքականությունը որոշում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որն էլ առանց բնապահպանական փորձաքննության անցկացման հետախուզման արտոնագրեր է բաժանում: Եթե որեւէ ընկերություն որոշի, որ իրեն ձեռնտու է ցանկացած ծախսի դեպքում շահագործել այն, ինչը հետախուզել է, ապա Գեղարքունիքի մարզը կվերածվի մեկ մեծ հանքարդյունաբերական ձեռնարկության, ինչպես դա տեղի է ունենում Սյունիքում:
Հոկտեմբեր 05, 2011 at 12:43
