

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատեց, որ Սոտքի ոսկու հանքավայրում «GeoProMining Gold» ընկերության կողմից տեղադրված ջարդիչ-տեսակավորող համալիրի գործունեությունն անօրինական է: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանի սեպտեմբերի 29-ի նամակում նշված է, որ համալիրը ենթակա է փորձաքննության եւ որ համալիրի նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարությանը` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ «GeoProMining Gold» ընկերությունը համալիրը կառուցել է 2011թ. մարտ ամսին եւ մինչ օրս, օրենքը խախտելով, հաջողությամբ գործարկում է այն: Նշենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով Սեւանա լճի ավազանում արգելված է ցանկացած տեսակի արտադրական գործունեություն:
Չնայած Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի դիմումի հիման վրա այս խնդրով զբաղվում է ՀՀ դատախազությունը, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվել:
«ԷկոԼուր»-ը եւս մեկ անգամ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա եւ պահանջում անհապաղ արգելել ընկերության օրինազանց գործունեությունը Սեւանա լճի ավազանում եւ պատժել «GeoProMining Gold» ընկերությանը` ՀՀ օրենսդրությունը խախտելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի օտարերկրյա ընկերությունը, որի համար առաջնայինն իր շահն է, կործանի մեր երկրի ռազմավարական առաջնահերթությունը` 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի պարունակությամբ Սեւանա լիճը:
Հոկտեմբեր 10, 2011 at 13:41
