Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը մի քանի տարի շարունակ թափվում են անդրսահմանային Արաքս գետ, իսկ տեղական իշխանությունները դրանում արտառոց ոչինչ չեն տեսնում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը մի քանի տարի շարունակ թափվում են անդրսահմանային Արաքս գետ, իսկ տեղական իշխանությունները դրանում արտառոց ոչինչ չեն տեսնում

ԷկոԼուր - Սյունաց երկիրը

Մեղրեցիներն ահազանգում են, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետեւանքով մոտ 15 անգամ ավելացել է տարածքի ռադիացիոն ֆոնը: Ինչպես գրում է «Սյունաց երկիրը», Մեղրիում ստեղծված հանրային խորհուրդը ս.թ. սեպտեմբերի 14-ին նամակ է հղել կոմբինատի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինին` նշելով, որ պատրաստ է հերքել իր հայտարարությունը, եթե ընկերությունը ներկայացնի անկախ փորձագիտական կազմակերպությունների հերքող եզրակացություն: Նամակում նաեւ նշված է, որ Մեղրու կայարանի, Ալվանքի, Շվանիձորի, Նռնաձորի բնակիչներից տեղեկացել են որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը ժամանակ առ ժամանակ լցվում են Արաքս գետ, էականորեն փոխում ջրի որակական կազմը, որը պոմպերով մղվում է այդ գյուղերի դաշտամասեր` մարդկանց առողջության համար ունենալով վնասակար հետեւանքներ:

«Սյունաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը եղել է Ագարակի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի մերձակայքում ու արձանագրել, որ ֆաբրիկայից ձգվող պոչատարի վթարի հետեւանքով թափոնաջրերը հոսում են ոչ թե պոչամբար, այլ մերձակա ձորը, միախառնվում հոսող ջրին եւ խառնվում Արաքսին: «Ագարակցիների վկայությամբ` այդ վթարը մի քանի տարվա վաղեմություն ունի եւ, կարծեք, այլեւս ոչ մեկին չի անհանգստացնում: Ամենազարմանալին այն է, որ տեղական իշխանությունները դրանում արտառոց ոչինչ չեն տեսնում, թեեւ այն լուրջ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար: Բոլորը, սակայն, հույս են փայփայում, որ ներկայումս արդիականացվող հարստացուցիչ ֆաբրիկայում աշխատանքներն ավարտելուց հետո խնդիրը հիմնավորապես լուծում կստանա: Իսկ թե ինչ է մտածում մեղրեցիներին մտահոգող հարցերի մասին գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինը, հույս ունենք իմանալ նրա ակնկալվող պատասխանից»,- գրում է թերթը:

Հոկտեմբեր 12, 2011 at 11:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր