Հրազդան քաղաքի քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված հերթական բողոքի ակցիայի մասին

Հրազդան քաղաքի քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված  հերթական բողոքի ակցիայի մասին

ԷկոԼուր

Հրազդան քաղաքի քաղաքացիական նախաձեռնությունը (Կոտայքի մարզ) հայտարարում է Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ ուղղված  հերթական բողոքի ակցիայի եւ երթի մասին: Ակցիան տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում: Միաժամանակ, ակտիվիստները դիմել են Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Դիմումներում նշվում է Հրազդանի երկաթահանքի շահագործման վերաբերյալ հասարակության հարցումներին ուղղված քաղաքապետի եւ նախարարի պաշտոնական պատասխանների հակասությունը: Այսպես, Հրազդանի քաղաքապետի 2011թ. ապրիլի 12-ի գրավոր նամակում ասված է, որ նախագիծը գտնվում է նախնական փուլում: Ակտիվիստները նշում են, որ դա հակասում է Բնապահպանության նախարարության պատասխանին, որտեղ ասվում է, որ նախագիծը 2008թ. բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է ստացել եւ դա հիմք է ծառայում հանքի շահագործման համար:

Բնապահպանության նախարարին ուղղված դիմումում հրազդանցիները նշում են, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը եւ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը վկայել էին «Նագին» ՍՊԸ-ի  ներկայացրած   Հրազդանի երկաթահանքի  նախագծին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն   տալու մասին` մոռանալով նշել,  որ ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ  հոդվածի  4-րդ կետի` հիշյալ փորձաքննության եզրակացությունը  կորցրել է ուժը: Ակտիվիստները նաեւ նշում են, որ միայն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում, որն իրականացնում է «Fortune Oil» ընկերությունը («Նագին» ընկերության բաժնետոմսերի փաթեթի սեփականատերը) շրջակա միջավայրին արդեն իսկ զգալի վնաս է հասցվել:

Նոյեմբեր 03, 2011 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր