Բաց նամակ «Cronimet» ընկերությանը

Բաց նամակ «Cronimet» ընկերությանը

ԷկոԼուր

 Բաց նամակ «Cronimet» ընկերությանը

Պատճեն` ՀՀ կառավարությանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությանը

2011թ. ապրիլի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 627-Ն որոշումը: Քաջարան գյուղի համար դա նշանակում է, որ առանց որեւէ քննարկման, հաշվի չառնելով բնակիչների կարծիքը, 27 հա գյուղատնտեսական հողեր տրվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) մի որոշմամբ, որը շատ նման է դավադրության:

Կառավարության որոշման մասին մարդիկ իմացան մայիսին: Կառավարության կամ կոմբինատի հետ երկխոսության մեջ մտնելու փորձերը չհաջողվեցին: Երբ մարդիկ որոշեցին հանդես գալ արդյունաբերական հսկայի դեմ, շատերին դա անհավանական թվաց: «Մեզ մոտ բոլորը դեմ են` եւ' համայնքապետը, եւ' ավագանին…Ես չեմ տա իմ հողը, միլիոն էլ տան, չեմ տա…»,- սա Քաջարան գյուղի բնակիչների ձայնն է:

Ի տարբերություն հանքավայրից ներքեւ գտնվող տարածքի Քաջարանի գյուղմթերքը աղտոտված չէ ծանր մետաղներով: Համեմատության համար բերենք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2006թ. Քաջարանի, Կապանի եւ մոտակա Սյունիք եւ Լեռնաձոր համայնքների շրջակա միջավայրի աղտոտվածության  վերաբերյալ ուսումնասիրության տվյալները: Այսպես, օրինակ, նշված է, որ  Քաջարան քաղաքի մոտակայքի հողերում աճեցված բանջարեղենում մոլիբդենի կոնցենտրացիան գերազանցում է ՍԹԿ-ն 190 անգամ: Երեխաների մազերում հայտնաբերվել է սնդիկ, որը ՍԹԿ-ն գերազանցում է 7-8 անգամ, իսկ կադմիումի եւ մկնդեղի` այսինքն տոսիկության ամենաբարձր աստիճանն ունեցող մետաղների ՍԹԿ-ի գերազանցումը կազմում է 11 եւ 18 անգամ:

Անշուշտ, տվյալ որոշման եւ մարդկանց ճակատագրի համար պատասխանատվություն է կրում կառավարությունը: Սակայն մենք, ինչպես եւ քաջարանցիները, վստահ ենք, որ այդ պատասխանատվությունը պետք է կիսեն ԶՊՄԿ-ի ներդրողները, քանի որ հենց նրանք են շահույթ ստանում եւ իրականում ազդում են ընդունվող որոշումների վրա: «Մենք չգիտենք, թե ով է իսկապես կանգնած Զանգեզուրի կոմբինատի հետեւում: Նրանք (ԶՊՄԿ-ի ղեկավարությունը) մեկ մարդու են ցույց տալիս` Գյունտեր Պիլարսկուն, ում 6 ամիսը մեկ անգամ բերում են, ուղղաթիռով տարածքը ցույց տալիս, եւ նա մեկնում է...Նրանց հետ ոչ ոք ոչինչ չի քննարկում... Նրանք իրենց մեկուսացրել են ժողովրդից, եւ դա անընդունելի է...»,- ասում են քաջարանցիները:

 Գլխավոր ներդրողը` «Cronimet» ընկերությունը, որն ունի բաժնետոմսերի 60%-ը, իր էլեկտրոնային էջում ներկայացնում է սոցիալ-էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներ: Ելնելով հայտարարված սկզբունքներից` մենք դիմում ենք «Cronimet»-ի ղեկավարներին, որպեսզի ձեռնարկվեն բոլոր միջոցառումները` Քաջարան գյուղի հետ բանակցություններ իրականացնելու համար: Մենք խնդրում ենք ուղարկել  «Cronimet»-ի պատասխանատու ներկայացուցչի, որպեսզի նա տեղում` Քաջարան համայնքում, ծանոթանա իրավիճակի հետ, բնակիչների հետ քննարկի կառավարության որոշումից առաջացած խնդիրները, այլ չսահմանափակվի միայն տեղական վարչակազմի եւ ԶՊՄԿ-ի ղեկավարների հետ հանդիպումներով: Նամակին կցում ենք ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման հետ կապված Քաջարան գյուղի իրավիճակի մասին պատմող  «Բացառիկ գերակա շահ» փաստագրական հոլովակը:

Մենք հույս ունենք, որ բանակցությունների արդյունքում կգտնվեն լուծումներ, որոնք ընդունելի կլինեն ոչ միայն ԶՊՄԿ-ի եւ ներդրողների համար, այլեւ Քաջարան գյուղի բնակիչների համար:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ



Նոյեմբեր 28, 2011 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր