Իրավիճակը հստակեցնելու փորձ` նախընտրական գործեր, ընդերքօգտագործում, գյուղապահպանություն...

Իրավիճակը հստակեցնելու փորձ` նախընտրական գործեր, ընդերքօգտագործում, գյուղապահպանություն...

Սամվել Ալեքսանյան, Սյունաց երկիր

"Սյունյաց երկրի" հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Վաչե Գրիգորյանը

…

– Ինչպե՞ս եք գնահատում մարզի բնապահպանական վիճակը, ի՞նչ մարտահրավերներ կան այդ առումով:

– Մարզը, բնապահպանական առումով, միշտ էլ գտնվել է որոշակի հակասական վիճակում: Այսպես` մի կողմից առկա է հարուստ եւ գեղատեսիլ բնություն, մյուս կողմից` հանքային պաշարներով` մետաղներով, քարերով հարուստ ընդերքը արդյունահանվում է, որը սոցիալ-տնտեսական դրական հետեւանքների հետ մեկտեղ առաջացրել է բնապահպանական բազում խնդիրներ: Գործող հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում են նաեւ հանքային պաշարների հետազոտություն եւ գնահատում, որը կարող է մարզի տարածքում փոխել հանքարդյունաբերության աշխարհագրությունը եւ բնապահպանության տեսանկյունից լուրջ մտահոգությունների պատճառ դառնալ, քանի որ շահագործվող հանքավայրերի ավելացմանը զուգահեռ կմեծանա շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկը, կվտանգվի անտառների ճակատագիրը:

Այդ խնդիրները մարզում կարելի է լուծել Սյունիքի արդյունաբերաբնապահպանական համալիր ծրագրի ընդունման եւ իրականացման միջոցով, ինչի մասին մեր մոտեցումները ներկայացրել ենք դեռեւս 2009 թվականին` մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը մշակելիս: Սյունիքում հանքարդյունաբերական եւ բնապահպանական ռազմավարությունների համադրումը ժամանակի պահանջ է, որը հնարավորություն կտա ապահովել հանքարդյունաբերության վերազինումը ժամանակակից անթափոն, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով, նվազեցնել շրջակա միջավայրի եւ մասնավորապես անտառների աղտոտումը: Արդյունաբերական եւ բնապահպանական ռազմավարության մեջ հնարավոր տարբերակ է անտառային կամ դրանց մոտակա տարածքներում տեւական ժամանակով հանքարդյունահանման արգելումը` մինչեւ գալիք սերունդների կողմից նոր, արդիական տեխնոլոգիաների կիրառումը: Այսօր այդ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է բնապահպանական որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ընդլայնումը:

– Մի քանի տարի առաջ (2008 թվականին) 59 տնտեսավարող սուբյեկտ արտոնագիր ուներ` մարզի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար: Ավելացե՞լ է այդ թիվը, թե՞ նվազել: Ի՞նչ արդյունքներ կան նման հետախուզական աշխատանքների արդյունքում:

– Համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած տվյալների` ներկայումս մարզում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր ունի 30 կազմակերպություն: Ինչպես տեսնում եք, թիվը նվազել է: Իսկ նման հետախուզական աշխատանքների վերաբերյալ, բնականաբար, կարելի է ասել, որ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ուսումնասիրությունների շնորհիվ հանքային պաշարների տվյալներն ավելի են ճշգրտվում, որն էլ հնարավորություն է տալիս ողջամիտ որոշում կայացնել դրանք արդյունահանելու կամ չարդյունահանելու նպատակահարմարության մասին:

– Մեղրիում, Ծավում վերջին ամիսներին լուրջ բանավեճեր են ընթանում հանրության մեջ. Մեղրիում` համանուն գետի հոսքը մասնակիորեն փոխելու, Մեղրի, Տաշտուն, Սպիտակաջուր գետերի վրա փոքր հէկեր կառուցելու, Ծավում` երկրորդ փոքր հէկը կառուցելու հարցի շուրջ: Սյունիքի մարզպետարանն այդ հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի հայտնել: Կուզենայինք իմանալ մարզպետարանի դիրքորոշումը եւ Ձեր անձնական կարծիքը:

– Մենք սկզբունքորեն դեմ չենք փոքր հէկերի կառուցմանը եւ գործարկմանը մարզի եւ համայնքների տարածքներում, որտեղ դրանք կարող են արդյունավետ աշխատել: Փոքր հէկերի գործարկումը փոքր եւ միջին բիզնեսը մարզում զարգացնելու հնարավորություններից մեկն է, սակայն միանշանակ է, որ դրանց շահագործումը չպետք է վնասի բնությանը, համայնքների բնակչության, գյուղացիական տնտեսությունների եւ այլոց շահերին: Այդպիսի հէկերի շինարարությունը պետք է հենց սկզբից չթույլատրել: Իսկ նշված հարցերի վերաբերյալ մասնագիտական ճիշտ եզրակացություն կարող են տալ միայն համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները: Այդ հարցերին մարզպետարանը քաջատեղյակ է, մեր աշխատանքային խմբերը բազմիցս ուսումնասիրություններ, քննարկումներ, հանդիպումներ են կազմակերպել համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ բնակչության հետ, իսկ մեր դիրքորոշումը ներկայացվել է համապատասխան իրավասու մարմիններին: Ինքս այն կարծիքին եմ, որ հէկերի շահագործումը կարելի է իրականացնել բացառապես բնապահպանական գործող նորմերի եւ կարգի համաձայն, եւ այդ դեպքում ոչ ոք չի տուժի:

– Սյունիքի մարզպետարանը դեռեւս պաշտոնական կարծիք չի հայտնել նաեւ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշման վերաբերյալ, որը, մեր համոզմամբ, լրջագույն մարտահրավեր է Կապան եւ Քաջարան քաղաքներին եւ հատկապես Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքներին: Այդ առիթով 600 քաջարանցի նույնիսկ նամակ է հղել երկրի ղեկավարներին` անընդունելի համարելով նշված որոշման կիրարկումը: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Նշված համայնքների բնակչությունը կարող է իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու նպատակով, օրենսդրությամբ չարգելված բոլոր հնարավոր միջոցներով պայքարել հարցին լուծում տալու համար: Դրա համար օրենսդրական բազան ապահովված է, ուղղակի մեր հասարակության մի մասը շատ հարցերում որոշակի կրավորական դիրքորոշում է ցուցաբերում կամ էլ սխալ ճանապարհով է փորձում հասնել իր շահերի պաշտպանությանը: Կարծում եմ` այդ հարցում շատ կարևոր է հաշվի առնել երկուստեք շահերը եւ մշակել ճիշտ փոխհատուցման մեխանիզմ:

– Վերջին օրերին նոր աղմուկ է բարձրացել Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ: Ի՞նչ վիճակ է ներկայումս տիրում այնտեղ, "Սագամար" ՓԲ ընկերությունը սկսե՞լ է հանքավայրի շահագործումը, թե՞ ոչ:

– Մեր ունեցած տեղեկություններով "Սագամար" ՓԲԸ-ն դեռեւս աշխատանքներ չի սկսել Լիճքվազ-Թեյում:

– Դուք տեղյա՞կ եք, որ Ագարակում, ահա երեք տարի է` հարստացուցիչ ֆաբրիկայի մերձակայքից` պոչուկատարից, թափոնաջրերը լցվում են մերձակա ձորը եւ հոսում Ագարակ քաղաքի միջով:

– Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկատարից թափոնաջրերի արտահոսքին վերաբերող խնդրին տեղյակ ենք: Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի բնապահպանական տեսչության հաղորդման` տեսչությունն իր լիազորությունների շրջանակներում թափոնաջրերի արտահոսքի կապակցությամբ հսկողություն է սահմանել: Արդյունքում` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012 թվականից նախատեսում է ներդնել "շրջանաձեւ" ջրամատակարարման համակարգ, որն այլեւս կբացառի թափոնաջրերի արտահոսքը դեպի Կարճեւան գետ:

– Լիճքվազ-Թեյի առումով քիչ առաջ մենք հիշեցինք "Սագամար" ՓԲԸ-ի մասին: Այդ ՓԲԸ-ի սեփականատեր ռուսական ընկերության մեկ այլ կազմակերպություն` "Մոլիբդենի աշխարհ" ՓԲԸ-ն ստացել էր Սիսիանի շրջանի Դաստակերտի` ժամանակին կոնսերվացված հանքավայրը: Ի՞նչ աշխատանքներ են տարվել-տարվում Դաստակերտում:

– "Մոլիբդենի աշխարհ" ՓԲԸ-ն ունի լիցենզիա, սակայն ներկայումս այդ հանքավայրում արդյունահանման աշխատանք չի իրականացնում:

– Կուզենայինք իմանալ Սվարանցի երկաթի, Սիսիանի Արեւիսի (Մարջանի) բազմամետաղային հանքավայրում կատարված-կատարվող աշխատանքների մասին, քանի որ դրանց շուրջ, կարծեք, վեճեր էին առաջացել: Իբր Սվարանցի հանքավայրի շահագործումը կարող է վնասել տաթեւյան հայտնի ծրագրի ամբողջական իրագործմանը: Իսկ Մարջանի բազմամետաղային հանքավայրում, կարծեք, երկու բաժնետերերը` կանադական "Մարջան մայնինգ" ՍՊԸ-ն եւ ամերիկյան "Գլոբալ գոլդ" ընկերություններն իրար հետ լեզու չեն գտնում…

– Սվարանցի երկաթի հանքավայրի լրահետախուզման աշխատանքներ կատարելու թույլտվություն ունի "Սփայս սթիլ Արմենիա" ՓԲԸ-ն: Բայց թե որքանով այդ հանքավայրի հնարավոր շահագործումը կվնասի տաթեւյան ծրագրին` չեմ կարող ասել: Ստույգ տեղեկություններ չունեմ նաեւ Մարջանի հանքավայրում տարվող աշխատանքների ներկայիս վիճակի մասին:

– Ի՞նչ ճակատագիր ունեցավ Սիսիանի շրջանի Լեռնաշենի (Շենաթաղի) ոսկու հանքավայրը, որի լիցենզիան հայտնի Սիլվա Համբարձումյանի "Թի էյ սի-սի Արմենիա" ընկերությանն էր, որն էլ այդ լիցենզիան վաճառեց հնդիկներին:

– Ներկայումս այդ հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունի "ՌԱԿ միներալզ ընդ մեթալս ինվեսթմենս Արմենիա" ՍՊԸ-ն: Ուրիշ տեղեկությունների չեմ տիրապետում:

– Մի քանի ամիս առաջ մեր խմբագրությանը հայտնի դարձավ, որ Բարձրավանի` խորհրդային շրջանում երեւակված հանքավայրում ինչ-որ մի կազմակերպություն հետախուզական աշխատանքներ է վերսկսել: Բարձրավանի, Հալիձորի, Շինուհայրի գյուղապետերը "Սյունյաց երկրի" հետ զրույցում հայտնեցին, որ տեղյակ չեն աշխատանքներն իրականացնող կազմակերպության մասին: Դուք կարո՞ղ եք լույս սփռել այդ հարցի վրա:

– Այժմ այդ հանքավայրում "Արեկլա լոկալ թրեյդինգ" ՓԲ ընկերությունն իրականացնում է որոնողագնահատողական աշխատանքներ:

– Կապանի մասին: Թիվ մեկ հարցը Կապանում, եւ ոչ միայն բնապահպանական առումով, շարունակում են մնալ Շահումյանի անվան հանքավայրում բաց եղանակով արդյունահանմանն անցնելու հեռանկարը եւ դրա հետեւանքները: Կատակ բան չէ, մոտ 350հա-ի վրա` անմիջապես Կապան քաղաքին կից տարածքում, կատարվում է երկրաբանահետախուզական աշխատանք: Կարո՞ղ եք ասել, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: "Դինո գոլդ մայնինգ քամփնիի" պատասխանատուները տարաբնույթ եւ իրարամերժ պատասխաններ են տալիս այդ խնդրին:

– Մարզի կամ որեւէ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը որեւէ անհանգստություն չպետք է առաջացնի: Լիովին գիտակցում եմ իմ հայրենակիցների մտահոգությունն ու տագնապները: Սակայն երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը դեռեւս չի նշանակում, թե հանքարդյունահանում է իրականացվելու: Կարծում եմ` անհրաժեշտ է ընդհանրապես իմանալ, թե մենք, ի վերջո, ինչ պաշարներ ունենք, սակայն, հավատացնում եմ Ձեզ` եթե մեր հայրենի Կապանին որեւէ վտանգ սպառնա, ապա մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու ուղղությամբ:

–        Մենք մի քանի հարցով առնչվեցինք ընդերքի հետախուզման եւ շահագործման հարցերին: Եվ որպեսզի ընթերցողի մոտ թյուր կարծիք չառաջանա այդ թեմայի շուրջ, ապա կուզենայինք ճշտել` այդ ոլորտում ինչ լիազորություններ ունի մարզպետարանը, ինչ` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

– Իսկապես, Դուք ընդերքի հետախուզման եւ շահագործման խնդիրների հետ կապված բավականին հարցեր տվեցիք: Նախ` ցանկանում եմ նշել, որ ՀՀ տարածքում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես եւ ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով, "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով եւ այլ իրավական ակտերով: Համաձայն օրենսդրության` ուuումնաuիրության եւ հանքարդյունահանման նպատակով ընդերքի oգտագործման արտոնագրի տրամադրման բնագավառի պետական կառավարումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, եւ բնական պաշարների ողջամիտ oգտագործման, ուuումնաuիրման եւ հանքարդյունահանման արդյունավետ իրականացման, հանքավայրերի անվտանգ շահագործման, շրջակա միջավայրի պահպանության ապահովման խնդիրները հենց նախարարությանն են առնչվում: Այդ խնդիրներն իրագործելու համար նախարարությունն ունի բավականին իրավասություններ, որոնց ամբողջական թվարկումը զգալի ժամանակ եւ բավականին ծավալ կպահանջի: Նպատակահարմար եմ համարում միայն նշել, որ այդ իրավասություններից են` հանքային իրավունքների եւ թույլտվությունների տրամադրումը, դրանց իրականացման նկատմամբ վերահuկողությունն ընդերքի oգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը եւ վերահuկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպեu եւ ընդերքի oգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը եւ իր իրավաuության uահմաններում դրանց ընդունումը, հանքահումքային հենքի զարգացման ծրագրերի մշակումը եւ գործադրումը. պայմանագրեր նախապատրաuտելը, պետության անունից դրանց շուրջ բանակցելը եւ լիցենզառուների հետ պայմանագրեր կնքելը, ընդերքի մաuին երկրաբանական եւ այլ տեղեկատվության միաuնական համակարգի uտեղծումը, վարումը, տնoրինումը. ուuումնաuիրված պաշարների եւ ընդերքի մաuին այլ տեղեկատվության պետական փորձաքննության իրականացումը եւ այլն: Ինչ վերաբերում է այդ բնագավառում մարզպետի իրավասություններին, ապա ՀՀ նախագահի գործող հրամանագրի 1.20-րդ կետի "ա" եւ "բ" ենթակետերի դրույթներով մարզպետներն առնչվում են բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառների մասով՝ կապված բնապահպանական խախտումների հայտնաբերման եւ դրանց մասին իրավասու պետական մարմիններին տեղյակ պահելու գործընթացների հետ: Համաձայն ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 30-ի "ՀՀ ընդերքի պահպանության եւ օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին" N1782-Ն որոշման 2-րդ կետի դրույթների, ՀՀ մարզպետները յուրաքանչյուր եռամսյակը մեկ ՀՀ բնապահպանության նախարարություն ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն են ներկայացնում օգտակար հանածոների երեւակումների ուսումնասիրության եւ հանքավայրերի շահագործման նպատակով հողի հատկացման փաստաթղթերի ձեւակերպման մասին ամփոփ տեղեկատվություն:
…

Դեկտեմբեր 08, 2011 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր