

ԷկոԼուր
Հասարակությունը եւ «Fortune Resources» ընկերությունը գործնականում խոսում են տարբեր լեզուներով եւ տարբեր հարթություններում: Սա ցույց տվեց դեկտեմբերի 14-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկումը, որը վարչապետի հանձնարարականով հրավիրել էր նախարար Արամ Հարությունյանը:
Գլխավոր հարցը` «Fortune Resources» ընկերության գործունեությունն է Հրազդանում եւ Աբովյանում, որտեղ անցկացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ երկու երկաթահանքերի պաշարների ճշգրտման առնչությամբ:
Նախագծի ռիսկերը վաղուց են ուսումնասիրվում, եւ նրանք գնահատական են ստացել եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանից դեռ 2008թ., եւ Հայկական տեխնոլոգիական ակադեմիայից`
- խմելու ջրի կորուստ` խմելու ջուրը մատակարարվում է ոչ միայն Հրազդանին, այլեւ Երեւանին, որտեղ ապրում է երկրի բնակչության կեսը
- Հրազդանի աղտոտում փոշով, որը պարունակում է ծանր մետաղներ
- ռազմավարական նշանակության օբյեկտներին` երկաթգծին եւ էլեկտրակայանին մոտ լինելը
- ստորգետնյա աղբյուրների աղտոտում, որը Հիդրոէկոլոգիական մոնիտորինգի կենտրոնի մասնագետների կարծիքով անդառնալի գործընթաց է:
Խնդրի մյուս կողմը իրավաբանական հարցերն են, օրինակ` որքանով է օրինաչափ «Fortune Resources»-ի կարգվիճակը որպես «Նագին» ընկերության իրավահաջորդ հանքավայրի շահագործման հարցում: Կամ ինչպես կարող է բնապահպանության փորձաքննության դրական եզրակացությունը, որը 2008թ. տրվել է «Նագին»-ին, որոշիչ ուժ ունենալ «Fortune Resources» ընկերության համար (ընկերության իրավաբանի պնդման համաձայն):
«Fortune Resources»-ի հայկական նախագծի տնօրեն Ջերի Գորմանի ելույթը ներկաների մեծամասնության շրջանում տարակուսանք առաջացրեց: Ջերի Գորմանը խոսեց ներդրումների եւ դժվարությունների մասին: Հայտարարեց, որ Նագինի նախագծում ներկայացված տվյալները ուռճացված են, եւ որ պետք է վերանայել ամբողջ նախագիծը: Դրա հետ մեկտեղ Գորմանը ռիսկերի մասին շատ մակերեսային խոսեց, գործնականորեն չպատասխանեց ռիսկերի մասին հարցերին` ասելով միայն, որ ընկերությունը ռիսկերը նվազագույնի կհասցնի: Իսկ թե ինչի հաշվին է դա անելու, անհասկանալի մնաց: Որոշ հարցերի «Fortune Resources»-ի ներկայացուցիչը մերժեց պատասխանել: Օրինակ` փաստաթղթերի տրամադրման հարցին, որոնք հաստատում են ընկերության հայտարարությունն այն մասին, որ ընկերության գործունեությանը մասնակցում են երեք հայտնի ֆիրմաներ` SRK Consulting (U.K.), ProMet Engineers (Australia), Sinosteel Group (China): Նրա խոսքերով պայմանգրերը առեւտրային գաղտնիք են:
Ամփոփելով քննարկումը` նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է «Fortune Resources» ընկերության նախագծային փաստաթղթերը նոր փորձաքննություն անցնեն, եւ կազմակերպվեն նոր հասարակական լսումներ:
Ստորեւ ներկայացնումենք ՀՀ բնապահպանության նախարարության մամո հաղորդագրությունը:
ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ սույն թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպվեց Հրազդանի երկաթի հանքավայրի հետ կապված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված մի շարք հարցերի քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհուրդի անդամներ, ԱԺ պատգամավոր, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի մասնագետներ` տնօրենի գլխավորությամբ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև` ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված էին հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ: Հասարակական կազմակերպությունները արտահայտում էին իրենց մտահոգությունը, որ այդ տարածաշրջանում հանքարդյունաբերության առկայությունը կըխոչնդոտի էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայացվեց, որ արդեն իսկ տարածքի բնակչությունը դժգոհում է կատարվող հորատումների առիթով, որոնք իրականացվում են առանց բնակիչների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու:
«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ –ի գլխավոր տնօրեն Ջ. Գորմանը տեղեկացրեց, որ մշակվում է հանքը շահագործելու նոր նախագիծ, ինչը պետք է ներկայացվի բոլոր տեսակի փորձաքննությունների, այդ թվում նաև` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով քննարկումը, հավաստիացրեց, որ երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը կստանա համապատասխան շահագործման նախագիծ, օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը կանցնի փորձաքննություն, որի մասն են կազմում նաև հանրային իրազեկումը, մասնակցության ապահովումը և հասարակական լսումները:
Դեկտեմբեր 15, 2011 at 14:39
