

Սյունաց Երկիր
Մարզի տարածքում ընդերքօգտագործմանը, կառավարման գործող համակարգին ու առաջիկա ընտրություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ է Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը Ռոման Նավասարդյանի հետ, ով 1994-98թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր, 1998-2000 թվականներին` Սյունիքի մարզպետը:
– Պարոն Նավասարդյան, պրոֆեսիոնալ լեռնագործ եք` լեռնային ինժեներ-մեխանիկ: Եվ Լենինգրադի լեռնային ինստիտուտը 1970-ին ավարտելուց հետո մեծամասամբ աշխատել եք հանքարդյունաբերության ոլորտում, չորս տարի գլխավորել եք Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հիմա մարզի հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման ոլորտներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվում հանրության կողմից: Կուզենայինք այդ գործընթացի որոշ դրսեւորումների մասին Ձեր կարծիքն իմանալ: Սկսենք ոչ սովորական մի իրողության քննարկումից` ըստ Սյունիքի մարզպետարանի տեղեկությունների, ներկայումս 30 տնտեսվարող սուբյեկտ մարզի տարածքում ընդերքի հետախուզման-ուսումնասիրման լիցենզիա ունի: Երկու տարի առաջ այդ թիվն ավելի մեծ էր` 59: Այդ ամենը սյունիքյան ընդերքի վրա համընդհանուր գրոհի տպավորություն է թողնում: Արդյո՞ք չափազանցված է մեր մոտեցումը:
– Չեմ կարող Ձեր դիտարկումին հակադրվել: Բայց տեղի ունեցող գործընթացների արդյունքում, որքանով ես եմ տեղյակ, ոչ մի նոր ծննդավայր մարզում չի հայտնաբերվել: Բոլոր այդ հանքավայրերը, որոնց լիցենզիան հիմա բաշխում են կամ իրարից խլում, խորհրդային տարիներին նախնական հետախուզման են ենթարկվել: Դեռ այն ժամանակ գիտեին, թե որտեղ ինչ կա: Չգիտեին միայն, թե որ հանքավայրում ինչքան ռեսուրս կա:
– Իսկ ինչո՞ւ ամենազոր խորհրդային կայսրությունը չէր արդյունահանում այդ ամենը, չէ՞ որ ամեն ինչ Մոսկվայում էր որոշվում, իսկ ԽՍՀՄ կոչվող պետությունը տարիներ շարունակ մոլիբդենի կարիք ուներ, ինչի զգալի մասը ներմուծում էր: Չենք խոսում ոսկու մասին, որի կարիքը միշտ է եղել:
– Շատ կարեւոր էր Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, թեեւ ընդունված է ասել, որ ամեն ինչ Մոսկվայում էր որոշվում: Անշուշտ, կար մտահոգություն վաղվա, գալիք սերունդների համար: Եվ մերոնք հաճախ պատճառներ էին փնտրում վերեւից իջեցված ոչ ազգանպաստ ծրագրերը, առաջադրանքները չկատարելու համար: Հետո, մենք այնքան փոքր ազգ ենք, այնքան քիչ ռեսուրսներ ունենք, որ զարգացման ուղին, նաեւ այն օրերին, ինտենսիվ (եւ ոչ էքստենսիվ) զարգացումն էր: Ո՞ւմ պիտի զարմացնեինք կամ զարմացնենք շատ հանքեր շահագործելով: Այլ խնդիր էր հետապնդվում: Եթե, ասենք, տվյալ հանքավայրում կար 17 միավոր քիմիական տարր, ձգտում էին դրանից առավելագույն թվով տարրեր կորզել եւ ոչ թե նոր հանքավայր արդյունահանել: Մի հանգամանք էլ կար` այն ժամանակ միջազգային շուկայում գները ցածր էին, ներկայումս գները տասնյակ անգամ բարձրացել են: Այսինքն` հանքավայրերի մի մասի արդյունահանումը ոչ էֆեկտիվ էր: Իսկ հիմա… Նայեք ուշադիր` ով կարողացել է` հանքավայրի հետախուզման, շահագործման լիցենզիա է ձեռք բերել: Բայց վերցրել է ոչ թե արդյունահանման, այլ ուրիշին վաճառելու համար: Ավելին` հանքարդյունաբերության ոլորտում հայտնված նոր դեմքերի մեջ պրոֆեսիոնալներ չեմ տեսնում: Այդ ամենը թույլ է տալիս ասել, որ հանքարդյունաբերությունը, ընդերքօգտագործումը ճիշտ չենք կառավարում:
– Իսկ ի՞նչ անել, ի՞նչ ուղղությամբ գնալ:
– Մշտապես պետք է հիշել` ոչ մի ծննդավայր որեւէ տնտեսվարողի սեփականությունը չէ եւ չի կարող լինել: Եթե հանքավայրը շահագործման է տրվում որեւէ տնտեսվարողի, ապա կառավարությունը վերջինիս պետք է իր պայմաններն առաջադրի: Այսօր, մինչդեռ, երբ խոսում ենք այս կամ այն հանքավայրի մասին, ասում են` սեփական է: Բայց հանքավայրն ազգային սեփականություն է, չի կարող մասնավոր սեփականություն լինել: Սեփական կարող են լինել ֆաբրիկան, շենքերը, տեխնիկական միջոցները: Պետությունն էլ, ցավոք, կողք է կանգնել այդ հարցում, որը ճիշտ չէ: Նույնիսկ այսպես կարելի է ասել` պետությունը չի զբաղվում հանքարդյունահանման, ընդերքօգտագործման հարցերով:
– Բայց հանքավայրերն էլ վարձակալության ենք տալիս գրեթե ձրի, որն անսովոր երեւույթ է աշխարհի շատ երկրներում:
– Կա վարձավճար, որ չնչին գումար է: Մինչդեռ այդ վարձավճարի չափը պետք է բխի արդյունահանվող հանքանյութի շուկայական գներից: Այսինքն` հանքավայրի վարձավճարը եւ հանքանյութի շուկայական գները պետք է փոխպայմանավորված լինեն: Շուկայական գներին համահունչ հանքավայրի վարձավճարը պետք է իջնի կամ բարձրանա, իսկ մեզ մոտ…
– Հանքարդյունաբերության ոլորտում տարակույսների տեղիք է տալիս նաեւ հարկային քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հանքարդյունաբերության զարգացումից մարզը ոչ թե շահում է, այլ` տուժում, վնասներ կրում:
– 1990-95թթ. մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները հարկերը փոխանցում էին շրջանային բյուջե, որտեղից` պետական բյուջե: Շրջանային (քաղաքային) բյուջեում մնում էր տվյալ տարածքի հասանելիքը, ինչի օգնությամբ լուծվում էր տեղական խնդիրների զգալի մասը: Բայց երբ 90-ականի կեսից հանքարդյունաբերությունը թափ առավ ու սկսեց շահույթով աշխատել, գործող օրենքը վերանայվեց, եւ հիմնական հարկերը սկսեցին միանգամից փոխանցել պետական բյուջե: Համայնքային բյուջեներին մնացին գույքահարկը, հողի հարկը, որոնք չնչին գումար են կազմում:
– Եվ ի՞նչ է ստացվում. երկրի գունավոր մետաղների մոտ 80 տոկոսն արդյունահանվում է Սյունիքում, բայց մարզը դրանից ոչ մի օգուտ չի ստանում: Չենք խոսում վնասի մասին, որ աննկարագրելի է, որ չի փոխհատուցվում:
– Գույքահարկ, հողի հարկ… սրանցից բացի, կարծում եմ, նոր հարկեր պետք է սահմանել` ի շահ տարածքային (համայնքային) բյուջեների, որպեսզի տարածաշրջանը ոչ միայն դիմանա, այլեւ զարգանա: Լեռնահանքային արդյունաբերությունը բավականին ծախսատար ոլորտ է: Այդ "կթան կովին" (թույլ տվեք այդպես անվանել հանքարդյունաբերությունը) պետք է լավ կերակրել, կթվորին էլ պետք է լավ պահել ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական, ե՛ւ առողջական առումով, որ "կթան կովին" լավ խնամի: Քաջարանի կոմբինատի օրինակը բերեմ` լուրջ քայլեր են արվում մեքենասարքավորումների արդիականացման ուղղությամբ: Դա նշանակում է, որ "կովին" ճիշտ են կերակրում այնտեղ: Բա "կթվորնե՞րը"… Նրանց մասին էլ պետք է մտածել:
Առկա հարցերի մի մասը, անշուշտ, պետք է լուծել տեղական բյուջեի միջոցով: Մեզ մոտ հակառակ սկզբունքն է ներդրվել` բյուջեն կողք ենք դրել եւ ամեն ինչ թողել սեփականատիրոջ, տնօրենի խղճին ու բարոյականությանը, ովքեր էլ այդ ուղղությամբ կատարվող ամենաչնչին ծախսերն անգամ ներկայացնում են իբրեւ բարեգործություն: Ի դեպ, համայնքներն էլ կարող են տեղական հանրաքվեի միջոցով հավելյալ հարկեր մտցնել: Բայց տեղական ինքնակառավարման մարմինները, ըստ էության, պատրաստ չեն նման քաղաքակիրթ քայլերի:
– Վերջին ամիսներին, փաստորեն, օրակարգում է հայտնվել Քաջարան գյուղի լինելիության հարցը` պայմանավորված ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշմամբ, որի համաձայն գյուղի տարածքի որոշակի մասը` հանքարդյունահանման նպատակով, հատկացվել է Քաջարանի կոմբինատին: Ձեր կարծիքը:
– Ես հետեւում եմ Քաջարան գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որ լուսաբանում է նաեւ "Սյունյաց երկիրը": Բայց ես մի փոքր այլ կարծիք ունեմ: Դեռեւս խորհրդային տարիներին կար Մեծ Քաջարան կամ Քաջարանի մեծ ծննդավայր հասկացությունը: Դա իր մեջ ներառում էր նաեւ Քաջարան գյուղը: Այսինքն` ի սկզբանե Քաջարան գյուղի` իր պատմական տեղում մնալը վտանգված է եղել: Եվ ուրեմն` ճիշտ կլիներ 1968-ի երկրաշարժից հետո այդ գյուղը չվերականգնել, գյուղը տեղափոխել (բնակիչների ցանկությամբ) մեկ այլ վայր: Ավելին ասեմ` սխալ էր նաեւ այդ երկրաշարժից հետո Քաջարան քաղաքի վերաշինումը: Քաղաքն էլ պետք էր տեղափոխել այլ վայր, եթե նպատակ ունեինք Քաջարանի մերձակայքն ընդգրկող ամբողջ ծննդավայրը շահագործել: Բայց այն ժամանակ ե՛ւ Քաջարան գյուղի, ե՛ւ Քաջարան քաղաքի բնակիչները դեմ էին նոր բնակավայր հիմնադրելուն եւ տեղափոխվելուն: Եվ վերաշինվեց գյուղը` թեկուզեւ փայտյա տնակների օգնությամբ, վերաշինվեց եւ ներկայիս տեսքը ձեռք բերեց Քաջարան քաղաքը: Այդուհանդերձ` իմ համոզմամբ ե՛ւ Քաջարան գյուղի, ե՛ւ Քաջարան քաղաքի տեղափոխումն օրակարգից հանված չէ: Եվ դա ճիշտ եմ համարում հատկապես այդ բնակավայրերի մարդկանց անվտանգության եւ առողջության առումով: Այո, Քաջարան գյուղը պետք է տեղափոխվի այլ վայր: Այդքան մեծ հանքավայրի կողքին գյուղը չի կարող բնականոն կյանք ունենալ: Գրեթե ամեն օր Քաջարան գյուղում եւ Քաջարան քաղաքում մարդիկ առնչվում են "երկրաշարժի": Գրեթե ամեն օր այդ բնակավայրերի վրա փոշու ամպերն են արշավում: Իհարկե, տեղափոխման համար կան պրոբլեմներ, կան գերեզմաններ, հուշարձաններ, սրբավայրեր: Ուղղակի պետք է տեղափոխման ձեւը գտնել: Ճիշտ կլիներ, որ գյուղացիներն իրենք տեղ առաջարկեին նոր բնակավայրի հիմնադրման համար: Ընդ որում` վիճարկման թեմա չպետք է դարձնել բնակիչների նյութական փոխհատուցման հարցը, մարդիկ պետք է պատշաճ փոխհատուցում ստանան` առկա հարցերը նորմալ լուծելու համար:
– Բա ասում էին (նաեւ Դուք էիք ժամանակին ասում), թե Քաջարանի գործող ծննդավայրում պղնձի եւ մոլիբդենի 200 տարվա պաշար կա:
– Այս դեպքում կարեւոր չէ, թե քանի տարվա պաշար կա այնտեղ: Պարզապես գործող հանքավայրում հնարավոր չէ ներկա տեմպերով աշխատել ու չվնասել Քաջարան քաղաքին, առավել եւս` Քաջարան գյուղին: Կրկնում եմ` այս թեման տասնամյակների պատմություն ունի:
– Ձեր փաստարկները չենք ուզում վիճարկել, այդ առիթով "Սյունյաց երկիրն" իր նկատառումներն ունի, որոնք արտահայտել ենք քանիցս: Բայց կա եւ հակառակ հարցը` արժե՞ այսպես շնչակտուր նախագծային ծավալները` ի սկզբանե սահմանված, Քաջարանի կոմբինատում գերազանցել ու սպառնալիք դարձնել մերձակա գյուղերի բնակչության համար:
– Ներկայիս ծավալներն այդ ձեռնարկությունում խորհրդային տարիներին նախատեսվածն է` տարեկան 12.5 մլն տոննա հանքաքար: Ի դեպ, բազմաթիվ օժանդակ կառույցներ ի սկզբանե շինված էին հենց նման հզորության համար: Մնում էր միայն ֆաբրիկայի վերակառուցումը:
– Իսկ հիմա մարդիկ հպարտությամբ հայտարարում են, թե ձգտում են տարեկան 20 մլն տոննա հանքաքարի արդյունահանման:
- 12.5 մլն տոննա տարեկան արդյունահանման հեռանկարը նույնիսկ այն ժամանակ խելամիտ չեմ համարել: Ես միշտ էլ նորմալ եմ համարել 8.5 մլն տոննա ծավալը: Ի վերջո ուրիշ հարցեր էլ կան` բնապահպանություն, շրջակա միջավայր, օդային ավազան, դատարկ ապարների եւ թափոնների խելամիտ տեղավորում: Եթե ներկայիս ծավալները մեծանան, ապա Արծվանիկի պոչամբարը չի բավականացնի, եւ պետք է նոր պոչամբար կառուցել շրջանում, ինչը եւս մեկ մարտահրավեր կդառնա Կապանի համար: Կամ` 20 մլն տոննա հանքաքար արդյունահանելու դեպքում առնվազն նույնքան էլ դատարկ ապար կառաջանա տարեկան: Որտե՞ղ ենք տեղավորելու այդ ամենը:
– Հիմա` Կապանի կոմբինատի մասին: Մարզկենտրոնի անմիջական հարեւանությամբ` 350 հա-ի վրա ինտենսիվ հետախուզական աշխատանքներ են տարվում: Նկատի ունենք Շահումյանի հանքավայրը: Նպատակը, ինչպես չեն թաքցնում այդ ձեռնարկության պատասխանատուները, բաց արդյունահանմանն անցնելն է: Դա կապանցիներին լրջագույն անհանգստություն է պատճառում: Կուզենայինք Ձեր դիրքորոշումն իմանալ այդ հարցի վերաբերյալ:
– Ասեմ առանց նախաբանի` Շահումյանի հանքավայրում բաց արդյունահանմանն անցնելը կատարյալ հիմարություն է, ավելի ստույգ` բաց արդյունահանմանն անցնելը լրջագույն մարտահրավեր է` ինչպիսի բացատրություններ էլ հորինեն ու մեզ մատուցեն այդ ձեռնարկության տերերը: Միաժամանակ` ես լուրջ կասկածներ ունեմ այդ հանքավայրի բաց արդյունահանման շահավետության հարցում: Իմ կարծիքով այդ հանքավայրի ստորգետնյա շահագործումն ավելի խելամիտ է: Պարզապես ստորգետնյա արդյունահանման դեպքում պետք է այնտեղ որոշակի ծախս կատարվի, ինչից նրանք խույս են տալիս: Ուզում եմ իմանաք` Շահումյանի հանքավայրը Հայաստանի լավագույն մետաղական հանքավայրն է: Եթե, օրինակ, ես մի հանքավայր վերցնելու իրավունք եւ հնարավորություն ունենայի, ապա, առանց երկմտելու, կվերցնեի հենց այդ հանքավայրը: Մի խոսքով` Շահումյանում բաց արդյունահանման անցնելուց առաջ պետք է շատ լավ մտածել: Առանց դրան էլ Կապանը ծանր (եթե ոչ ծանրագույն) բնապահպանական վիճակում է: Չի կարելի թույլ տալ բաց արդյունահանում քաղաքի անմիջական մերձակայքում:
– Իսկ ի՞նչ տեղեկություններ ունեք Կապանի կենտրոնական հանքավայրի կոնսերվացման արդյունքների մասին:
– Դա բավականին լուրջ հարց է, ես ծանոթ չեմ կատարված աշխատանքներին: Բայց Կապանի համայնքային իշխանությունը պետք է այդ հարցը քննության, ուսումնասիրության առարկա դարձնի: Այդ ամբողջ տարածքը պետք է բերվեր անվտանգ վիճակի: Չգիտեմ, կատարե՞լ են անհրաժեշտ աշխատանքները, թե՞ ոչ: Կրկնում եմ` դա պետք է ուսումնասիրել: Մյուս կողմից` այդ հանքավայրում հիմնական պաշարները սպառված են: Մնացյալն արդյունահանելու համար լուրջ ծախսեր են ենթադրվում: Եթե նման ծախսեր չեն արել ու տեղափոխվել են առավել եկամտաբեր հանքավայր, ապա պետք է բարի լինել եւ Կենտրոնական հանքավայրի կոնսերվացումը պատշաճ ձեւով կատարել:
– Հավանաբար տեղյակ եք, որ Լեռնաձորում էլ ուրանի որոնողական աշխատանքներն են վերսկսվել:
– Տեղյակ եմ, բայց չգիտեմ` կհաստատվի՞ անհրաժեշտ պաշարների առկայությունը, թե՞ ոչ: Իսկ եթե հաստատվի ու ձեռնարկվի արդյունահանումը, ապա դա կլինի ծանրագույն հարված Կապանին ու ամբողջ շրջանին: Ուղղակի պետք է հետեւել որոնողական աշխատանքների ընթացքին:
– Գիտե՞ք ինչն է տարօրինակ, ինչն է անհասկանալի շարքային մարդկանց համար: Կրկնում ենք` գունավոր մետաղների 80 տոկոսը Հայաստանում արդյունահանվում է Սյունիքում, բայց Սյունիքում բնակչությունը դրանից չի շահում եւ միայն վնասներ է կրում:
– Մենք արդեն նշեցինք, որ միայն հողի հարկով ու գույքահարկով համայնքների կյանքին մասնակցելն անհեթեթություն է: Բայց կա եւս մեկ ուրիշ պրոբլեմ, ինչի մասին քանիցս ասել եմ: Կառավարման մարզպետական ձեւը` ներկայիս տեսքով, ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ ձեւական է: Եթե մարզը բյուջե չունի, էլ ի՞նչ մարզպետարան, էլ ինչպե՞ս կարող է այդ կառույցը մասնակցել տարածաշրջանի իրական կառավարմանը: Ինքներդ դատեցեք` որեւէ օրենքի որ կետով մարզպետարանները տնտեսական ոլորտին առնչվելու իրավունք չունեն: Իսկ եթե տարածքային կառավարման մարմինը տնտեսությունից մեկուսացված է, ապա ինչպես կարող է ռեալ մասնակցություն ունենալ մարզի կյանքին: Սյունիքի պարագայում կառավարման ներկայիս համակարգի սնանկությունն ավելի քան ակնհայտ է: Տեսեք` մարզն արտադրում է երկրի գունավոր մետաղների մեծագույն մասը, որը, ի վերջո, արտահանվում է: Մարզը Հայաստանում խոշորն է հացարտադրությամբ, կաթի եւ մսի արտադրությամբ: Մարզն ամենախոշորն է անտառային ռեսուրսներով եւ փայտի արտահանմամբ: Մարզն ամենախոշորն է հիդրոէներգետիկայի ռեսուրսներով եւ արտադրում է հիդրոէլեկտրաէներգիայի մոտ 50 տոկոսը: Մարզն ամենամեծ ջրային ռեսուրսներն ունի: Մարզն ամենալուրջ խաչմերուկն է հաղորդակցության ուղիների առումով: Մարզն ամենառազմավարական տարածքն է հանրապետությունում: Եվ ամեն ինչ ունեցող ու իր կարեւորությամբ առանձնահատուկ տեղ զբաղեցնող Սյունիքում բնակչության կենսամակարդակն ամենացածրն է Հայաստանում: Ո՞վ կարող է վերծանել այդ հանելուկը: Ու այդ գործընթացներին, ըստ գործող օրենքների, խառնվելու, միջամտելու իրավունք չունի մարզպետարանը: Եվ կառավարման նման անհեթեթ համակարգի արդյունքում է նաեւ, որ մարզի գյուղերը հոգեվարք են ապրում, որ բնակչության զգալի մասը բռնել է արտագաղթի կամ արտագնա աշխատանքի ճամփան:
– Երեւի դրա համար եք 2000թ. կամովին հրաժարվել Սյունիքի մարզպետի պաշտոնից:
– Նաեւ դրա համար: Կառավարումը, հարկահավաքությունը պետք է այնպես կառուցել, որ տարածքների համար նույնպես շահեկան լինի, այլապես մենք կկորցնենք եւ կորցնում ենք գյուղեր, այլապես դպրոցներ կփակվեն եւ փակվում են: Գրեթե ամեն ինչ ունեցող Սյունիքի պարագայում չպետք է հաշտվել բնակչության կենսամակարդակի նման վիճակի հետ:
– Դուք շարունակո՞ւմ եք մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ:
– Այո:
– Պատրաստվո՞ւմ եք կրկին առաջադրվել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու:
– Իմ մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց կարող եմ հավաստել, որ առաջիկա բոլոր ընտրական գործընթացներին Հայ ազգային կոնգրեսը մասնակցություն է ունենալու: Դա նաեւ իմ կարծիքն է:
– Հիմա բոլորը շեշտում են առաջիկա ընտրություններն առավել արդար անցկացնելու իրենց մտադրության, վճռականության մասին: Ի՞նչ եք կարծում` մեզ կհաջողվի՞ անցկացնել առավել նորմալ ընտրություններ:
– Ոչ թե ԿԸՀ-ն, այլ պետության ամենաբարձր ղեկավարությունը, պետական ամբողջ համակարգը պետք է լինի արդար ընտրությունների երաշխավորը: Պիտի հնարավորություն ստեղծել, որ ամեն մի մարդ կարողանա իր կարծիքն ազատորեն արտահայտել: Վերջին 10-20 տարում մենք չկարողացանք նորմալ ընտրություններ անցկացնել: Բայց դրանում ես միայն պետությանն ու իշխանություններին չեմ մեղադրում: Մեր ժողովուրդը, թույլ տվեք ասել, արժանի է այս վիճակին: Եվ, չգիտեմ ինչու, մենք բոլորին քննադատում ենք, բայց ժողովրդին, որ ստեղծված կացության գլխավոր մեղավորն է, չենք քննադատում:
– 2000 թվականից Դուք, կարելի է ասել, գործազուրկ եք, թեեւ որոշ ժամանակ մասնավոր գործերով եք զբաղվել: Պաշտոնաթողության ժամանակ 53 տարեկան էիք: Այդ ժամանակ եւ դրանից հետո Ձեզ աշխատանք առաջարկվե՞լ է:
– Ուղիղ իմաստով ես գործազուրկ չեմ եղել, մասնավոր ծրագիր եմ իրականացրել, Դուք տեղյակ եք: Բայց նաեւ աշխատանք են առաջարկել պետական այրերը: Պարզապես ես չեմ համաձայնել: Խաղի գործող կանոնների պարագայում, այս համակարգում չեմ կարող պետական պաշտոն վարել:
– Շնորհակալություն հարցազրույցի համար:
Դեկտեմբեր 22, 2011 at 16:59
