

ԷկոԼուր
Փետրվարի 22-ին «ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
«2011թ. հունիսի վերջին «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը` խնդրելով տեղեկացնել, թե ինչ միջոցառումներ է իրականացնում նախարարությունը` պարզելու մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները, որոնք առաջացել են Լոռու եւ Սյունիքի էկոլոգիապես աղտոտված գոտիներում: Որպես հարցման հիմնավորում «ԷկոԼուր»-ը նախարարությանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի` Քաջարանում, Կապանում, Ալավերդիում, Ախթալայում եւ նրանց շրջակա համայնքներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդ արդյունքների` Լոռիում եւ Սյունիքում հողերը, հետեւաբար եւ գյուղմթերքն աղտոտված են ծանր եւ տոքսիկ մետաղներով, ինչը կարող է առաջացնել քաղցկեղ, բացասական ազդեցություն ունենալ մարդու ժառանգականության վրա, ազդել նաև մարդու վերարտադրողականության ֆունկցիաների վրա: Ծանր մետաղներն արդեն հայտնաբերված են երեխաների օրգանիզմում: 12 երեխաների մազերում հայտնաբերվել է սնդիկ եւ մկնդեղ:
ՀՀ առողջապահության նախարարությունը «ԷկոԼուր»-ին իր պատասխան նամակով 2011թ. հուլիսին տեղեկացրեց, որ «անցկացնում է օդի, ջրի, հողի եւ բուսականության աղտոտվածության հետազոտություններ, ինչպես նաեւ բնակչության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության ուսումնասիրություններ»: ՀՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ ողջ հետազոտությունն անցկացվում է պետպատվերով` առանց հատուկ ծրագրերի: «Ձեր հարցերին մենք կպատասխանենք գրավոր, երբ հետազոտությունների արդյունքներն ունենանք»,- պատասխանեց Ա. Պետիկյանը:
Արդեն անցել է 7 ամիս, բայց առողջապահության նախարարությունից ոչ մի պատասխան չենք ստացել:
Խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն, թե այդ ուսումնասիրությունների համար պետական բյուջեից հատկացված գումարի չափը, պետպատվերի շրջանակներում նախատեսված աշխատանքային պլանը:
Խնդրում ենք տեղեկացնել, թե ինչ փուլում են նախարարության հետազոտությունները, որ համայնքներն են արդեն իսկ ուսումնասիրված եւ ինչ արդյունքներ են ստացվել»,- գրված է հարցման մեջ:
Փետրվար 23, 2012 at 11:34
