«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդություն` «Գեոթիմը» ապատեղեկատվություն է տարածել

«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդություն` «Գեոթիմը» ապատեղեկատվություն է տարածել

«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդություն

«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդությունը  տեղեկացնում է, որ  «Գեոթիմ» ընկերությունը «Մեդիամաքս»  լրատվական ծառայությունով տարածել է ապատեղեկատվություն. ««Մեր «անանուն» լինելու փաստը բացատրվում է նրանով, որ «Գեոթիմ» ՓԲԸ պաշտոնապես չի հրավիրվել մասնակցելու այդ քննարկմանը: Մարտի 9-ի (որն, ի դեպ, աշխատանքային օր չէր) ընկերության աշխատակիցներից մեկին  է զանգահարել նախաձեռնողների ներկայացուցիչը` բանավոր առաջարկելով մասնակցել քննարկմանը: Մի կողմ թողնենք այն փաստը, որ նման «հրավերը» չի կարելի պատշաճ անվանել: Առավել հետաքրքրականն այն է, որ մեր աշխատակցին զանգահարելուց  ժամեր առաջ քննարկման կազմակերպիչներն արդեն իսկ ԶԼՄ-ներին ուղարկել էին այն լուսաբանելու առաջարկն ու օրակարգը, որտեղ նշվում էր, թե ժամը 14:00-ին հանդես է գալու «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչը»:

«Ջերմուկի զարգացման կենտրոնի» երիտասարդության անունից տեղեկացնում ենք, որ մենք կապվել ենք հեռախոսով Արամ Պարունակյանի հետ և խնդրել նրանից իրենց էլեկտրոնային հասցեն, որով կարող ենք կապվել «Գեոթիմի» ներկայացուցիչների հետ: Պարոն Պարունակյանը տվել է անհասկանալի մի էլեկտրոնային հասցե՝  [email protected]` նշելով, որ նպատակահարմար չի գտնում  ուղարկել «Գեոթիմ» ընկերությանը, քանի որ ոչ աշխատանքային օր է, և նրանք հրավերը չեն ստանա: Նշված էլ. հասցեին  ուղղարկելով մասնակցության հրավերը՝  կապ ենք հաստատել Պարունակյանի հետ և,  ստանալով   «Գեոթիմի»` համագումարին մասնակցության մասին տեղեկատվություն, ուղարկել ենք  մամլո հաղորդագրություն ԶԼՄ-ներին:

Նշենք նաև ևս մեկ  փաստ՝ օրակարգում և, առհասարակ, տարածված հաղորդագրության մեջ մենք նշել էինք «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչ,  ինչպես նաև «Գեոթիմի» ներկայացուցիչ, քանի որ վերոնշյալ կազմակերպությունները չէին տեղեկացրել, թե ովքեր են իրենց զեկուցողները: «Ջերմուկ գրուպի» ներկայացուցիչը  հարկ էր համարել ներկայանալ համաժողովին, ավելին՝ պատրաստել էր իր ելույթը, իսկ «Գեոթիմը», որը հայտարարում է, թե միշտ պատրաստ է հանդիպել հասարակության հետ, ամեն կերպ խուսափում է մասնագիտական քննարկումներից  և հարցադրումներից: Այնուամենայնիվ, մենք հույս ենք հայտնում, որ համագումարում  հնչեցված մտահոգություններին կտրվեն ադեկվատ պատասխաններ:

Գեոդեզիստ. Գեոթիմի «անհեթեթությունը»

Aysor.am

Մարտի 13-ին Ջերմուկում ընթացող «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովի շրջանակներում խոսեց նաև գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանը:

Մասնագետը նշեց, որ 80-ականներին Ամուլսարի լեռնաշղթայում հետախուզա-երկրաբանական աշխատանքներ են իրականացվել, որը ղեկավարել է Ալեքսանդր Աղասյանը: Խումբը հայտնաբերել է թե’ ոսկի, թե’ ուրան, սակայն մասնագետները եկել են այն եզրակացության, որ հանքավայրը հնարավոր չէ շահագործել, քանի որ կա ուրանի հանքավայր, որին դիպչելու դեպքում կվտանգվի ՀՀ տարածքի 80 տոկոսը:

«Ամուլսարի շահագործումը ոչ մի օգուտ չի բերի հայ ժողովրդին, բացի մեծ վնասներից»,- ընդգծց գեոդեզիստը:

Նա նաև նշեց, որ անցած տարի «Գեոթիմ» ընկերությունը հայտարարել էր, որ ընկերությունը Ամուլսարում ոսկի է հայտնաբերել, սակայն գեոդեզիստն այդ հայտարարություններն անհեթեթ է համարում, քանի որ ոսկու հանքը հայտնաբերվել է դեռևս 80-ականներին հայկական հետախուզա-երկրբանական խմբի կողմից:

Ջերմուկի քաղաքապետ. «Մենք արդեն ոսկի ունենք»

Aysor.am

Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց «Ամուլսար ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» թեմայով համաժողով, որին մասնակցում էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, գործարարներ, գեոդեզիստներ, բժիշկներ, բնապահպաններ:

Համաժողովին ներկա չէին Ամուլսարի ոսկու հանքի շահագործող «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները. պատճառաբանել էին, որ «պաշտոնական հրավեր չէր եղել»:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ դիմել են «Գեոթիմ» ընկերությանը` փորձելով ճշտել, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա հանքի շահագործումը Ջերմուկ քաղաքի վրա, սակայն նրանք չեն կարողացել ապացուցել, որ Ամուլսարը որևիցե ազդեցություն չի ունենա. «Այլ բանավոր ասում են, որ նոր տեխնոլոգիաներ են օգտագործելու և հանքի շահագործումը ազդեցություն չի ունենա առողջարանային քաղաքի վրա ու վերջ»:

«Մեր ժողովրդի մտահոգությունն է և ամբողջ համայնքի հետ է կապված, անհագստացնող է համայնքի ժողովրդի առողջության և Ջերմուկ բրենդ առողջարանային քաղաքի վիճակը»,- ընդգծեց Ջերմուկի քաղաքապետը:

Քաղաքապետը նաև նշեց, որ Ջերմուկի ջրի մեջ ավելի առողջարար տարրեր կան, քան շատ ու շատ համանման ջրերի: Նա նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ Ջերմուկում կային գործարաններ, որոնք հանվեցին, քանի որ կար առողջարանային քաղաքի պահպանման խնդիրը, սակայն այսօր հայտնվել են ընկերություններ, որոնք վտանգում են քաղաքը:

«Այս խնդիրը մտահոգություն է համայնքի ժողովրդի համար»,- շեշտեց Վարդան Հովհաննիսյանը և նշեց, որ այս ամենը ազդում է նաև հանգստացողների վրա, ընդհանուր մթնոլորտ է ձևավորվում և մարդիկ արդեն կարող են հարց տալ` Ինչո՞ւ գնանք Ջերմուկ:

«Մեզ ուրիշ ոսկի պետք չի, մենք արդեն ունենք ոսկի, դա Ջերմուկի ջուրն է»,- ամփոփեց Վարդան Հովհաննիսյանը:

Իրավաբան. Ամուլսարի հաշվով մեր կառավարության հետ պետք է խոսենք

Գոհար Ստեփանյան, Aysor.am

Ջերմուկում ընթացող «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը: Նա նշեց, որ ուսումնասիրել է Ջերմուկից 10-13 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքի հետախուզական աշխատանքներով զբաղված «Լիդան ինթենեյշնլի» և  դուստր կազմակերպություն ներկայացող «Գեոթիմ» ընկերությունների կայքերը և շատ անհամաձայնություններ է գտել:

Նրա խոսքերով` նշվում է, որ «Լիդիան ինթենեյշնլի» կայքում գրված է, որ կազմակերպությունը ստեղծվել է 2005 թ-ին, «ունի շատ հարուստ փորձ հանքավայրերի հետախուզման գործում», թե ինչպե՞ս` իրավաբանի մոտ զարմանք է հարուցում:

Ն. Վարդանյանը նաև հաղորդեց, որ կազմակերպության կայքում նշվում է, որ ունեն 277 մլն դոլար կապիտալ: Նման կարողություն ունեցող կազմակերպության կայքի առաջին էջում տեղադրված է «Դեյլի թելեգրաֆի» մի հոդված, հենց այս փաստն էլ, ըստ նրա, խոսում է այն մասին, որ սա «լուրջ կազմակեևպություն չէ»:

Վարդանյանը նաև յութուբով լսել է «Լիդիան ինթեռնեշնլի» գլխավոր տնօրեն Թիմ Քուգլինի հարցազարույցը, որտեղ տնօրենը հստակ ասում է, որ «Մենք խորհրդատվական կազմակերպություն ենք, որը ստեղծվել է 2005 թ-ին, և առնչություն չունենք հանքարդյունաբերության հետ»:

«Տնօրենի ասածը ու իրենց կայքում տեղադրվածը հակասում են իրար, չգիտես ում հավատաս. իրենք խորհրդատվակա՞ն են, թե` հանքարդյունահանող, և ի՞նչ տեխնոլոգիաներ ունեն, որ մեզ զարմացնում են»,- ասաց Նազելի Վարդանյանը;

Նա նաև նշեց, որ ՀՀ օրենսդրության մեջ ընդհանրապես դուստր կազմակերպություն տերմին գոյություն չունի, Լիդիան ինթենեյշնլը ՍՊԸ է, Գեոթիմը Հայաստանում գրանցված նույն տարում 2005 թ-ին ՓԲԸ է և նրա հավաստմամբ, տեխնիկապես էլ ՍՊԸ-ն չէր կարող ՓԲԸ-ի հիմնադիր լինել;

Ն. Վարդանյանը նաև հաղորդեց, որ 2006-ին «Գեոթիմը» ստացել է Բնապահպանության նախարարության հետախուզման լիցենզիա,  «երկու կազմակերպություններն էլ ուրիշ այլ ծրագիր չունեն աշխարհում, միայն Ամուլսարն է»:

Նրանք ստացել են նաև ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարության լիցենզիան և ստորագրել աշխատանքների իրականացման համաձայնագիր: Բանախոսը ենթադրում է, որ «սա կա'մ ֆինանսական աֆերա է, կա'մ սրա հետևում կանգնած են հայ գործարարներ կա'մ հայ իշխանավորներ»:

Ընկերության գրանցման հետ էլ անհասկանալի իրավիճակ է: «Հայաստանի անտառների» ղեկավարը պնդում է` տեղեկություն ունի, որ այն գրացված է Անգլիայի օֆշորային գոտում գտնվող կղզիներից մեկում:

«Նման անհասկանալի ձևով ստեղծված կազմակերպության հետ նույնիսկ մեզ պատիվ չի բերում նստել և խոսել, մենք պետք է խոսենք մեր կառավարության հետ, թե ինչո՞ւ ամեն անգամ այսպիսի լիցենզիաներ տալիս այսպիսի անհայտ կազմակերպությունների»,- ամփոփեց Նազելի Վարդանյանը:

Ամուլսարի ուրանին դիպչելու դեպքում կվտանգվի Հայաստանի 80%-ը, ահազանգում է մասնագետը

www.epress.am

Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում: Այս կարծիքը հնչել է այսօր Ջերմուկ քաղաքում կայացած հասարակական քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակեպությունը:

Գեոդեզիստ Ռոմիկ Աբրահամյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Ամուլսարում երկրաբանական հետազոտությունների արդյունքներին, որոնք փաստել են, որ լեռնաշղթայում կա ուրանի մեծ պաշար, ինչը հանքը շահագործողները տարիներ շարունակ հերքում են:

Մասնագետը նշել է նաև, որ ուրանի հանքավայրին դիպչելու դեպքում կվտանգվի Հայաստանի տարածքի 80%:

Քննարկմանը մասնակից, բնապահպան Ապրես Զոհրաբյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկման հանդեպ Ջերմուկում մեծ հետաքրքրություն է եղել:

«Որոշումը ընդունվել է 2005թ., սակայն հիմա հասարակությունն ավելի լավատեղյակ է խնդրից, դրա լրջությունից, ու տրամադրված է դրան լուծում տալ: Հիմա հասարակությունը ավելի էկոզգայուն է», – ասել է Ապրես Զոհրաբյանը:

Նշենք, որ կազմակեպրիչները պնդում են, որ հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը նույնպես հրավիրվել է միջոցառմանը, սակայն ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ ընկերության ներկայացուցիչը հանդիպմանը չի մասնակցելու, քանի որ «չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձևակերպված հրավեր», բացի դա, ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին:

Քննարկմանը ներկա չի եղել նաև Բնապահպանության նախարարության որևէ ներկայացուցիչ: Պետական գերատեսչություններից հանդիմանը ներկա է եղել միայն Ջերմուկի քաղաքապետը, ով հանքի շահագործման մասին բացասական կարծիք է հայտնել:

Մարտ 14, 2012 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր