Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին

Հայկական տեխնոլոգիական ակադեմիա

Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիա

Մեծարգո պարոն նախագահ,

Էկոլոգիական վիճակը հանրապետությունում շարունակում է սրընթաց վատանալ:

Չնայած ընդունված օրենքներին և որոշումներին` խոշոր կորպորացիաները հանքօգտագործման բնագավառում շարունակում են անխնա կյանքի կոչել  ՀՀ-ի ազգաբնակչության նկատմամբ հանցագործ  պլաններ: Չկատարելով գործող օրենքների և բնապահպանական նորմերի պահանջները հատել են խոցելիության սահմանը, իրենց գործողությունների արդյունքում  թողնելով  ծանր մետաղներով և այլ վնասակար քիմիական տարրերով հարուստ ամբողջական տարածաշրջաններ: Դրա հետևանքով` այդ և հարակից շրջանների գյուղատնտեսական արտադրանքների, ջրի և օդի պարունակության մեջ նկատելիորեն ավելացել են ծանր   մետաղների ու քիմիական   թունավոր  նյութերի քանակը:   Որպես  արդյունք` խորացող սոցիալական շերտավորումը ավելի է ծանրացնում ՀՀ ազգաբնակչության սոցիալական վիճակը, աղքատության անդադար աճը: Անընդհատ ավելանում են քաղցկեղածին և այլ քրոնիկ հիվանդությունների քանակը ազգաբնակչության շրջանում: Չնայած մեր երկրում բացվում են նոր հանքեր, և ըստ մեր պետական այրերի, հանքարդյունաբերությունը պետք է բարելավի մեր ժողովրդի վիճակը, բայց հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ոչ միայն անտեսանելի են տրված վնասների համեմատ, այլև`անհատուցելի:

Պարոն նախագահ, խնդրում ենք լիարժեքորեն օգտագործել սահմանադրորեն Ձեզ ամրագրված իշխանական լծակները, որպեսզի կարգուկանոն հաստատվի լեռնահանքահումքային արտադրություններում: Հայաստանի գերակա շահերը պարտադրում են ոչ թե համայնքներից ու բնակչությունից գերակա շահի անվան տակ խլել նրանց պատկանող հողերը, այլ:

Առաջին` ավելացնել պետական բաժնեմասերը Հայաստանի ընդերքի շահագործման ասպարեզում` ներկայիս 5%-ից հասցնելով մինչև 25% և ավելի, ինչպես ընդունված է համաշխարհային պրակտիկայում:

Երկրորդ` քայլեր ձեռնարկել պարզելու հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների բաշխվածությունը մեր երկրում:

Երրորդ` թույլատրել օգտագործել հանրապետության տարածքում միայն առաջավոր, բնապահպանական տեսանկյունից մաքուր տեխնոլոգիաներ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված` ստեղծել արգելված տեխնոլոգիաների ցուցակ: Կարծում ենք` հանրապետությոնում առկա է մեծ գիտական ներուժ  նոր և մաքուր տեխնոլոգիաների մշակման համար:

Չորրորդ` չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների արտոնագրերը, որոնք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները: Մեզ զարմանք է պատճառում պարոն նախագահ, թե ի՞նչով է զբաղված Ձեր անմիջական հսկողությամբ գործող  Սևանի հանձնաժողովը, եթե «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը խախտելով «Սևանի մասին» ՀՀ օրենքը Սոթքում կառուցել է ըստ էության Արարատի հարստացնող կոմբինատի մի արտադրամաս, որը ջարդում և մաղում է հանքաքարը, վերցնում են իրենց անհրաժեշտ ոսկով և արծաթով հարուստ հանքաքարը և թափոնները կուտակում Սոթքի տարածքում: Թափոնների առկայությունը կարող եք տեսնել տեղում: Այդ թափոնները հարուստ են ծանր մետաղներով, որոնք անձրևաջրերի և հոսքային ջրերի միջոցով անարգել լցվելու են և լցվում են Սևանա լիճ: (Ծանր մետաղների ցանկը կարող ենք Ձեզ տրամադրել):  Օրենքի ամբողջ խստությամբ մեղադրանքներ ներկայացնել պատասխանատու պաշտոնյաներին /անկախ դիրքից և զբաղեցրած պաշտոնից/, որոնք իրենց անձնական շահի համար և կոռուպցիոն եղանակներով աչք են փակում այդ բոլոր ապօրինությունների հանդեպ: Փոխել նրանց, ովքեր իրենց գրպանի շահերը վեր են դասում հանրապետության շահերից, փոփոխել ղեկավարման այն թիմերը, որոնք չեն կարողանում պաշտպանել իրենց երկրի շահերը խոշորագույն միջազգային կորպորացիաների հետ աշխատելիս: Այս կետի հետ կապված, խնդրում ենք պետական մակարդակով գոնե տարին մեկ անգամ այդ կորպորացիաների գործունեության արդյունքների անկախ փորձաքննություն և աուդիտ անցկացնել, որպեսզի վերացվեն հանրապետության բնապահպանության վատթարացմանը նպաստող գործոնները:

Հինգերորդ` արգելել ՀՀ քաղաքների և համայնքների վարչական տարածքներում ինչպես նաև բնապահպանական կարևորագույն արգելոցների շրջակայքերում  նոր լեռնահանքահումքային գործունեության իրականացում: Որպես օրինակ, նշենք ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և չինական ներդրումներով մետալուրգիական կոմբիանատի կառուցումը Հրազդան քաղաքում, Քաջարան գյուղի և նրա հարակից գյուղերի համայնքային հողերի բռնագրավումը “գերակա շահ” համարված անհեթեթ ձևակերպման անվան տակ,  Թեղուտի անտառների ոչընչացումը և Նոյեմբերյանի ենթաշրջանի սարերի ալպիական գերազանց արոտավայր մարգագետիններով և անտառներով հարուստ ու հարակից գյուղերը սնող ջրահավաք ավազանների արդեն իսկ ռիսկային գոտու վերածվելու և այլ նմանատիպ տեղերի բռնազավթումը, որը կարող է ունենալ և արդեն իսկ ունի բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի էկոհամակարգի վրա: Չէ՞, որ Հրազդան գետի ջրհավաք ավազանում, մասնավորապես նրա ակունքում, բխում են աղբյուրներ  որոնք սնում են Երևան քաղաքի խմելու բարձորակ ջրի մատակարարումը (Յոթնաղբյուր և Ղրբուլաղ): Արտադրության պրոցեսում այդ աղբյուրները կաղտոտվեն քիմիական տարրերի էլեմենտներով, այդ թվում` ծանր մետաղներով, իսկ դա անխուսափելի է արտադրության պրոցեսում առաջացող պոչամբարների առկայությամբ:

Խնդրում ենք Ձեզ ՀՀ տնտեսությունը ուղղորդել իննովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը`  առավելություններ տալով Հայաստանում այնպիսի ճյուղերի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են էլեկտրոնիկայի, մեքենաշինության, վերականգնվող էներգետիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, գյուղմթերքների վերամշակման, բժշկության, ակտիվ երկարակեցության, տուրիզմի, նանոտեխնոլոգիաների զարգացմանը, որոնք ի վերուստ ավելի հոգեհարազատ և հասկանալի  են մեր ազգի հոգեկերտվածքին:  Դա կնպաստի ավելի արդյունավետ օգտագործել այն հսկայական գիտական ներուժը, որը դեռևս առկա է մեր հանրապետությունում, բայց որը սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով արագորեն նվազում է և միգրացվում այլ երկրներ : Բոլոր առումներով այս ուղղությունների զարգացումը շատ ավելի շահավետ է և քիչ ներդրումներ է պահանջում, քան հանքահումքային ուղղությունների զարգացումը: Հայաստանը շատ փոքր հողային և շատ խիտ բնակչություն ունեցող երկիր է, և վերոհիշյալ նպատակների զարգացումը, ինչպես ասում են, ինքնին բնատուր է  մեր ժողովրդին. չէինք ցանկանա հետամնաց երկրների նման դառնալ խոշորագույն միջազգային կորպորացիաների լեռնահումքային կցորդ: Մեր հանրապետության բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ հանքահումքային գործունեությունը միանշանակորեն շատ արագ ազդում է օդային և մանավանդ ջրային ռեսուրսների աղտոտմանը և ոչնչացմանը: Լեռնահանքահումքային արտադրությունները վերջնականապես կավերեն մեր ժողովրդի գենոֆոնդը,  իսկ մենք պարտական ենք մեզնից հետո եկող սերունդների համար թողնել լավ և մաքուր երկիր, այլ ոչ թե պոչամբարների և թափոնների պահեստարաններ: Եվ արդյո՞ք կարելի է հայրենի երկիրը մաս-մաս վաճառել մասնավոր սեփականատերերի, որոնց միակ նպատակը միայն գերշահույթ ստանալն է:

Հույս ունենանք, որ պետական օրենքի ընդունման մակարդակով կարգելվի բոլոր տեսակի նոր լեռնամետալուրգիական հանքավայրերի շահագործումը, իսկ արդեն գոյություն ունեցողները կանցնեն խստագույն բնապահպանական նորմերի կատարմանը:

Եթե այսօր չկարողանանք կատարել այս աշխատանքները, ապա վաղն արդեն ուշ կլինի և նույնիսկ ապրելու տեղ չենք ունենա:

14.03.2012 թ.   

Մարտ 19, 2012 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր