

ԷկոԼուր
«GeoProMining Gold» ընկերությունը ռիսկեր պարունակող եւ վտանգավորության աստիճան ունեցող օբյեկտների մասին տեղեկատվությունը թաքցնում է: Դրա հետ մեկտեղ ընկերությունը ճնշում է գործադրում հասարակության եւ մամուլի վրա, որոնք փորձում են այդ ռիսկերի աստիճանը պարզել: Սույն թվականի ապրիլի 5-ին «ԷկոԼուր»-ի աշխատակիցները նկարահանումներ էին իրականացնում Արարատ քաղաքում եւ նրա շրջակայքում: Առկա էկոլոգիական ռիսկերի եւ մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա Արարատում գործող ձեռնարկությունների ազդեցության վերաբերյալ մի շարք հարցազրույցներ անցկացվեցին: Երկու հոգի աշխատում էին քաղաքում, երկուսն էլ` Արարատի շրջակայքում, որտեղ գտնվում է «GeoProMining Gold» ընկերությանը պատկանող ցիանային պոչամբարը: Նկարահանումների ընթացքում նրանց մոտեցավ ընկերության աշխատակիցը եւ ասաց, որ նրանք գտնվում են ընկերության տարածքում, եւ եթե թույտվություն չունեն, ապա պետք է հեռանան: Չնայած նրան, որ ընկերության տարածքը սահմանագծված չէ, «ԷկոԼուր»-ի աշխատակիցները համաձայնվեցին հեռանալ: Սակայն անվտանգության աշխատակիցները նրանց բաց չթողեցին եւ ոստիկանություն կանչեցին: «Դուք մտել եք մեր տարածք: Դա ռազմավարական նշանակության օբյեկտ է, պատասխան եք տալու»,- ասաց անվտանգության բաժնի պետը:
Ոստիկանությունը պարզեց, որ «ԷկոԼուր»-ի աշխատակիցները հանցագործություն չեն կատարել: Բայց հարց է մնում, թե ինչու են ցիանային պոչամբարը անվանում ռազմավարական նշանակության օբյեկտ, ինչու լրագրողներին թույլ չեն տալիս նկարահանել այդ օբյեկտը: Իրականում, ցիանային պոչամբարը ոչ թե ռազմավարական նշանակության օբյեկտ է, այլ ծայրաստիճան վտանգավոր: Փաստացիորեն, այն մեծ հոր է, որի հատակը իզոլացված չէ, եւ որտեղ լցվում են Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի թունավոր թափոնները, որոնք պարունակում են ցիանիդ եւ մեծ քանակությամբ մետաղներ եւ տոքսիկ տարրեր: Նման վայրը հատուկ ուշադրություն է պահանջում, այն պետք է ցանկապատված լինի: Բայց, իրականում, նման ոչ մի բան չկա` ոչ սահանանների նշում, ոչ նախազգուշացնող նշան այն մասին, որ այստեղ գտնվելը վտանգավոր է: Մուտքը դեպի պոչամբար բաց է: Զարմանալի չէ, որ օրվա ընթացում հսկիչները նկատեցին նկարահանող խմբին, որն աշխատում էր պոչամբարի հարեւանությամբ կամ նրա տարածքի մոտ (մենք այդպես էլ չպարզեցինք, թե որտեղով են անցնում ընկերության սեփականության սահմանները, քանի որ սահմաննների նշմամբ որեւէ քարտեզ չներկայացվեց): Բայց հեշտ է պատկերացնել, որ աննկատ ցիանային պոչերին կարող է մոտենալ արածող կենդանի, կամ երեխա, եւ ով ասես կարող է թունավորվել, կարող է պարզապես ընկնել պոչերի մեջ եւ մահանալ` վտանգների մասին պատշաճ տեղեկատվություն չունենալով: Մենք չենք բացառում, որ ցիանային պոչամբարի անվտանգության ապահովման միջոցառումների բացակայությունը եւ եւ այդ ամենը նկարահանող լրագրողների ներկայությունն էլ հենց դարձել է ընկերության մտահոգության պատճառը:
Մենք «GeoProMining Gold» ընկերությանն առաջարկում ենք չզբաղվել անիմաստ ճնշում գործադրելով հասարակության նկատմամբ, որն իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի, եւ շտապ միջոցառումներ ձեռնարկել տարածքը ցանկապատելու, նախազգուշացնող ցուցանակների ու նշանների տեղադրման ուղղությամբ, այսինքն անել այն ամենը, ինչը պահանջում է էկոլոգիական անվտանգությունը:
Ապրիլ 07, 2012 at 14:24
