

ԷկոԼուր
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջում է արգելել Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման իրականացումը մինչեւ փորձաքննական եզրակացության համապատասխան պայմանների ապահովումը: Նախաձեռնության` նախարարին ուղղված նամակում նշված է, որ հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումները կազմակերպվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ, ինչպես նաեւ հանքավայրի շահագործման վերաբերյալ ազդակիր համայնքների որոշումները ներկայացնող փաստաթղթերի բացակայությամբ: Ազդակիր համայնքները լսումների մասին չեն տեղեկացվել: Նախագծով ազդակիր համայնք է համարվել նաեւ Հրազդանը, որը հանքավայրից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ առողջարանային Ծաղկաձորը, որը հանքավայրից հեռու է ընդամենը 10 կմ, չի համարվել ազդակիր համայնք:
Նախաձեռնությունը Բնապահպանության նախարարին առաջարկում է կազմակերպել նոր հանրային լսումներ եւ դրանք անցկացնել ազդակիր բոլոր համայնքներում:
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 30-ին Հրազդան քաղաքում նախատեսված հասարակական լսումները ձախողվեցին, քանի որ Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը շահագործել ցանկացող «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարները չէին ներկայացել քննարկմանը:
Հունիս 06, 2012 at 18:18
