

ԷկոԼուր-«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
ՀՀ բնապահպանության նախարարություն շարունակում են ուղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը, մասնավորապես, պետք է դիտարկի հասարակայնության առաջարկությունները: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը` ի դեմս ակտիվիստ Լևոն Գալստյանի, ՀՀ բնապահպանության նախարարին է ուղարկել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի» ծրագրի վերաբերյալ նախաձեռնության դիտողությունները և առաջարկությունները: Նախաձեռնության նամակում նշված է.
«1. Հաշվի առնելով «Ջերմուկ» բրենդի նշանակությունը Հայաստանի համար և նկատի ունենալով, որ Ջերմուկ քաղաքը գտնվում է հանքավայրից ուղիղ գծով 12 կմ հեռավորության վրա, տվյալ նախագծի հաստատման սկզբնական փուլում Ջերմուկ քաղաքը պետք է դիտվեր ազդակիր համայնք, որտեղ պետք է անցկացվեր հանրային լսումներ, որն անհասկանալի պատճառներով չի կատարվել, և, բնականաբար, շահագրգիռ հանրությունը ժամանակին համապատասխան տեղեկատվություն չի ստացել ու որոշումներ կայացնելուն չի մասնակցել, ինչը հանգեցրել է Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտման:
2. Ս.թ. ապրիլի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հանրային լսումներ, որի ժամանակ Դուք նշեցիք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն մոտ 5 անգամ գերազանցել է լիցենզիայով իրեն տրված տարածքներում հետազոտություն անցկացնելու սահմանները: Այս կապակցությամբ, ակնկալում ենք ստանալ Ձեր պարզաբանումը, թե ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվել ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
3. Հանրությունն այս պահին տեղեկացված չէ Սովետական շրջանում Ամուլսարի շրջակայքում կատարված երկրաբանա-հետախուզական աշխատանքների արդյունքների մասին, որոնք մեր տվյալներով արվել են մասնավորապես ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով:
4. Ուսումնասիրելով «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած և մեզ հասանելի փաստաթղթերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կատարվող և կատարվելիք աշխատանքները ոչ մի ազդեցություն չեն գործում շրջակա միջավայրի վրա, կամ էլ այնքան փոքր է այդ ազդեցությունը, որ նորագույն տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է դրանք բացառել: Մեր կարծիքով այդ փաստաթղթերում որևէ խոսք չկա նաև շրջակա միջավայրին հասցվող վնասների և սպասվող օգուտների տնտեսական գնահատման մասին:
5. Հանքավայրի շահագործման 15 տարիների ընթացքում առաջանալու է 92,2 մլն խոր. մետր ծավալով լցակույտ, որը գրավելու է 161 հա տարածք, որի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ակնհայտ է, բայց չգիտես թե ինչու նախագծում այս մասը բաց է:
6. Ըստ նախագծի` կույտային տարալվացման հարթակը գտնվելու է Որոտան գետից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա և ունենալու է 1,474,400 քառ. մետր մակերես, 72 մ բարձրություն և 89 մլն խոր. մետր ծավալ: Հաշվի առնելով, որ տարալվացումը կատարվելու է նատրիումի ցիանիդով, ապա չափազանց վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ ցանկացած արտահոսքերը դեպի Սպանդարյանի ջրամբար, որոնք կարող են առաջանալ ինչպես բնական, այնպես էլ տեխնածին աղետների հետեւանքներով: Դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ նաև Սևանա լճի համար, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության խմելու ջրի պաշարի վրա: Այս մասին նույնպես ոչ մի խոսք չկա նախագծում, ինչպես նաև չկան լցակույտի տարալվացման հարթակի համար օգտագործվող տարածքների ինժիներա-երկրաբանական, տեկտոնական և սեյսմիկ հետազոտությունների արդյունքները:
7. Իրականացվելու է 33 230 պայթեցում և արտանետվելու է տարեկան 337 տոննա փոշի, որոնք ըստ նախագծի նույնպես էական բացասական ազդեցություն չեն ունենալու: Ավելին, պայթեցումների ազդեցությունը Ջերմուկի հանքային ջրերի և այլ ստորերկրյա ջրային աղբյուրների վրա լուրջ ուսումնասիրված և գնահատված չէ, որի մասին վկայում է տեխնիկական հուշագրում նշված այն փաստը, որ ուսումնասիրող ընկերությունը չունի տվյալներ Ջերմուկի ջրային աղբյուրների վերաբերյալ և գտել ու ուսումնասիրել է այլ տարածքներում խորքային հորերի վրա պայթեցումների ցնցումների ազդեցության բազմաթիվ հետազոտություններ: Մեր կարծիքով այդ համեմատությունը արժանահավատ չի կարող համարվել:
8. Տարածքի ջրաերկրաբանական ուսումնասիրությունները կատարվել են 2011թ. սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 20-ը, որը չորային ժամանակաշրջան է և չի կարող արտահայտել ստորերկրյա ջրերի մակարդակի և հոսքի իրական պատկերը: Իրական պատկերը պարզ կլիներ այն դեպքում, եթե ուսումնասիրվեր նաև մարտ-հունիս ընկած ամենախոնավ ժամանակահատվածը, երբ ձևավորվում է մակերևութային և ստորերկրյա հոսքի գերակշիռ մասը:
Գտնում ենք, որ առկա են նաև կենսաբազմազանության հետ կապված խնդիրներ, սակայն դրանց չենք անդրադառնում, քանի որ տվյալ ոլորտի մասնագետները վերը նշված լսումների ժամանակ արդեն ներկայացրել են իրենց միանշանակ բացասական գնահատականները:
Ելնելով վերոշարադրյալից` նշում ենք նաև, որ այս նախագծի հետ կապված մեր և հանրության շրջանում բացասական կարծիք է ձևավորվել հանգստյան և առողջարանային գոտի համարվող Ջերմուկի շրջակայքը այլ նպատակներով օգտագործելու վերաբերյալ: Եթե հանքավայրը շահագործվի, ապա երկարաժամկետ կտրվածքով շատ ավելի մեծ վնաս կհասցվի Հայաստանին և բնակչությանը, քան շահագործումից ստացվող կարճատև տնտեսական օգուտն է»:
Հունիս 07, 2012 at 18:50
